Հայաստանը՝ աշխարհաքաղաքական մայրուղում

Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո իշխանական քարոզչությունն իրեն պատռելով ներկայացնում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ակնկալվող աջակցության մասին տեղեկություններ՝ Արարատ Միրզոյանի՝ ԵՄ արտգործնախարարների հետ ունեցած մի նախաճաշ-քննարկմանը հղում անելով:

Եվրոպացիները խոստացել են օգնել Հայաստանին՝ «դիմակայելու համար ընտրությունների վրա ազդելու նպատակով Ռուսաստանի կողմից կիրառվող ճնշումներին»: Իսկ ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի՝ հուլիսի 5-ին Հայաստան սպասվող այցն իշխանության կողմից ներկայացվում է՝ որպես փրկության փարոս «ռուսական իմպերիալիստական ճնշումներից»:

Հասարակության՝ ճշմարտության փոխարեն քարոզչություն սպառող հատվածի համար սա դյուրամարս պրոպագանդիստական ապրանք է: Սակայն այն ոչ միայն քիչ կապ ունի իրականության հետ, այլև բացահայտում է Հայաստանի իշխանությունների՝ վերջին տարիների մեծագույն ավանտյուրիզմը, որի համար, ի վերջո, վճարելու է ժողովուրդը:

Քարոզչական մակարդակում ներկայացվում է՝ իբրև Հայաստանը դեպի Եվրամիություն է ընթանում ոչ թե կոնյունկտուրային նպատակներով, ոչ թե Արցախն Ադրբեջանին հանձնելու դիմաց տրված նյութական խոստումները ստանալու համար, այլ իբև թե՝ որպես քաղաքակրթական, արժեքային ընտրություն: Ներկայացվում է նաև, թե դա ոչ թե իրավիճակային քայլ է, այլ հայեցակարգային, ռազմավարական ընթացք: Սա մեծագույն սուտ է, որն ապացուցում է… նույն իշխանության պաշտոնական վիճակագրությունը:

Կարդացեք նաև

Եթե դեպի ԵՄ ընթացքը լիներ իսկապես ռազմավարական նպատակադրում, որը ենթադրում է հաշվարկներ, դրանց հիման վրա՝ քայլերի հաջորդականություն և այլն, ապա իշխանությունը վերջին տարիներին պետք է կատարած լիներ գործողություններ, որոնք այսօրվա կետում՝ Ռուսաստանի կողմից պատժամիջոցների կիրառման փուլում, կապահովեին գոնե որոշակի անվտանգության բարձիկներ, արդեն իսկ ստեղծված կլինեին այլընտրանքային ուղիներ: Մինչդեռ, ինչպես ցույց է տալիս նույն վիճակագրությունը, միայն արտահանման գծով Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից հասել է մոտ 40 տոկոսի, տարբեր ուղղություններով ռուսական գործոնը հայկական բիզնեսի համար ունի մինչև 2/3-ին հասնող ազդեցություն:

Սա նշանակում է, որ դեպի Եվրամիություն գնալու ղալմաղալը սոսկ իրավիճակային արկածախնդրություն է՝ աշխարհաքաղաքական առևտրում սեփական գինը պահպանելու վերջին փորձ, որը վերջնականապես արժեզրկել է Հայաստանի սուբյեկտայնությունը:

Մի քանի տարվա ընթացքում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ու հայ ժողովրդի համար ամբողջությամբ խեղել է հայտնի արտահայտությունը՝ «որտեղից ենք գալիս և ուր ենք գնում»: Հայոց պատմությունն ապականել է այնպես, որ հայերին ներկայացնում է գրեթե անծագում, անանցյալ հավաքականություն: Իսկ ինքնիշխանության մասին բղավող, բայց իրական ինքնիշխանությունից զրկված Հայաստանի համար «ո՞ւր ենք գնում» հարցադրումն այլևս կիրառելի չէ: Շատ ավելի տեղին է «ո՞ւր են տանում» ձևակերպումը:

Ողջ ողբերգականությամբ հանդերձ, սա օրինաչափ և ինչ-որ իմաստով անխուսափելի ընթացք է, որը պատահում է այն ժողովուրդների հետ, որոնք իրենց աղետներ բերած ուժին առնվազն քաղաքական իմաստով աղբանոց ուղարկելու փոխարեն՝ թույլ են տալիս աշխարհաքաղաքական բրոկերներին հանձնել պետությունն այս կամ այն կողմ տանելու մանդատը:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930