Հայաստան․ կօգնի՞ արդյոք «Քաղաքացիական պայմանագրի» հաջողությունը լուծելու Թուրքիայի և Ադրբեջանի հետ առկա խնդիրները

Անկարայի հետ հարաբերություններ կառուցելու գործընթացում Նիկոլ Փաշինյանը կոչ է անում «դադարեցնել հայրենիքի որոնումները միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»

Մինչ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը պատմում է հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում իր համոզիչ հաղթանակի մասին, ընդդիմադիր ուժերը, վկայակոչելով բազմաթիվ խախտումներ, վիճարկում են քվեարկության արդյունքները Սահմանադրական դատարանում:

«Մենք դիմել ենք ԿԸՀ, հետո դիմելու ենք ՍԴ երկու պահանջներով՝ չեղյալ հայտարարել ընտրությունները և նշանակել երկրորդ փուլ։ Եթե Փաշինյանը վստահ է իր հաղթանակի մեջ, ապա երկրորդ փուլում մենք պետք է որոշենք՝ հաղթե՞լ է, թե՞ ոչ»,- հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավար Սամվել Կարապետյանը՝ նշելով, որ ընտրություններն ամբողջությամբ տապալվել և կեղծվել են, ընդ որում՝ «Փաշինյանը չի հաղթել, մենք էլ չենք հաղթել»:  Որպես առաջնային խնդիր՝ Կարապետյանը նշել է «Փաշինյանի հեռացումը» կամ խորհրդարանի միջոցով, կամ փողոցային պայքարի միջոցով, որի վառ արտահայտված առաջնորդն ընդդիմության կողմից չի լինի:

Կարդացեք նաև

Պետք է նշել, որ իրավիճակը, երբ գործող իշխանության ընդդիմախոսներն այս կամ այն կերպ վիճարկում են նախագահական, իսկ 2016 թվականի սահմանադրական բարեփոխումից հետո՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները, հետխորհրդային Հայաստանի համար բոլորովին նոր չէ: Բայց ահա նորը Նիկոլ Փաշինյանին ուղղված շնորհավորանքն է Անկարայից, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանից. «Ես լիովին համոզված եմ, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման և այդ ուղղությամբ անհրաժեշտ համագործակցության ապահովման ձեր ռազմավարական տեսլականը հաջողությամբ կյանքի կկոչվի»: Թուրք առաջնորդը Հայաստանի վարչապետին մաղթել է առողջություն և բարեկեցություն, իսկ հանրապետությանը՝ բարգավաճում և երջանկություն:

Ինչպիսին էլ որ լինեն ընտրությունների վերջնական արդյունքները, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը չի հաջողվել ստանալ սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ՝ խորհրդարանական մանդատների երկու երրորդը։ Մինչդեռ Ադրբեջանը պնդում է՝ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը, նախքան կկարողանա ստորագրել վերջնական համաձայնագիր: Թուրքիան պաշտպանում է այդ դիրքորոշումը՝ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքումը դիտարկելով որպես հայ-թուրքական հարաբերությունների վերջնական կարգավորման և 1993 թվականից փակ մնացող սահմանի բացման նախապայման։

Վերջերս Ստամբուլում Ադրբեջանի և Վրաստանի գործընկերների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն աջակցություն է հայտնել Բաքվի և Երևանի միջև շարունակվող խաղաղ բանակցություններին՝ հույս հայտնելով, որ շուտափույթ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը: Ավելի վաղ՝ հունիսի 2-ին, հայ գործարարների պատվիրակությունն անցել էր Մարգարայի սահմանային անցակետը՝ Կարսում թուրք գործընկերների հետ հանդիպմանը մասնակցելու համար, ինչը 33 տարվա ընթացքում առաջին նման ուղևորությունն էր:

Առայժմ ցամաքային սահմաններով երթևեկությունը գրեթե բացակայում է, բացառությամբ տրանսպորտային ենթակառուցվածքի շինարարության ընթացքը ստուգող պաշտոնատար անձանց հազվադեպ այցերի: Շրջանառվող լուրերի համաձայն՝ սահմանը կարող են բացել սեպտեմբերին, այդ թվում՝ անդրսահմանային զբոսաշրջության համար, ինչը կդառնա Անկարայի կողմից ձեռնարկված միջանկյալ քայլերի շարքից առաջինը՝ 2022 թվականի փետրվարին Երևանի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների մեկնարկից ի վեր:

Առկա են նաև այլ տեղաշարժեր՝ ներառյալ հայ ապրանքարտադրողների մուտքը Բաքու-Ախալքալաք-Կարս երկաթուղի, և Հայաստանը թուրքական արտահանման ապրանքների վերջնական ստացող նշելու հնարավորությունը: Այս ամենը մեկնաբանվում էր որպես հունիսի 7-ի ընտրություններից առաջ Փաշինյանին և նրա «խաղաղ օրակարգին» սատարելու նշան:

