Էրդողանը փորձում է խմբագրել 44-օրյային Թուրքիայի մասնակցության պատասխանատվությունը. Ո՞վ է մեղադրական մեսիջի հիմնական հասցեատերը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը թյուրքական աշխարհի տեսլականին նվիրված հավաքին հայտարարել է՝ 44-օրյա պատերազմի ժամանակ առանձին շրջանակներ, օգտագործելով Անկարայի թշնամիների հռետորաբանությունը, «Թուրքիային մեղադրում էին Ադրբեջանին աջակցելու համար, տարածելով չափազանցված լուրեր, թե Թուրքիան զենք է մատակարարում Ադրբեջանին, ջիհադիստական խմբավորումներ է ուղարկում»:

«Այսինքն, այդ ուժերը նույն սխալը գործեցին Ղարաբաղի «ազատագրման» (չակերտները.- Մ.Պ.) համար պայքարի օրերին, ինչպես Բորալթանի կամրջի վրա տեղի ունեցած ողբերգության ժամանակաշրջանում։

Այդ ժամանակվա իշխանությունները շատ լավ գիտեին, թե ինչ է սպասվում ադրբեջանցիներին Բորալթանի կամուրջը հատելուց հետո, բայց չնայած դրան, արտահանձնման վերաբերյալ որոշում կայացրեցին, ինչը ստվեր գցեց Թուրքիայի իշխանությունների վրա»,– շարունակել է Էրդողանը` հիշեցնելով, թե ինչպես են խորհրդային իշխանությունները գնդակահարել մի խումբ ադրբեջանցիների, որոնք ապաստան էին խնդրել Թուրքիայից։

Նշենք, որ մեկ այլ առիթով Էրդողանն ասել էր, որ 44-օրյա ղարաբաղյան պատերազմը Թուրքիայի վրայից ջնջեց Բորալթանի ողբերգության ամոթալի բիծը։

Կարդացեք նաև

«Ադրբեջանին աջակցության շնորհիվ՝ թուրք ժողովուրդն ազատվեց Բորալթանի ողբերգության բծից։ Մենք չենք կարող մեզ թույլ տալ նման դեպքերի կրկնություն»,- շեշտել է Թուրքիայի նախագահը, ով ընդունել էր նաև, որ «մտել են Ղարաբաղ»:

Հիմա Էրդողանը հանկարծ չափազանցություն է որակում Թուրքիայի կողմից Ադրբեջանին զենքի օգնությունը, ինչպես նաև՝ վարձկանների «գործուղումն» Ադրբեջան 44-օրյա պատերազմի օրերին, այն դեպքում, երբ մասնավորապես, թուրքական «Բայրաքթարները» գովազդվեցին ղարաբաղյան պատերազմի արդյունքների համատեքստում, դեռ չենք նշում F-16 կործանիչների կիրառման մասին:

168.am-ը 2020 թվականի պատերազմից հետո փաստարկված վերլուծություններ է ներկայացրել Թուրքիայի ուղիղ մասնակցության մասին 44-օրյային՝ թուրք գեներալների Ադրբեջանի գլխավոր շտաբի կառավարումից մինչև թուրքական հետախուզության գործունեություն և թուրք զինվորների անմիջական մասնակցություն մարտերին: Այս ամենը, ըստ էության, Թուրքիայի ղեկավարը չի հերքում:

Ինչ վերաբերում է վարձկաններ ուղարկելուն, ապա որքան էլ թուրքական կողմը սա հերքի, կան հստակ փաստեր, որի մասին պատերազմի օրերին խոսել է և՛ Նիկոլ Փաշինյանը՝ ասելով՝  «Մերձավոր Արևելքից ներմուծված ահաբեկիչները կռվում են Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի հովանավորության ներքո», և՛ ՌԴ արտաքին հետախուզական ծառայությունը՝ նշելով. «Ղարաբաղյան հակամարտության գոտի են տեղափոխվել Մերձավոր Արևելքում կռվող «Ջեբհաթ ան Նուսրա», «Ֆիրքաթ ալ Համզա», «Սուլթան Մուրադ» միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկաններ»:

