Վերաքննիչը մերժել է 44-օրյա պատերազմին Ադրբեջանի կողմից մասնակցող սիրիացի վարձկանների՝ արդարացման պահանջով ներկայացրած միջնորդությունը

2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում Ադրբեջանը, սեփական զինված ուժերից բացի, լայնորեն կիրառեց Թուրքիայի աջակցությամբ Արցախ և Ադրբեջան տեղափոխված վարձկանների։ Դրա մասին մի շարք հրապարակումներ և տեսանյութեր եղան միջազգային լրատվամիջոցներում:

Չնայած Թուրքիայի և Ադրբեջանի իշխանությունների շարունակական ժխտումներին, համացանցում՝ նախևառաջ սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերը վկայում են սիրիացի վարձկանների ներկայությունն Ադրբեջանում։

2020 թվականի հոկտեմբերի 31-ին ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները գերեվարել էին սիրիացի վարձկան Մեհրեդ Մուհամմադ Ալշխերին, որը նախաքննության ընթացքում պատմել էր, որ Թուրքիան իրենց խոստացել էր վճարել 2000 դոլար՝ Արցախ տեղափոխվելու և հայերի դեմ կռվելու համար։

Նույն թվականի նոյեմբերին ՊԲ-ն գերեվարել էր սիրիացի երկրորդ վարձկանին՝ Սիրիայի Իդլիբ նահանգի Ջեսրալ Շուուր շրջանի Զիյադիյա գյուղի բնակիչ Յուսուֆ Ալաաբեթ ալ Հաջին։ Նա նույնպես խոստովանել էր, որ Թուրքիան իրենց խոստացել է 2000 դոլար՝ հայերի դեմ կռվելու համար, և 100 դոլար պարգևավճար՝ «մեկ հայի գլուխ կտրելու» համար։

Կարդացեք նաև

Գերեվարված երկու սիրիացի ահաբեկիչներն էլ կալանավորվել էին և 2021 թվականի մայիսին դատապարտվել ցմահ ազատազրկման։

Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Արցախ տեղափոխված սիրիացի վարձկանների մասին տեղեկություններ էր հրապարակել, օրինակ, հեղինակավոր BBC-ն: Սիրիացի որոշ վարձկաններ լրատվամիջոցին էլ պատմել էին, թե ինչպես են իրենց օգտագործել՝ որպես «թնդանոթի միս»: Վարձկանները նշել էին, որ իրենց գումար են առաջարկել առաջնագծում կռվելու համար:

«Մեզ ասացին, որ մեր առաքելությունն է լինելու, որպես ժամապահ՝ լինել Ադրբեջանի սահմանին: Այդ աշխատանքի համար մեզ առաջարկեցին ամսական 2 հազար դոլար: Համաձայնեցինք, սակայն, երբ ժամանեցինք Ադրբեջան, հաջորդ օրը մեզ միանգամից տեղափոխեցին առաջնագիծ։ Առաջնագծում եղել ենք մոտ 30 հոգով, երբ 50 մետր քայլելուց հետո մեր կողքին հրթիռ է ընկել: Մահն ամենուր էր, մեզ օգտագործում էին՝ որպես «թնդանոթի միս», իսկ ապրելու հավանականությունն ընդամենը 1% էր»,- ասել էր սիրիացի մի վարձկան:

Սիրիացի վարձկաններին անդրադարձել էր նաև հեղինակավոր The Guardian պարբերականը՝ գրելով, որ Թուրքիան Ադրբեջանում տեղակայման համար https://168.am/2020/10/01/1377058.html պատրաստում է սիրիացի վարձկաններին։

44 օրյա պատերազմին սիրիացիների մասնակցության մասին տվյալներ էր հրապարակել նաև France 24-ը հեռուստաընկերությունը:

Այս տարի մարտին էլ, ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր Սիրիայի ընդդիմության աղբյուրը, Թուրքիան Արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած սիրիացի վարձկաններ է ուղարկել Ուկրաինայում ռազմական գործողություններին մասնակցելու համար։

Ի՞նչ ընթացքում է Հայաստանում կալանավորված Արցախյան պատերազմի մասնակից սիրիացի վարձկանների նկատմամբ հարուցված քրեական գործը, որը դեռ մեկ տարի առաջ ուղարկվել էր դատարան: Արդյո՞ք նրանք այս պահին Հայաստանում են, և նրանց չեն արտահանձնել։

168.am-ի հետ զրույցում Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը նշեց, որ վարձկանների արտահանձնում տեղի չի ունեցել։

«Հաստատապես կարող եմ ասել, որ վարձկանների արտահանձնում տեղի չի ունեցել, այդ վարձկանները Հայաստանում են։

ՀՀ գլխավոր դատախազությունն է դատարանում հանրային մեղադրանքը պաշտպանում։ Հայտնի է, որ արդեն կա դատավճիռ, որով այդ երկու անձն էլ դատապարտվել են ցմահ ազատազրկման, սակայն դատավճռի բողոքարկման և այդ պահի ընթացքի վերաբերյալ կարող է մեկնաբանություն տալ Գլխավոր դատախազությունը»,- նշեց Ռաֆայել Վարդանյանը։

168.am-ի հետ զրույցում Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանն ասաց, որ սիրիացիներն արդարացման պահանջով միջնորդություն էին ներկայացրել, որը մերժել է Վերաքննիչը դատարանը։

«Դիմել են Վճռաբեկ, սակայն դեռևս տեղյակ չենք՝ միջնորդությունը վարույթ ընդունվե՞լ է, թե՞ ոչ, դեռևս տեղեկատվություն չկա»,- եզրափակեց Արևիկ Խաչատրյանը։

Նշենք, որ պատերազմից 2 տարի անց էլ Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են հերքել, որ իրենք սիրիացի վարձկաններ են տեղափոխել, որոնք կռվել են Արցախում։ Առ այսօր երկու պետություններն էլ որևէ պատասխանատվություն չեն ստանձնել, իսկ միջազգային բազմաթիվ կառույցներ էլ աչք են փակում վարձկանների մասին հրապարակված խոսուն փաստերի վրա և որևէ կերպ դրանց չեն արձագանքել։

Տեսանյութեր

Լրահոս