Իհարկե, Հայաստանի ոչ բոլոր քաղաքացիներն են դրական վերաբերվում Թուրքիայի հետ սահմանի բացման հեռանկարներին, ինչը, շատերի կարծիքով, կվտանգի տեղի ֆերմերների ապրուստի միջոցները: «Թուրքիան մեր թշնամին է, և մեզ կհեղեղեն թուրքական ապրանքները», և դա՝ չնայած այն բանին, որ հայկական խանութներն արդեն լի են թուրքական հագուստով և կենցաղային տեխնիկայով»,- Al-Monitor պարբերականին պատմել է Սիլվա Մարգարյանը, ում նախնիները Կարսից փախել են Առաջին համաշխարհային պատերազմի ժանանակ և հաստատվել Մարգարայում: Մոսկվայի վերջին որոշումը՝ արգելել իրենց մշակած մրգի և բանջարեղենի ներկրումը, դիտարկվում է որպես Նիկոլ Փաշինյանի անհեռատես քաղաքականության հետևանք:

Առանց Բաքվի համաձայնության Թուրքիան չի կարողանա դիվանագիտական հարաբերություններ հաստատել և ամբողջությամբ բացել Հայաստանի հետ ցամաքային սահմանը, ինչը պայմանավորված է ադրբեջանա-թուրքական հարաբերությունների խորը փոխկապակցվածությամբ, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում:

Ենթադրվում է, որ նավթամուղը, որով ադրբեջանական նավթի մեծ մասը տեղափոխվում է Թուրքիայի Միջերկրական ծովի ափին գտնվող արտահանման տերմինալներ, տարեկան 70-200 միլիոն դոլար է բերում տարանցիկ վճարների տեսքով: Տրանսանատոլիական գազատարը, որով Կասպից ծովի արևմտյան ափերից գազը Թուրքիայի տարածքով տեղափոխվում է Եվրոպա, տարեկան մինչև 400 մլն դոլարի տարանցիկ եկամուտ է բերում:

TANAP-ը ոչ միայն Թուրքիայի ներքին գազային պահանջարկը բավարարում է շահավետ պայմաններով, այլև նպաստում է երկրի՝ Եվրոպայի և Ասիայի միջև կարևորագույն էներգետիկ հանգույցի դիրքի ամրապնդմանը: Աննկատ չմնաց նաև այն, որ Թրամփի վարչակազմը, ակտիվորեն ձգտելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության, լռություն է պահպանում Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցում:

Այսպես թե այնպես, սահմանափակումների թուլացման և կապերի ամրապնդման հետ մեկտեղ, թուրքերն ու հայերն աստիճանաբար վերագտնում են միմյանց՝ չնայած 1915 թվականի ողբերգությանը, որը հայտնի է՝ որպես Հայոց ցեղասպանություն, որի հիշատակը գիտակցաբար հետագայում ևս կկտրվի Նիկոլ Փաշինյանի և նրա արևմտյան հովանավորների «Չորրորդ հանրապետության» նախագծի հաջողության դեպքում: Թուրքական իշխանությունները հերքում են, որ կոտորածները գիտակցաբար կազմակերպվել են այն ժամանակ իշխող երիտթուրքական վարչակարգի կողմից՝ պնդելով, որ Օսմանյան կայսրության զոհված բազմաթիվ ազգությունների քաղաքացիները պատերազմի թեժ պահին սովի, հիվանդությունների և ազգամիջյան բախումների զոհ են դարձել:

Դժվար է ասել, թե վերջերս նախագահ Ռեջեփ Էրդողանի և Թուրքիայի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանի հանդիպման ժամանակ քննարկվել են պատմական հիշողության բարդ հարցեր: Թվում է, թե արարողակարգային-պաշտոնական իրադարձություն է. զրուցակիցներն անդրադարձել են համայնքի գործերին, եկեղեցական առաջնորդը շնորհակալություն է հայտնել ուշադրության համար:

Սակայն ուշադիր դիտորդներից չի վրիպել նաև արդարադատության նախարար Աքըն Գյուրլեքի և մշակույթի նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի ներկայությունը հանդիպմանը: Այս կոնֆիգուրացիայից ելնելով՝ այսպես թե այնպես դիտարկվել են Թուրքիայում հայ համայնքի երկու գլխավոր հարցեր՝ իրավական կարգավիճակը և եկեղեցական ժառանգությունը:

