Անատոլիայի ձեռքբերումից մինչև, այսպես կոչված, «Իրական Հայաստան»․ Ինչպե՞ս են Թուրքիայի ու Հայաստանի իշխանությունները վարվում պատմության հետ

Ռուս քաղաքական վերլուծաբան, կովկասագետ Սերգեյ Մարկեդոնովն ուշագրավ վերլուծություն է հրապարակել Թուրքիայում Մանազկերտի ճակատամարտի պետական փառաբանման քաղաքականության ու Հայաստանի կառավարության կողմից առաջ մղվող «Իրական և պատմական Հայաստանի» հայեցակարգերի հակադրության մասին։

«Անատոլիայի ձեռքբերումը. Անցյալի հիշողությունը և արդի քաղաքականությունը» վերտառությամբ վերլուծությունում Մարկեդոնով տելեգրամյան իր ալիքում գրում է, որ հայտնի ռուս պատմաբան, հիշողության քաղաքականության (мнемоническая политика) մասնագետ Վիկտոր Շնիրելմանն իր աշխատություններից մեկում հարց է տվել, թե ինչու է «հեռավոր անցյալի կերպարը» քաղաքական գործիչներին թվում «այդքան գրավիչ, և ինչու է դրանց երբեմն հաջողվում մարդկանց վրա ավելի ուժեղ հուզական ազդեցություն ունենալ, քան մոտ անցյալի առասպելներին»:

«Թուրքիայում օգոստոսի վերջին շաբաթվա սկզբին մեծաշուք տոնակատարություններ են։ Նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ժամանել է Խլաթ (Բիթլիսի նահանգ)՝ մասնակցելու Մանազկերտի հաղթանակի 955-ամյակին նվիրված հանդիսություններին։ Թուրքական հանրապետության ղեկավարն այցելել է հին սելջուկյան գերեզմանոց, մասնակցել պաշտոնական արարողությանը և հանդես եկել տոնական ճառով։

Ի՞նչ է փնտրում (և գտնում) ժամանակակից պետության ղեկավարը միջնադարյան պատմության մեջ։ Սկզբում ներկայացնենք 955 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների կարճ շրջագիծը։ 1071 թվականի օգոստոսի 25-26-ին թյուրք-սելջուկների զորքերը՝ Ալփ-Արսլանի գլխավորությամբ (մոտ 1030-1072 կամ 1073 թթ.), բախվեցին բյուզանդական բանակի հետ՝ կայսր Ռոմանոս IV Դիոգենի գլխավորությամբ (1030-1072 թթ.)։ Ճակատամարտը ավարտվեց ոչ միայն բյուզանդացիների պարտությամբ, այլև նրանց կայսրի գերեվարությամբ։

Կարդացեք նաև

Ի դեպ, այս ճակատամարտի նշանակությունը զգալիորեն ավելի կարևոր էր, քան «հռոմեացիների բասիլևսների և ավտոկրատների» մեկ անձի ճակատագիրը։ Հետագա տասնամյակներում Փոքր Ասիայի զգալի մասը (մինչ այդ Բյուզանդիայի համար բնակչության, հարկերի և զինվորների հիմնական աղբյուրը) անցավ թյուրքական կառավարիչների իշխանության տակ։

Մանազկերտից կարճ ժամանակ անց առաջացավ Ռումի սուլթանությունը, իսկ Բյուզանդիան այլևս երբեք ամբողջությամբ չվերականգնեց նախկին վերահսկողությունը ներքին Անատոլիայի նկատմամբ։ Սկսվեց «Երկրորդ Հռոմի» անկման և քայքայման երկարատև ժամանակաշրջանը։

«Հռոմեացիների» պարտության հետևանքներից մեկը եղավ կայսր Ալեքսիոս I Կոմնենոսի (1056/1057-1118 թթ.) դիմումը Արևմտյան Եվրոպային՝ ռազմական օգնության խնդրանքով։ Սա իր հերթին դարձավ այն գործոններից մեկը, որը հանգեցրեց «Տիրոջ գերեզմանի» համար պայքարին, այսինքն՝ Խաչակրաց արշավանքների դարաշրջանին։ Հենց այն ժամանակ նկատվեցին Կոստանդնուպոլսի 1204 և 1453 թվականների երկու ապագա անկումների շողերը»,- գրում է Մարկեդոնովը։