Հիշեցնենք նաև, որ 44-օրյա պատերազմի օրերին հայկական զինված ուժերի կողմից գերեվարվել էին սիրիացի վարձկաններ, որոնք հարցաքննությունների ժամանակ խոստովանել էին, որ Արցախում կռվելու համար իրենց Թուրքիան է վարձել և խոստացել վճարել 2000 դոլար:

Այն, որ Էրդողանի պնդումներն անհիմն են, կարելի է փաստերի շարքը համալրել: Բայց տվյալ դեպքում հարցն այն է՝ ո՞վ է մեղադրական մեսիջի հիմնական հասցեատերը՝ Ռուսաստա՞նը, որի հրթիռային հարվածները չեն շրջանցում թուրքական նավերը, թե՞ Հայաստանը, ում հետ փորձում է կարգավորել հարաբերությունները, և որի ղեկավարությունը վաղուց մոռացել է թուրքական ուղիղ մասնակցությունը 44-օրյա պատերազմին և ընդունում է նրա միջնորդական առաքելությունը Ադրբեջան-Հայաստան խաղաղության բանակցություններում:

Իսկ Թուրքիան և Ադրբեջան բավարար չհամարելով Շուշիի հռչակագիրը, 2025 թվականի հուլիսին ստորագրել էին «Փոխադարձ ռազմական անվտանգության ամրապնդման» փոխըմբռնման հուշագիր, որն այսօր առաջին ընթերցմամբ ընդունվել է Ադրբեջանի խորհրդարանում:

Փաստաթղթի համաձայն՝ «մասնակից կողմերը պարտավորվում են միմյանց փոխադարձ օգնություն ցուցաբերել նրանցից մեկի դեմ զինված ագրեսիայի դեպքում՝ անհատական և հավաքական ինքնապաշտպանության իրավունքի իրացման համար, որը ճանաչված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով»։

Հուշագիրը ընդգրկում է բացառապես ռազմական համագործակցության և ռազմական անվտանգության հարցեր և նախատեսում է փոխադարձ օգնություն պաշտպանական ոլորտում, ուսուցում, մատակարարում և կողմերի համատեղ օպերատիվ կարողությունների բարձրացում։ Բնականաբար, այստեղ չի անտեսվել թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների անհրաժեշտության հարցը:

Բացի այս, փաստաթուղթը ներառում է ռազմական ոլորտում տեղեկատվության փոխանակում և ռազմական հետախուզության բնագավառում համագործակցություն:

Այսինքն, նրանք կարող են միմյանց հետ կիսվել ռազմական անվտանգության վերաբերյալ ստացված տեղեկություններով (գաղտնի, հույժ գաղտնի, հատուկ կարևորության) և օգտագործել այդ տվյալները համատեղ գործողությունների ժամանակ։

Ի դեպ, հուշագրում կարող են փոփոխություններ և լրացումներ կատարվել ցանկացած ժամանակ՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

Այսինքն, Հայաստանի հետ խաղաղության բանակցություններ վարող Ադրբեջանը և Թուրքիան իրենց ռազմական և ռազմավարական հարաբերությունները շարունակում են ամրապնդել, դրան դե յուրե լեգիտիմություն հաղորդել:

Ի դեպ, ավելի ուշ Էրդողանը հայտարարել է, որ Հայաստանը և Ադրբեջանն, առավել քան երբևէ, մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը: Ավելին, Թուրքիայի նախագահը նշել է, որ այս գործընթացին զուգահեռ՝ առաջ է մղվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը:

«Հաջորդ տարվա սկզբից կձեռնարկենք մի քանի խորհրդանշական քայլ այդ ուղղությամբ»,- խոստացել է Թուրքիայի ղեկավարը:

Կարո՞ղ ենք խոստացվածը համարել նախընտրական նվեր Նիկոլ Փաշինյանին, ցույց կտա ժամանակը, թեպետ այսօր էլ կարող ենք որոշակի ենթադրություններ անել:

Տեսանյութեր

Լրահոս