ԵՄ-ի «վերադարձը» Երևան-Բաքու գործընթաց. Բրյուսելը փորձում է վերականգնել ազդեցությունը հայ-ադրբեջանական գործընթացում

Ադրբեջանում օրերս հանդիպեցին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հանդիպման ժամանակ քննարկվել են ադրբեջանա-եվրոպական համագործակցության հիմնական հարցերը, երկկողմ գործընկերության զարգացման հեռանկարները, տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերը։

Տեղեկատվություն է տրամադրվել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովման, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման և վստահության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված քայլերի վերաբերյալ։

Շեշտվել է այս տարվա օգոստոսին Բիշքեկում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ընթացքում տեղի ունեցած քննարկումների կարևորությունը՝ տարածաշրջանային խաղաղության օրակարգի առաջխաղացման համար։ Գրոնոն առաջարկել է Բաքվին աջակցություն մի շարք հարցերում, այդ թվում՝ ականազերծման գործընթացում։ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն մասնակցում է նաև Ադրբեջանում հավատարմագրված դիվանագիտական ​​կորպուսի այցին օկուպացված Արցախի Հանրապետություն։

Կարդացեք նաև

Մագդալենա Գրոնոյի այցը Բաքու և նրա նախատեսվող այցը Երևան պետք է դիտարկել ոչ միայն որպես հերթական դիվանագիտական շփում, այլև որպես Հարավային Կովկասում Եվրամիության քաղաքական դերակատարությունը վերականգնելու փորձ։

Վաշինգտոնի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև սկիզբ առած գործընթացը, որը շարունակվում է արդեն շուրջ մեկուկես և ավելի տարի, որոշակիորեն ստվերել է այն դիրքը, որը նախկինում զբաղեցնում էր Բրյուսելը։ Այժմ ԵՄ-ն փորձում է վերադառնալ գործընթացի առանցքային դերակատարների շարքին։

Սակայն Բրյուսելի հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ միայն Երևան-Բաքու կարգավորման գործընթացին մասնակցությամբ չի սահմանափակվում, այդ մասնակցությունը միայն ճանապարհ է՝ շարժվելու ԵՄ-ի մնացած շահերի իրացման ուղղությամբ։ ԵՄ-ի համար Ադրբեջանը կարևոր գործընկեր է էներգետիկ անվտանգության տեսանկյունից․ Եվրոպան շահագրգռված է ադրբեջանական գազի մատակարարումների ընդլայնմամբ, վերականգնվող էներգետիկայի զարգացմամբ և էներգետիկ ենթակառուցվածքների զարգացմամբ։

Միաժամանակ աճում է Բաքվի նշանակությունը Միջին միջանցքի և Եվրոպան Կասպից ծովի ու Կենտրոնական Ասիայի հետ կապող տրանսպորտային ու առևտրային երթուղիների համատեքստում։ Ուստի ԵՄ-ն ցանկանում է նաև Բաքվի հետ վստահելի հարաբերություններ ձևավորել։

ԵՄ-ի համար առանցքային է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացումը՝ տրանսպորտային, էներգետիկ և թվային կապերի միջոցով։ Բրյուսելը վերջին շրջանում մեծացնում է ներդրումների և Global Gateway-ի շրջանակում իրականացվող ծրագրերի ծավալը՝ փորձելով Հարավային Կովկասը դիտարկել՝ որպես Եվրոպան Ասիայի հետ կապող ռազմավարական հանգույց։

Այս համատեքստում Ադրբեջանի հետ հարաբերությունների բարելավումը դառնում է ԵՄ-ի առաջնահերթություններից մեկը։ Բրյուսելը փորձում է համատեղել քաղաքական տարաձայնությունները և սեփական ռազմավարական շահերը՝ խորացնելով համագործակցությունն էներգետիկայի, ներդրումների, կապուղիների և անվտանգության ոլորտներում։ Իսկ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը ԵՄ-ի համար կարևոր է նաև այն պատճառով, որ կայուն տարածաշրջանը մեծացնում է այդ տնտեսական և ենթակառուցվածքային նախագծերի իրագործելիությունը։

Այսպիսով, Գրոնոյի այցը կարող է դիտարկվել որպես ԵՄ-ի վերադարձի ազդանշան։ Եթե ԱՄՆ-ը փորձում է պահպանել խաղաղության գործընթացի քաղաքական կենտրոնական դերը, ապա Բրյուսելը սեփական ազդեցությունը փորձում է  կառուցել ավելի լայն հարթության վրա՝ խաղաղություն, փոխկապակցվածություն, էներգետիկ անվտանգություն և տնտեսական ներկայություն։

Միևնույն ժամանակ, Բրյուսելի համար կարևոր է, որ տարածաշրջանում ձևավորվող նոր իրավիճակում իր դերակատարությունը չսահմանափակվի արդեն ձեռք բերված պայմանավորվածությունների քաղաքական աջակցությամբ։ Վաշինգտոնի ակտիվ ներգրավվածությունից հետո ԵՄ-ն կանգնած է ազդեցության պահպանման խնդրի առաջ։

Եթե խաղաղության գործընթացի քաղաքական նախաձեռնությունը հիմնականում ամերիկյան հարթակում է, ապա Բրյուսելը ստիպված է իր ներկայությունը հիմնավորել այն գործիքներով, որոնցում ունի առավել մեծ ներուժ՝ տնտեսական ինտեգրում, ենթակառուցվածքներ, սահմանային կայունություն և փոխկապակցվածության նախագծեր։

Այս իմաստով ԵՄ-ի համար Հայաստան–Ադրբեջան խաղաղությունը ոչ միայն արտաքին քաղաքական նպատակ է, այլև այն միջավայրը, որի պայմաններում կարող են իրագործվել տարածաշրջանի նկատմամբ եվրոպական երկարաժամկետ ծրագրերը։

Այստեղ Հայաստանի գործոնը ևս առանցքային է։ Բրյուսելի համար Երևանը կարևոր է ոչ միայն՝ որպես ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնող գործընկեր, այլև՝ որպես տարածաշրջանային հաղորդակցությունների հնարավոր հանգույց և իր արտաքին քաղաքականությունը դեպի ԵՄ կողմնորոշող երկիր։

ԵՄ-ի, այսպես կոչված, վերադարձը Հարավային Կովկաս չի նշանակում նախկին միջնորդական մոդելի պարզ վերականգնում։ Փոխվում է հենց մրցակցության և ազդեցության միջավայրը․ ԱՄՆ-ը փորձում է ամրապնդել իր քաղաքական դերը խաղաղության գործընթացում, իսկ ԵՄ-ն՝ իր տնտեսական, ենթակառուցվածքային և երկարաժամկետ ռազմավարական ներկայությունը։ Ուստի առաջիկա փուլում Բրյուսելի իրական ազդեցությունը որոշվելու է ոչ այնքան հայտարարությունների, որքան կոնկրետ ծրագրերի և դրանց քաղաքական պայմանների միջոցով։

Իսկ Հայաստանի համար գլխավոր հարցը և հրամայականը շարունակում է մնալ հետևյալը՝ Երևանը պետք է  կարողանա  մրցակցող շահերի պայմաններում դառնալ ոչ թե  արտաքին կենտրոնների տարածաշրջանային օրակարգերի հետևորդ, այլ դրանց ձևավորման մասնակից՝ օգտագործելով բոլոր կենտրոնների աճող հետաքրքրությունը սեփական անվտանգային և տնտեսական դիրքերն ամրապնդելու համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930