Իմ ու եղբորս տղաները 100000 անգամ շատ բան են արել բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո. Սամվել Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի 106 թեկնածու ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։
Լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը նշեց, որ ինքնաբացարկ ներկայացրած բոլոր թեկնածուները շարունակում են իրենց թիմակիցները մնալ։
«Դա էլ մեր գաղտնի պլանի մաս է: Բոլորը մեր թիմակիցներն են և մնում են մեր թիմակիցները։ Բոլորը դիմացել են բռնաճնշումներին, նրանք չեն կարող անվստահելի լինել։ Դա մեր քաղաքական մարտավարությունն է»,– շարունակեց նա՝ ակնարկելով շարունակվող բռնաճնշումների գործոնը:
«700 մարդ ձերբակալել են, նրանցից հանրային ճանաչելիություն ունի մի 5 մարդ»,-ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է ԱԺ փոխնախագահի թեկնածուի հարցին, Սամվել Կարապետյանն ասաց, որ դեռ չեն քննարկել այդ հարցը, բայց շատ շուտով քննարկելու են։
Իսկ հիշեցմանը, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը բազմիցս հայտարարել է՝ թող ասեն, թե ինչու իր և եղբոր որդիները չեն ծառայել հայկական բանակում, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդն արձագանքեց.
«Իմ տղաները, իմ եղբոր տղաները մի հարյուր հազար անգամ ավելի շատ բան են արել Հայաստանի բանակի համար, քան Սուրեն Պապիկյանը 5000 տարի ապրելուց հետո, դրա համար թող ինքն իր մասին մտածի, կյանքն էլ ցույց կտա, թե ով ում մասին պիտի մտածի: Բոլորն էլ հարգելի պատճառներ ունեն, դրա համար չեն ծառայել, ոչ մեկինն անհարգելի պատճառ չի եղե»:
Լրագրողի հակադարձմանը՝ գիտությա՞մբ են զբաղվել, Կարապետյանը հորդորեց հարց տվող լրագրողին զբաղվել այդ հարցով, ուսումնասիրել:
«Հարցը գնա իրենց տուր, իրենք լավ գիտեն, հիմա ես ինչ էլ ասեմ, կլինի կողմնակալ պատասխան: Դրա համար ասեցի՝ Սուրեն Պապիկյանը սկի չի երազի, թե ինչքան բան են արել այդ տղաները ՀՀ բանակի համար»,-շարունակեց Սամվել Կարապետյանը՝ լրագրողի հարցին ի պատասխան չմանրամասնելով, թե ինչ են կոնկրետ արել:
Մանրամասները՝ տեսանյութում

