Փաշինյանի հայտարարությունը շատ ավելի վտանգավոր է՝ հեռուն գնացող հետևանքներով. Սուրենյանց

Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. ««Պաշտոնական գաղափարախոսությունից»՝ մինչև Ալեքսանդրապոլի ստվերը

Օգոստոսի 20-ին կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը, ներկայացնելով կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը, հայտարարել է, որ հունիսյան խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթել է «Իրական Հայաստանի» գաղափարախոսությունը՝ դառնալով Հայաստանի Հանրապետության «պաշտոնական գաղափարախոսություն»։ Դրան հաջորդել է մեկ այլ ուշագրավ արձանագրում․ Հայաստանը, ըստ Փաշինյանի, թևակոխում է իր պատմության նոր փուլ՝ Չորրորդ հանրապետություն։

Տարբերությունը, նրա ձևակերպմամբ, սկզբունքային է․ Երրորդ հանրապետությունն առաջին իսկ օրվանից հիմնադրվել է «կոնֆլիկտի ու հակամարտության տրամաբանությամբ», մինչդեռ Չորրորդը ձևավորվում է «խաղաղության տրամաբանությամբ»։

Այս ձևակերպումների հետևում նշմարվում է Հայաստանի պետականության, նրա պատմական շարունակականության և ազգային ինքնության վերաիմաստավորման մի հայեցակարգ, որն առնվազն մի քանի սկզբունքային հարց է առաջացնում։

Առաջինը հենց «պաշտոնական գաղափարախոսություն» հասկացությունն է։

Ժողովրդավարական պետությունում ընտրություններում հաղթանակը քաղաքական ուժին տալիս է երկիրը կառավարելու մանդատ, ոչ թե սեփական աշխարհայացքը պետական գաղափարախոսության վերածելու իրավունք։ Ընտրողը կառավարություն է ընտրում, ոչ թե հրաժարվում է գաղափարական բազմակարծությունից։

Իշխող ուժի գաղափարախոսությունը պետության գաղափարախոսություն հռչակելը վտանգավոր սահմանագիծ է։ Այդ տրամաբանությամբ քաղաքական մեծամասնությունը ոչ միայն կառավարում է պետությունը, այլև հավակնում է սահմանել Հայաստանի անցյալի, ներկայի ու ապագայի «ճիշտ» ընկալումը։ Սա արդեն գաղափարական մենաշնորհի, ավտորիտարիզմի հաստատման վտանգավոր ճանապարհ է։

Երկրորդ խնդիրը՝ Երրորդ հանրապետության ամբողջ պատմաքաղաքական ժառանգությունը «կոնֆլիկտի տրամաբանությամբ» բնութագրելու փորձն է։

Երրորդ հանրապետությունը ծնվել է Խորհրդային Միության փլուզման, Հայաստանի անկախության վերականգնման, ազգային ինքնորոշման և անվտանգության համար պայքարի պատմական համատեքստում։ Ղարաբաղյան շարժումն այդ գործընթացի կարևորագույն բաղադրիչներից էր, սակայն

Երրորդ հանրապետության ծննդյան հիմքերը դրանով չի սահմանափակվում։

1991 թվականից ձևավորվել են Հայաստանի պետական ինստիտուտները, սահմանադրական համակարգը, բանակը, դիվանագիտական ծառայությունը և միջազգային հարաբերությունների համակարգը։ Խոսքը Հայաստանի անկախ պետականության ավելի քան երեք տասնամյակի պատմության մասին է։

Երբ այդ ամբողջ ժամանակաշրջանը ներկայացվում է որպես «կոնֆլիկտի տրամաբանության» արդյունք, պատմական ռևիզիայի են ենթարկվում ոչ միայն Ղարաբաղյան շարժումը, այլև Երրորդ հանրապետության քաղաքական հիմքերը, պատմությունը։

Ավելին՝ այս ձևակերպումը վտանգավոր կերպով մոտենում է պաշտոնական Բաքվի այն նարատիվին, որով հայ-ադրբեջանական հակամարտության ծագման և պատերազմի պատասխանատվությունը միակողմանիորեն վերագրվում է հայկական կողմին։

Ղարաբաղյան շարժումը պարզապես «պատմական արդարության վերականգնման» վերացական գաղափարի դրսևորում չէր։ Այն ինքնորոշման, անվտանգության, իսկ հետագայում նաև ֆիզիկական գոյության, ինքնապաշտպանության համար պայքար էր։ Այդ պատմությունը «կոնֆլիկտի տրամաբանության» մեջ տեղավորելը նշանակում է սեփական պետականության ձևավորման հիմքերը վերագնահատել հակառակորդի քաղաքական բառապաշարի շրջանակում։

Երրորդ խնդիրը՝ նման վերաիմաստավորման արտաքին քաղաքական հետևանքներն են։

Երբ Հայաստանի ղեկավարը հայտարարում է, որ նախորդ հանրապետությունը հիմնված էր «կոնֆլիկտի» վրա, իսկ նորը կոչված է հաղթահարելու այդ ժառանգությունը, դա կարող է ընկալվել որպես պատրաստակամություն՝ վերանայելու ոչ միայն անցյալի քաղաքական գնահատականները, այլև դրանցից բխող պետական ու իրավական դիրքորոշումները։

