Խոսակցության ժամանակ ասաց, որ այն աստիճան է ինքնազգացողությունը վատացել, որ ուշաթավել է. Հրանուշ Շահբազյան
2020 թվականի հոկտեմբերից ադրբեջանական գերության մեջ գտնվող 56-ամյա Լյուդվիգ Մկրտչյանի առողջական վիճակը շարունակում է մտահոգիչ մնալ նրա փաստաբանների և ընտանիքի համար։
«Հայ որբերի օգնության» ընկերության (SOAR) ղեկավար, փաստաբան Լուսիանա Մինասյանը հուլիսի 15-ին էր ահազանգել, որ հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանը, ով հինգուկես տարի առաջ գերեվարվել և հայտնվել է Բաքվի բանտում, առողջական լուրջ խնդրի առաջ է կանգնել ու պայքարում է իր կյանքի համար։
«56-ամյա Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27 է, ինչը նորմայից գրեթե կրկնակի բարձր է, որն ուղեկցվում է լայնածավալ բորբոքմամբ։ Նրա մոտ նաև սրտի ծանր ախտահարում կա` ձախ փորոքի հիպերտրոֆիա+դիաստոլիկ դիսֆունկցիա+աորտայի անբավարարություն»,- X սոցիալական ցանցում գրել էր փաստաբանը։
Լյուդվիգ Մկրտչյանի կինը՝ Հրանուշ Շահբազյանը, ընտանիքի ու հարազատների հետ անորոշ օրեր է անցկացնում, ասում է՝ մեկ ամիս է՝ ամուսնուց տեղեկություններ չունի, չգիտի՝ ինչ վիճակում է գտնվում նա։
«Նախորդ ամսվա 19-ին եմ Լյուդվիգի հետ խոսել, դա մեր վերջին խոսակցությունն է եղել մինչև այս պահը։ Չգիտեմ՝ երբ է զանգելու, չգիտեմ՝ վիճակն ինչպես է, ինչ է կատարվում այնտեղ։ Խոսակցության ժամանակ ասաց, որ շատ վատ է եղել, այն աստիճան է ինքնազգացողությունը վատացել, որ ուշաթափվել է, տարել են սիրտը նկարել են, սակայն որևէ տեսակի պատասխան չեն տվել, չգիտի՝ ինչն է խնդիրը։ Մինչև օրս ես նրանից որևէ լուր չունեմ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրանուշ Շահբազյանը։
Մեր զրուցակիցը փոխանցեց, որ մինչև գերեվարումը Լյուդվիգ Մկրտչյանը որևէ առողջական խնդիր չի ունեցել, գերեվարումից հետո են առողջական խնդիրներն առաջացել։
«Երևի վերջին 1 տարում կամ մի քանի ամսում է իմ ամուսինը ձեռք բերել այդ առողջական խնդիրները, քանի որ անընդհատ առողջական վիճակից դժգոհում էր, և գնալով ավելի վատացավ վիճակը»,- հավելեց նա։
Հրանուշ Շահբազյանի խոսքով՝ այս տաիների ընթացքում դիմել են տարբեր դեսպանատների ու միջազգային կառույցների, սակայն որևէ կառույցից որևէ արձագանք չեն ստացել։
«Անկեղծ ասած, արդեն չգիտեմ՝ ինչի սպասեմ, քանի որ շատ անորոշ վիճակ է, միայն մեկ բան գիտեմ՝ պետք է քաղաքական բոլոր ֆոները դնեն մի կողմ և կարողանան մարդկանց կյանքերը փրկել ու ոչ թե քաղաքական ֆոնի վրա մարդիկ մնան գերության մեջ։
Անկեղծ ասած, չգիտեմ, թե Ադրբեջանում ինչ է կատարվում ու ինչ միտումներ ունեն, միայն մեկ բան գիտեմ, եթե գնում են «Խաղաղության պայմանագրի», պետք է առաջնահերություն տրվեր հումանիխտար կողմի ապահովմանը, որովհետև առաջին տեղում նրանք պետք է լինեին, ոչ թե տեսնեինք, թե Ադրբեջանն ինչ կորոշի ու էլի ու էլի նայենք Ադրբեջանի որոշումներին։
56-ամյա Լյուդվիգ Մկրչյանն արդեն 6 տարի է՝ ադրբեջանական գերության մեջ է, նա գերեվարվել է 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Հադրութում։
Ադրբեջանը, ինչպես մյուս հայ գերիներին, այնպես էլ Լյուդվիգ Մկրտչյանին առաջադրել է կեղծ մեղադրանք, իբր նա Արցախի առաջին պատերազմում «խոշտանգում է իրականացրել»։
Հրանուշ Շահբազյանն այդ մեղադրանքը անհիմն ու անհեթեթ է որակում։
«Անկեղծ, չգիտեմ՝ ադրբեջանական կողմը ինչ ձևաչափով է վերադարձնում մեր գերիներին, ինչին է առաջնհերությունը տալիս, որովհետև իմ ամսուինը 2020 թվականից գերության մեջ է։ Լյուդվիգը պետք է վաղուց տանը լիներ ոչ թե այնտեղ ու այդ կարգավիճակում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։

