Բաքվի հայերի ջարդերը գերմանական դիվանագիտական բացառիկ փաստաթղթերում. ՄԱՍ 2-րդ
1918 թվականի սեպտեմբերին թուրքական զորքերը գրավեցին Բաքուն: Քաղաքի պաշտպանությանը մասնակցել են նաև հայերը: Թուրք-թաթարական հրոսակների կողմից նախապես ծրագրված էր, որ քաղաքի գրավումից հետո պետք է տեղի ունենան հայերի կոտորածները: Սեպտեմբերի 14-ի լույս 15-ի գիշերը սկսվում է քաղաքի գրավումը, քաղաքից փախչում են բրիտանական զորքերը: Քաղաքի գրավումից հետո զինվորականները զինաթափում են բնակիչներին, հաստատում են պարետային ժամ և կեղծ հայտարարություններով հանդես գալիս, որ բնակչության կողմից հանդարտության դեպքում ոչինչ տեղի չի ունենա նրանց հետ: Թուրք-թաթարական հրոսակները իրագործում են իրենց ավանդական մեթոդը՝ զինաթափումից հետո խոստանալով խաղաղություն, բայց իրականացնելով կոտորած: Սեպտեմբերի 16-ից սկսվում է Բաքվի հայերի կոտորածները:

Բաքվի հայերի կոտորածների մասին, հայկական աղբյուրներից զատ, փաստագրական նյութեր կան նաև ռուսական աղբյուրներում: Տասնամյակներ անց բացառիկ փաստագրական նյութեր հրապարակեցին նաև գերմանական և ավստրիական աղբյուրները: Նախորդ համարում արդեն իսկ ներկայացրեցինք այդ բացառիկ արխիվային փաստաթղթերից մեկը՝ տարածաշրջանում գտնվող գերմանական կայսերական պատվիրակության ղեկավար Ֆոն Կրեսի հեռագիրը: Ներկայացնում ենք արդեն Մայրո Մայոյի զեկուցագիրը նույն Ֆոն Կրեսին, որտեղ ևս փաստացի նշվում է Բաքվում հայերի կոտորածի, թուրք-թաթարական հրոսակախմբերի կողմից այն կազմակերպելու, օտարազգիների կոտորածի և սպանված հայերի թվաքանակի մասին:
«Մայոր Մայոյի զեկուցագիրը Ֆոն Կրեսին. Բաքու, 21.09.1918 թ.
Թվում է, թե ջարդերի վերաբերյալ թվերը (տե՛ս ամսի 20-ի զեկուցագիրս) ավելի շուտ պետք է մեծացվեն։ Դանիական հյուպատոսն այսօր ինձ ասաց, որ իր կարծիքով այդ թիվը հասնում է 30.000-ի։ Ինչպես երևում է, թուրքերը և հատկապես ադրբեջանցիները զգում են, որ ամբողջ աշխարհի առաջ այլանդակ խարան են կրելու։ Նրանք նյարդայնացած են. արևելցիների համար դա շատ բան է նշանակում։ Հակառակն ապացուցելու համար այժմ նրանք փորձում են հավաքել նյութեր:
ա) հնարավոր բոլոր, հատկապես չեզոք ազգերի վկաների ցուցմունքները, որոնց համաձայն անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվել անմիջապես և ժամանակին:
բ) հերքել առանձին դեպքերը:
գ) հաստատել, որ մասնակիցները կանոնավոր բանակի զինվորներ չեն եղել, և որ ավելի քիչ թաթարներ են եղել, քան պարսիկներ (այս վերջին կետի վրա է հրավիրվել իրանական հյուպատոսի ուշադրությունը):
Համընդհանուր է այն կարծիքը, որ տեղի է ունեցել հայերի պարբերաբար ոչնչացում, այսինքն՝ քաղաքի գրավումից առնվազն 24 ժամ անց զորքին տրվել է լիակատար ազատություն (տե՛ս հյուպատոսների բողոքը)։ Ես կարծում եմ միայն, որ հնարավոր չի եղել ազատվել այն դևից, որին կանչել էին, և որ ճակատամարտի հաջորդ օրը զորքը պիտանի չի եղել ոստիկանական նպատակներով օգտագործելու համար, այլ պարզապես ցրվել է։ Մեղավոր է ոչ այնքան առկա չար կամքը, որքան թուրքական ռասայի թաքուն բարոյական թերարժեքությունը։

16/9-ին, ամենատարբեր ու բազմաթիվ ականատեսների առաջ, երբ պատմում էին գերմանացիների կյանքին ու սեփականությանը սպառնացող վտանգի՝ մի դեպքին հաջորդող մյուս դեպքի մասին, փոխգնդապետ Պարակենը գիտակցելով և ընդգծելով իր թուրքական պատկանելությունը՝ պահանջեց ամենախիստ պատժիչ միջոցներ։ Նուրին խնդրել է Հալիլից, որ Պարան հեռանա թուրքական ծառայությունից։
Հալիլը զեկուցել է Կ. Պոլիս՝ Նուրիի ցանկությանը համապատասխան։ Ամսի 17-ի կեսօրին եղավ հայտարարություն (կցված է)։ Ես լավագույն բարեկամական հարաբերությունների մեջ եմ այդ պարոնների հետ, որոնք ամենաբարենպաստ տպավորություն են թողնում։ Բողոքի վերջին նախադասությունը, որն իմ կողմից էր առաջարկված, պետք է հասկանալի դարձնի այն չեզոք կարծիքը, թե թուրքերը զրկվում են Բաքվում հովանավորի դեր խաղալու իրավունքից։ Հյուպատոսները անդադար աշխատել են մեր ռազմագերիների համար և արժանի են բարձր պարգևների։ Դանիական հյուպատոս Էրիկ Բիրյինգը արտակարգ աշխատասեր և հատուկ ընդունակությունների տեր մարդ է։ Հյուպատոսներին դեռ այսօր էլ ամեն կողմից հեղեղում են արդարացի բողոքներով և հարցերով։ Քաղաքում, թեև իրավիճակը խաղաղվել է, սակայն գյուղերում, հորատանցքերի շրջակայքում ահաբեկումը շարունակվում է՝ շանտաժի և բռնաբարությունների ձևով։

Սուրախանիում 18 ռուսահպատակ գերմանացի աղջիկների բռնաբարությունների մասին իմ հաղորդման կապակցությամբ ես այսօր ասացի Նազըմ բեյին, որ միայն այն ժամանակ կկարողանամ հավատալ թուրքական արդարությանը, եթե Շեյխ Բալաևը՝ թաթարական ավազակապետ, քրիստոնյա կանանցից կազմված «հարեմի» տեր և Սուրախանիի ազդեցիկ դեմք, մինչև ամսի 22-ի երեկոն «Մետրոպոլ» հյուրանոցի առաջ հանդիսավոր կախաղան բարձրացվի…:

Մայո
Rutland 97a, Rupisch-Aslen, Kaukasus, Bd. 27, A 43318, բնագիր»: (Մանուչարյան Ա. Լ., «1918 թ. Բաքվի հայկական ջարդերը (ԳՖՀ-ի արտաքին գործերի մինիստրության քաղաքական արխիվի փաստաթղթերը», Լրաբեր Հասարակական գիտությունների, 1990, Երևան, էջ 79-80):
Ներկայացնելով Բաքվի հայերի կոտորածների մանրամասները, հայկական և օտար փաստերը, եզրափակենք հոդվածը պետական գործիչ Սերգեյ Մելիք Յոլչյանի խոսքերով. «Այսպես սկսեց իր պետական կյանքը նորածին Ադրբեջանը»:
Զ. Շուշեցի