Այս մոտեցումն ընդլայնում է Ադրբեջանի և Թուրքիայի առավելապաշտական պահանջների քաղաքական տարածքը։ Եթե հայկական կողմն ինքն է ապալեգիտիմացնում իր նախորդ պետական-քաղաքական հայեցակարգը, հակառակորդի համար բնականաբար առաջանում է հարց՝ ո՞րն է հաջորդ սահմանը, որը Հայաստանը պատրաստ է զիջել։

Հենց այստեղ է նշմարվում Ալեքսանդրապոլի պատմական ստվերը։

Խոսքն, իհարկե, 1920 և 2026 թվականների մեխանիկական նույնացման մասին չէ։ Սակայն Ալեքսանդրապոլի պատմական փորձը հիշեցնում է մի պարզ օրինաչափություն․ պարտությունից հետո սեփական պետական դիրքերի հետևողական նսեմացումը հակառակորդի պահանջները չի մեղմացնում, այլ կարող է խրախուսել նորերը։

1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագիրը պարտված և ծայրահեղ թուլացած Հայաստանի նկատմամբ պարտադրված քաղաքական իրողության խորհրդանիշ դարձավ։ Դրա պատմական դասն այն է, որ պարտությունից հետո սեփական իրավունքների, պետական ինքնության և պատմական հիմքերի շարունակական նահանջը խաղաղություն չի երաշխավորում։ Հակառակորդը դրանում կարող է տեսնել ոչ թե «խաղաղության տրամաբանություն», այլ թուլություն և հետագա զիջումների պատրաստակամություն։

Եվ այստեղ առաջանում է թերևս ամենակարևոր հարցը․ ի՞նչ է, ի վերջո, Չորրորդ հանրապետությունը։

Հանրապետությունների փոփոխությունը սովորաբար ենթադրում է պետական կամ սահմանադրական կարգի հիմնարար վերափոխում։ Հայաստանի դեպքում, սակայն, ի՞նչ իրավաքաղաքական իրողություն է փոխվել, որպեսզի Երրորդ հանրապետությունը համարվի ավարտված, իսկ Չորրորդը՝ սկսված։
Հայաստանի Հանրապետությունը շարունակում է գործել պետական նույն իրավահաջորդության շրջանակում, պահպանվում են պետական ինստիտուտները, միջազգային իրավասուբյեկտությունն ու սահմանադրական կարգի շարունակականությունը։ Հետևաբար, «Չորրորդ հանրապետությունն» այս պահին նախևառաջ քաղաքական-գաղափարական կոնստրուկտ է, ոչ թե ձևավորված իրավական իրողություն։

Եթե «Չորրորդ հանրապետությունը» նշանակում է ավելի արդյունավետ, ժողովրդավարական, անվտանգ և զարգացած պետություն, ապա դրա կառուցման համար Երրորդ հանրապետությունն ապալեգիտիմացնելու անհրաժեշտություն չկա։ Նոր որակի պետություն կարելի է կառուցել՝ զարգացնելով նախորդի ձեռքբերումները, շտկելով սխալները և պահպանելով պետականության շարունակականությունը։

Բայց եթե Չորրորդ հանրապետության գաղափարը կառուցվում է այն կանխադրույթի վրա, որ Երրորդ հանրապետությունն իր հիմքով սխալ էր, որովհետև ծնվել էր «կոնֆլիկտի տրամաբանությունից», ապա խոսքն արդեն ոչ թե պետականության զարգացման, այլ նրա պատմական հիմքերի վերախմբագրման մասին է։

Պետությունը չի կարող յուրաքանչյուր քաղաքական պարտությունից կամ իշխանափոխությունից հետո նոր հանրապետություն սկսել՝ նախորդը հռչակելով պատմական սխալ։

Պետականությունը հենց շարունակականությունն է՝ իր հաղթանակներով ու պարտություններով, ձեռքբերումներով ու սխալներով։

Այս իմաստով Փաշինյանի հայտարարությունը շատ ավելի վտանգավոր է՝ հեռուն գնացող հետևանքներով:

«Պաշտոնական գաղափարախոսության» հռչակումը, Երրորդ հանրապետության պատմական հիմքերի վերաիմաստավորումը և Չորրորդ հանրապետության իրավաքաղաքական անորոշությունը միասին կարող են վերածվել քաղաքական ու պատմական ինքնաժխտման ծրագրի։

Ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ առանց գաղափարական բազմակարծության, իսկ պետությունը՝ առանց պատմական շարունակականության։

Պատմության նոր էջ բացելու և սեփական պատմությունը ջնջելու միջև հսկայական տարբերություն կա։

Եթե «Չորրորդ հանրապետության» հիմքում դրվում է սեփական պետական անցյալի մերժումը, ապա այն կարող է դառնալ ոչ թե նոր հանրապետության սկիզբ, այլ Ալեքսանդրապոլի տրամաբանության վերադարձ՝ արդեն XXI դարում։

Եվ այդ դեպքում գլխավոր հարցը շատ ավելի ֆունդամենտալ է լինելու՝ ի՞նչ է մնալու Հայաստանի Հանրապետությունից այդ վերաձևակերպումների ավարտին»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31