Ռուսաստանի շուկայի փակվելը Հայաստանի համար կատաստրոֆա է, ամեն ինչ գլխիվայր շուռ է գալու… Բանը չհասնի նրան, որ խաղողը մնա գետնին. Արտակ Սարգսյան
«Ռուսաստանի շուկայի փակվելը Հայաստանի դեմ՝ պարալիզացնելու է ոչ միայն խաղողագործների ոլորտը, այլև ամբողջ երկրի տնտեսությունը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի խաղողագործների միության» նախագահ Արտակ Սարգսյանը՝ խոսելով Ռուսաստանի կողմից Հայաստանից արտահանումների հետ կապված սահմանափակումների և շուկայի վրա դրա ազդեցության մասին։
Նա շեշտում է՝ խաղողագործությունն առանց վերամշակող ձեռնարկատերերի՝ չի կարող գոյատևել կամ առաջ գնալ։
Արտակ Սարգսյանը վստահ է՝ եթե հանկարծ շուկան փակեն հայկական կոնյակի կամ գինու առաջ, ապա խաղողագործը սոված է մնալու, քանի որ, եթե խաղողն իրացնողը չկարողանա այն իրացնել, ապա նոր մթերք խաղողագործից չի գնելու։
«Գիտեք, որ այսօր Հայաստանում գյուղացին, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ օրվա հացով ապրող մարդ է, եթե հանկարծ մեկ տարի իրացման խնդիր ունեցավ, ամեն ինչ գլխիվայր շուռ է գալու։ Սա ամենաանկանխատեսելի իրավիճակի առաջ կկանգնեցնի մեզ՝ խաղողագործներիս։
Ինչ վերաբերում է ԵՄ շուկաներ հայկական ապրանք արտահանելու մասին իշխանությունների հայտարարություններին, ապա ասեմ՝ եթե մարդը քիչ թե շատ տառաճանաչ է, ԵՄ-ի մասին քիչ թե շատ պատկերացում ունի՝ այս 21-22 երկրների մասին գիտի, ապա կիմանա, որ նախկին կոմունիստական հասարակարգի նման՝ նախապես ԵՄ-ն պլանավորում է իր անելիքը։
Բացի այդ, ինքնաբավ է, առևտուրը միմյանց մեջ կազմակերպող փակ տնտեսություն ունի։ Այսօր որևէ մեկը պատրաստ չէ անակնկալ ձևով առևտրաշրջանառություն իրականացնել, հատկապես, երբ տվյալ երկրին սահմանակից չէ»,- հավելեց Արտակ Սարգսյանը։
Շարունակելով՝ մեր զրուցակիցն ասաց՝ ԵՄ-ն հայկական ապրանքների կարիքը չունի, ավելին՝ Հայաստանից արտահանման հետ կապված՝ ԵՄ-ն ունի չափանիշներ։ Հայաստանի տնտեսությունն այսքան տարիների ընթացքում դեռևս չի գնացել եվրոինտեգրման։
«Հիմա քնեցին ու արթանացան, հասկացան, որ հունիսի 7-ից հետո այդ չափանիշները փոխվելո՞ւ են, կամ Ոսկե ձկնիկի նման՝ ինչ երազանք պահենք՝ կատարվելո՞ւ է, սա հեքիաթ է։
Ուզում եմ ասել, որ ԵՄ-ն նախ մեզ չի սպասում, դրանք միայն խոսքեր են, միայն ականջ շոյող ու պոպուլիստական հայտարարություններ են անում՝ միայն մեկ բանի համար՝ Ռուսաստանին հանել տարածաշրջանից, Հայաստանից էլ ռուսական ռազմաբազան հանեն։ Մնացածը, ԵՄ-ն որ ասում է՝ ձեզ շատ ենք սիրում, գիշերը ձեզ համար չենք քնում, ձեզ համար մտահոգված ենք, դրանք հեքիաթի ժանրից են։ Սա իմ կարծիքն է»,- նշեց Արտակ Սարգսյանը։
Ինչ վերաբերում է խաղողի բերքատվությանը, Արտակ Սարգսյանն ասաց, որ այս պահի դրությամբ սպասում են առատ բերքի, և եթե մթերողը բերքի մի մասը միայն մթերի, ապա մյուս մասը չարտահանելու պարագայում այն մնալու է ու փչանա։
«Խաղողագործը ստիպված է լինելու այդ մնացած բերքը տանի ու թափի։ Հայաստանի շուկան տնտեսապես դեռևս անկախ չէ, իսկ Ռուսաստանի շուկայի փակվելը Հայաստանի համար կատաստրոֆա է, այսպես ասեմ՝ ամեն ինչ գլխիվայր շուռ է գալու։ Դրա մեջ չի մտնում միայն կոնյակ, գինի, խաղող, դրան շաղկապված է մեր երկրի ամբողջ տնտեսությունը։
Չեմ ուզում շատ վատ բաներ ասել, բայց տա Աստված՝ մեր դիվանագիտությունը ճկուն գտնվի՝ գոնե մինչև օգոստոս հարաբերությունները ՌԴ-ի հետ վերականգնի, մեր բարեկամական կապը շարունակվի, բանը չհասնի նրան, որ խաղողը մնա գետնին, խաղողագործն էլ չկանգնի խայտառակ վիճակի առաջ։ Ուղղակի չեմ ուզում պատկերացնել, թե վիճակն ինչքան աղետալի կարող է լինել մեզ համար»,- նշեց «Հայաստանի խաղողագործների միության» նախագահը։
Նա նաև ասաց՝ փառք Աստծո, կան խաղողագործներ, որոնք մթերող ընկերությունների հետ ունեն պայմանագրեր, իրավական ուժով այդ պայմանագրերը կգործեն, և նրանց համար դժվար թե լինեն ֆորսմաժորային իրավիճակներ։
«Այս պահի դրությամբ մենք սպասում ենք շատ առատ բերքի, Աստված ոչ անի՝ ֆորսմաժորային վիճակ լինի, կկանգնենք փաստի առաջ»,- ընդգծեց Արտակ Սարգսյանը։

