Ամենաողբերգականն այն է, որ ՀՀ իշխանությունների ձեռքով հայկական պետականությունն են դուրս բերել Հայ Առաքելական եկեղեցու դեմ. Հակոբ Բադալյան
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանն իր հյուրին՝ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանին, հարցրեց՝ ի՞նչ կապ ունեն Եկեղեցու դեմ, Վեհափառ հայրապետի դեմ այս զարգացումներն աշխարհաքաղաքական գործընթացների հետ: Ի՞նչ նպատակով են թիրախավորել Հայ Առաքելական եկեղեցին, Վեհափառ հայրապետին:
«Խնդիր է դրված՝ Հայաստանը զրկել սուբյեկտայնությունից և որպես սուբյեկտ՝ քաղաքական միավոր, որն ունի իրավունքներ, շահեր, դրանք ձևակերպելու հնարավորություն և այլն, դուրս մղել՝ երկիրը վերածելով ընդամենը մի տարածքի, որտեղ ծավալվում է մրցակցությունն աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների միջև, և այդ մրցակցությունը միտված է իրենց նոր աշխարհակարգում իրենց տեղին, դերին, վերահսկողության տարածքներին և այլն։
Հայ Առաքելական եկեղեցին հայկական պետականությունը սուբյեկտությամբ օժտող հսկայական ռեսուրս է, ներուժ՝ ոչ միայն ներքին ինքնության կառուցվածքի իմաստով (այսինքն՝ ազգային ինքնություն, քաղաքական գիտակցություն, արժեհամակարգ և այլն), այլ նաև միջազգային դերակատարման իմաստով, իհարկե, դավանաբանական տարածությունում։ Աշխարհաքաղաքականության մեջ դավանաբանական բաղադրիչը մշտապես առանցքայիններից մեկն է, և հատկապես այսպիսի պատմական շրջափուլերում դառնում է առավել կարևոր։
Եվ այս տեսանկյունից հայկական եկեղեցին՝ Հայ Առաքելական եկեղեցին, իր միջազգային դերակատարմամբ տարբեր ռեգիոններում, տարբեր ուղղություններով հայկական պետականությունը նաև իրավունքով է օժտում՝ լրացուցիչ իրավունքով։ Եթե, օրինակ, պետական առումով մենք Կովկասում ենք, Հայ Առաքելական եկեղեցու շնորհիվ նաև մենք շատ ավելի ընդգրկուն ներկայությամբ՝ աշխարհասփյուռ կարող ենք լինել»,- ասաց Հակոբ Բադալյանը:
Վերջինս նկատեց՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ արշավն առհասարակ Հայաստանը՝ պետականության իր ներուժով, Մերձավոր Արևելքից դուրս մղելու արշավ է, բայց նաև հենց եկեղեցուն թուլացնելու արշավ, որտեղ եկեղեցին՝ որպես համաշխարհային եկեղեցիների հնագույն ինստիտուտներից մեկը, այնտեղ ևս ունի իրավունքներ, և այդ իրավունքները հնարավոր չէ անտեսել, քանի որ դրանք նաև միջազգայնորեն ճանաչված իրավունքներ են՝ թե՛ Երուսաղեմում, թե՛ այլ ուղղություններում։
«Նպատակն է՝ որպեսզի Հայաստանի Հանրապետությունն այլևս չունենա սուբյեկտային ծանրակշիռ ներուժ։ Այսինքն՝ այո, վերածվի ընդամենը տարածքի, բայց որտեղ ազգային ոչինչ չլինի։ Ազգայինը թիրախում է հայտնվել, քանի որ մեր սուբյեկտայնությունը՝ մեր պետական սուբյեկտայնությունը ձևավորվում է հենց ազգայինի միջոցով, բայց այդ ուժերի գլխավոր խնդիրն է՝ ոչնչացնել մեր պետության սուբյեկտությունը, և, իհարկե, Հայ Առաքելական եկեղեցու սուբյեկտությունը: Եվ, ընդ որում, հիմա, փաստորեն, դա արվում է հայկական պետականության ձեռքով։

Եվ դա այս իրավիճակի՝ քաղաքականից, աշխարհաքաղաքականից զատ, ամենաողբերգական կողմն է, որովհետև ՀՀ իշխանությունների ձեռքով հայկական պետականությունն են դուրս բերել Հայ Առաքելական եկեղեցու դեմ (նկատի ունեմ այդ պետականության իշխանությունը)»,- ասաց Հակոբ Բադալյանը:
Նրա խոսքով՝ այս պրոցեսը որպես մարտահրավեր դիտարկելուց բացի, նաև պետք է դիտարկել որպես հնարավորություն, որպեսզի մենք՝ որպես հասարակություն և հայություն, արժևորենք եկեղեցու դերը և նաև արժևորենք եկեղեցի-պետականություն, եկեղեցի-պետություն փոխհարաբերության հեռանկարը։
«Ահռելի անելիք կա, պետք է կենտրոնանալ այդ անելիքի վրա՝ դրանով նաև չեզոքացնելով մարտահրավերները։ Մենք չենք կարող սիմետրիկ դիմակայությամբ հաղթել այդ պրոցեսում, որովհետև Հայ Եկեղեցու դեմ պայքարող այդ ուժերն իրապես ահռելի, անհամեմատելի ռեսուրսներ, կարողություններ և ազդեցություն ունեն աշխարհում։ Հետևաբար, մեր շանսը կարող ենք դիտարկել միայն ասիմետրիկ գործընթացում։ Այդ ասիմետրիկ գործընթացը ենթադրում է նաև պայմանավորվել, օրինակ, աշխարհաքաղաքական, արտաքին մրցակից կենտրոնների, եկեղեցիների, ուժերի հետ։ Եվ այդ պայմանավորվելու հարցում ի՞նչ տարբերակներ կան՝ կամ դու անում ես մի առաջարկ, ձևակերպում ես առաջարկդ, որը հետաքրքիր է լինում և քննարկելի, ըստ այդմ՝ դրա շուրջ պայմանավորվելու հեռանկարով, կամ՝ ամբողջապես ենթարկվում ես քեզ ներկայացվող պահանջներին։
Պետք է աշխատանքը կատարենք՝ հասկանանք՝ առհասարակ մեր եկեղեցին և պետությունը նոր աշխարհում ինչ համադրվածությամբ, ինչ դեր կարող են ստանձնել և նաև առաջարկել աշխարհին (համենայնդեպս՝ աշխարհակարգի համար պայքարող քաղաքական, դավանաբանական, տնտեսական և այլ կենտրոններին)։
Կարծում եմ՝ այս խնդիրն է, որ մենք պետք է կարողանանք լուծել։ Իսկ մնացածը՝ այն, ինչ կատարվում է Հայաստանում (էս արշավը, դատավարությունը Վեհափառի դեմ, և այլն), դրա մետաստազներն են։ Եթե մենք գլոբալ մակարդակում խնդիրը ճիշտ ախտորոշենք և սկսենք այդ ռազմավարական պատկերացումը մշակել (թե ինչ ենք անում), մենք ներսում այս պրոցեսների պատասխանները, կարծում եմ, ավելի դյուրին կգտնենք»,- ասաց Հակոբ Բադալյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:

