ՔԿ-ն պահվող մասունքների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը նախաքննական գաղտնիք է որակում

Դեռևս նախորդ տարի «Քիմիկների զորամասից» անհետ կորած զինծառայող Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը, խոսել էր ԴՆԹ-ներին առնչվող խնդիրների մասին:

«Անդրանիկ Քոչարյանն իր վերջին հարցազրույցում ասում էր, որ Քննչականում ամեն ինչ արվել է, սակայն Զանգելանի քիմիկներից ոչ մի ծնողի չեն կանչել, որպեսզի ԴՆԹ-ի եզրակացությունը տան, 12 հոգի ունեն ԴՆԹ համընկնում։ Գիտե՞ք՝ ինչու չեն կանչում, որովհետև մեր ձեռքին ապացույցներ կան, որոնք իրենք չեն կարող հերքել, խաբել։ Քիմիկներին չեն տվել մասունքների եզրակացությունը, գործն ինչպե՞ս է փակվել։

Ինքս եմ գնացել փոսը քանդել, ես եմ այդ մարմինները բերել, եկեք՝ ինձ ապացուցեք, որ այդ ԴՆԹ-ները ճիշտ եք տվել, ես ամբողջ մասունքները վերցնեմ, տանեմ հուղարկավորեմ։ Առողջապահության փոխնախարարն ինձ ասաց, որ մեկ շաբաթ ժամանակ տամ իրեն, անպայման կկազմակերպի, ես կկարողանամ մտնել լաբորատորիա, և, եթե որևէ սխալ լինի, ինքը դիմում կգրի ու աշխատանքից կազատվի։ Հենց այդ ժամանակ էլ նրան ասացի, որ՝ կարող ես այս պահին էլ ազատման դիմում գրել, որովհետև ամբողջը խաբեություն է։ Առ այսօր ես սպասում եմ՝ արդեն 6-7 ամիս, որ ինձ լաբորատորիայից կկանչեն»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր Անահիտ Ադոյանը։

Օրերս 168.am-ը գրավոր հարցմամբ դիմել էր Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանին՝ մասնավորապես հետաքրքրվելով, թե 2020 և 2023 թվականների Արցախի 44-օրյա և 1-օրյա պատերազմներից հետո այս պահին Հայաստանի դիահերձարաններում զոհված անձանց քանի՞ մասունք է պահվում։ Այդ մասունքները կոնկրետ ո՞ր դիահերձարանում են պահվում և ի՞նչ պայմաններում։ Նաև հետաքրքրվել ենք՝ մասունքներից քանի՞սն են ԴՆԹ-ով հաստատված, արդյո՞ք բոլոր մասունքներն են կրկնակի նույնականացում անցել և քանի՞ հաստատված մասունք կա, որոնք հարազատները հրաժարվում են վերցնել՝ չվստահելով նույնականացման տվյալներին, նույնականացումը, բացի Հայաստանից, ո՞ր երկրներում է եղել։

Կարդացեք նաև

Սակայն մեր հարցադրումներին ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնել են, որ տվյալ տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ։

«Հաշվի առնելով հրապարակման ոչ ենթակա նախաքննական տվյալների առկայությունը և հիմք ընդունելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի դրույթը (Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկատվոթւյան տրամադրումը, եթե դա պարունակում է հրապարակման ոչ ենթակա նախնական քննության տվյալներ), Ձեր հարցմամբ նշված տեղեկատվությունը տրամադրել հնարավոր չէ»,- նշված էր ՔԿ-ի գրավոր պատասխանում։

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Մարիամ Ծատրյանից էլ հետաքրքրվեցինք, թե մասունքներն այս պահին ո՞ր դիահերձարանում են պահվում և ի՞նչ պայմաններում։

Նա հակիճ պատասխանեց. «Մասունքները պահվում են Մեծամորի դիահերձարանում՝ պատշաճ պայմաններում։ Մենք բոլոր փորձաքննություններն արել ենք, այդ թվում՝ միջազգային, նույնիսկ մի քանի անգամ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31