Հայոց պատրիարքարանի համար սա ունի խորհրդանշական կարևորություն ունեցող քայլի բնույթ։ Մաշալյանը, ըստ էության, Անկարայից ստանում է իշխանության ամենաբարձր մակարդակի հետ ուղղակի շփման հաստատում։ Ներկայիս թուրքական քաղաքականության պայմաններում սա կարևոր առավելություն է Ակ-Սարայի հետ շփումների միջոցով հնարավոր է բարձրացնել եկեղեցիների, վերականգնման ծրագրերի, հիմնադրամների, դպրոցների, հիվանդանոցների և համայնքային կառավարման հետ կապված հարցեր։ Հատկապես, եթե հիշենք, որ պատրիարքը նախկինում արդեն Թուրքիայի մշակույթի նախարարության հետ քննարկել էր Անատոլիայի հայկական եկեղեցիների ճակատագիրը, այդ թվում՝ վնասված և վերականգնման կարիք ունեցող տաճարների խնդիրը։ Պետք է նշել, որ դրանց մեծ մասը գտնվում է անմխիթար վիճակում։

Պատրիարքը կարող է լինել նախագահի զրուցակիցը։ Համայնքը կարող է արժանանալ ուշադրության։ Եկեղեցիները կարող են դառնալ վերականգնման ծրագրերի օբյեկտ։ Սակայն էթնոկրոնական համայնքների հետ փոխգործակցության ամբողջ մեխանիզմը, ինչպես նախկինում, շարունակում է կախված մնալ Ակ-Սարայի և նրա առայժմ անփոփոխ տիրոջ բարեհաճությունից։

Իսկ Էրդողանն այս հանդիպումից քաղում է իր քաղաքական շահաբաժինները։ Թուրքիայի առաջնորդը միջազգային հանրությանը ցուցադրում է Օսմանյան կայսրության ժառանգների մշակութային և կրոնական հանդուրժողականությունը։ Մզկիթներ, եկեղեցիներ, սինագոգներ, պատմական համայնքներ, ընդհանուր հիշողություն՝ արտաքին լսարանի համար նախատեսված գրավիչ փաթեթավորում։

Ընդ որում, «սուլթանն» ընտրողներին ցույց է տալիս, որ հենց պետությունն է ձևավորում և հաստատում ամբողջ կրոնական լանդշաֆտը՝ սահմանելով խաղի որոշակի կանոններ:  Սուննի իսլամը, կրոնի հարցերով նախարարության՝ դիյանեթի միջոցով շարունակում է մնալ պետության գլխավոր կրոնական հենարանը: Քիչ թվով քրիստոնյաներին և հրեաներին տեղ են թողնում այս համակարգում, եթե նրանք ճանաչեն Անկարայի կանոնները և աշխատեն նախագահական «ուղղահայացով»:

Հայոց պատրիարքի հետ հանդիպման փաստը ցույց է տալիս, որ Անկարան չի պատրաստվում «Հայկական հարցը» հանձնել Ամերիկայի կամ Եվրոպայի լոբբիստական կազմակերպություններին: Ինչ վերաբերում է բուն Հայաստանին, ապա «չորրորդ հանրապետության» կոնցեպտը ենթադրում է անցյալի ողբերգական էջերի ամբողջական հեռացում ընթացիկ օրակարգից և սփյուռքի կողմից պատմական օրակարգի ակտիվացման ջանքերից հեռացում:

Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել միջազգային ինտրիգների մեջ հայ ժողովրդի ներգրավման արդյունքում.գործընթաց, որը սկսվել է 19-րդ դարի կեսերից և իր ողբերգական գագաթնակետին հասել 1915 թվականին, իրադարձությունների իր վարկածը շարադրել է Նիկոլ Փաշինյանը ապրիլի 24-ին՝ ողբերգական իրադարձությունների 111-րդ տարելիցի կապակցությամբ քաղաքացիներին ուղղված ուղերձում: Նրա խոսքով՝ հայերի նոր բնաջնջումը թույլ չտալու համար անհրաժեշտ է «դադարեցնել հայրենիքի որոնումները միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս», իսկ կորցրած հողերի վերադարձին, նախկին սահմանների վերականգնմանը կոչ անող ուժերը Հայաստանը դնում են 1878 թվականի Սան Ստեֆանոյի կոնֆերանսի ռելսերի վրա, որի վերջին կայանը պետականության և հայրենիքի կորուստն է: Ահա այսպես, ոչ ավել, ոչ պակաս:

Վերոնշյալից հետևում է, որ եթե Հայաստանի և Թուրքիայի միջև կարգավորումը հնարավոր է, ապա հայ-ռուսական հարաբերությունների հետագա դեգրադացիայի պայմաններում այն առավել ևս տեղի կունենա Անկարայի պայմաններով, և ոչ այլ կերպ:

ՅՈՒՐԻ ՄԱՎԱՇԵՎ

fondsk.ru

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930