Ըստ նրա, այսօրվա պաշտոնական թուրքական պատմագրության մեջ սելջուկների 1071 թվականի հաղթանակը ներկայացվում է որպես այն պահը, երբ թյուրքերի առջև «բացվեցին Անատոլիայի դռները»։ «Իր այսօրվա ուղերձում Էրդողանը հենց այդպես էլ ձևակերպել է ճակատամարտի նշանակությունը՝ կապելով դրա «հաղթական ոգին» ժամանակակից Թուրքիայի հետ, Թուրքիայի նախագահը Մանազկերտը կապում է Մուստաֆա Քեմալի (Աթաթուրքի) (1881-1938 թթ.) «Մեծ հարձակման» հետ 1922 թվականին։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ Էրդողանն Ալփ-Արսլանին չի հակադրում Աթաթուրքին, այլ նրանց տեղավորում է նույն ազգային պատմական ավանդույթի մեջ։

Թուրքիայի ներկայիս նախագահին շատերն են դասում «ռևիզիոնիստների» շարքին։ Եվ իրոք, նա քիչ բան չի արել Աթաթուրքի «վեց սլաքները»՝ որպես թուրքական ազգային-պետական ինքնության հիմք, վերանայելու ուղղությամբ։ Սա վերաբերում է և՛ ծայրահեղ լաիցիզմից հրաժարվելուն (աշխարհիկության սկզբունքից հրաժարվել), և՛ պետության ու հասարակության մեջ բանակի դերի վերանայմանը, և՛ արտաքին քաղաքական մոտեցումների վերանայմանը, և՛ Օսմանյան կայսրության վերականգնմանը:

Էրդողանը բացահայտորեն համակրում է սուլթան Աբդուլ-Համիդ II-ին (1842-1918 թթ.)՝ համարելով նրան մեծ բարեփոխիչ և Արևմուտքի դեմ դիմադրության խորհրդանիշ։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահը չի փորձում ժխտել հանրապետությունը և դրա իդեալները (2023 թվականին երկրում անցկացվեցին դրա հարյուրամյակին նվիրված շքեղ միջոցառումներ):

Նա ձգտում է այն ներառել ավելի լայն ազգային-պետական պատմական նարատիվի մեջ։ Ինչ-որ չափով նման իրավիճակ է ռուսական դիսկուրսի հետ՝ հին ռուսական, մոսկովյան, կայսերական, խորհրդային և հետխորհրդային ժառանգության զուգակցման հարցում»,- մեկնաբանում է Մարկեդոնովը։

Նա նշում է, որ 1071 թվականի հիշողությունն Էրդողանի անձնական ավանդույթը չէ և պարզապես կուսակցական նախաձեռնություն չէ, Մանազկերտը պաշտոնապես և հրապարակայնորեն նշվում է Թուրքիայում որպես կարևոր ազգային ամսաթիվ, սակայն գործող իշխանությունների օրոք մասշտաբը և քաղաքական-խորհրդանշական նշանակությունը զգալիորեն աճել են։

Եվ այս ֆոնին Մարկեդոնովը հիշել է ՀՀ իշխանությունների, այսպես կոչված, «Իրական Հայաստանի» մասին հայտարարությունները.

«Ինչպե՞ս չհիշել հայկական կառավարության՝ «Իրական Հայաստանի» առաջխաղացմանն ուղղված ներկայիս նախագծերը՝ ի հակադրություն «Պատմական» Հայաստանի։ Հարևան երկրում, ակնհայտորեն, շարժվում են հակառակ ուղղությամբ։ Հստակ գիտակցելով, որ «հեռավոր անցյալի կերպարները» կարող են նոր գույներով խաղալ նաև այսօր կամ լուսավորել ներկայի և ապագայի խնդիրները, նպատակներն ու խնդիրները»։

Այսպիսով, Սերգեյ Մարկեդոնովն իր վերլուծությամբ ակնառու կերպով ցույց է տալիս, թե ինչպես է հարևան Թուրքիան հետևողականորեն մեծացնում պատմական հաղթանակների ու անցյալի խորհրդանիշների դերը՝ հզորացնելով իր պետական նարատիվն ու ընդլայնելով հավակնությունները։

Մինչդեռ դրան զուգահեռ՝ Երևանում նկատվում է հակառակ գործընթացը՝ «Պատմական Հայաստանից» հրաժարվելու և «Իրական Հայաստանի» քաղաքականությունը առաջ մղելու փորձերը, Հայաստանի ներսում և նաև արտաքին դիտորդների կողմից ընկալվում են ոչ թե որպես ողջամիտ պրագմատիզմ, այլ սեփական պատմական հիշողությունից, ինքնությունից ու պետական շահերի պաշտպանության կարևորագույն գործիքներից հրաժարվելու վտանգավոր միտում, ինչը կտրուկ հակադրվում է տարածաշրջանային մրցակիցների ագրեսիվ և նպատակաուղղված քաղաքականությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31