Բաժիններ՝

Հայկ Բիանջյան. «Ինչո՞ւ Երևանում այսօր մեծություններ չեն ծնվում… որովհետև միջավայրը դրան չի նպաստում» (լուսանկարներ)

Լուսանկարիչ Հայկ Բիանջյանն ավելի քան տասը տարի նկարում է Երևանում տեղի ունեցող կառուցապատման աշխատանքները: Նրա լուսանկարները հաջորդ սերունդների համար փաստավավերագրական լիարժեք նյութեր կարող են հանդիսանալ, որոնք կվկայեն հին քաղաքի ոչնչացման գործընթացների և նոր կառուցապատումների մասին:

Այսօր Հայկի լուսանկարչական սարքի ուշադրության կենտրոնում են հայտնվել նաև Գյումրի, Գորիս և Աշտարակ քաղաքների հին շենքերն ու կառույցները: Լուսանկարչի խոսքով` սա կարծես կոչ լինի այս երեք քաղաքի բնակիչներին, որ տեսնելով Երևանում տեղի ունեցող գործընթացները՝ տեր կանգնեն իրենց հին կառույցներին: Ներկայացնում ենք 168.am-ի զրույցը լուսանկարչի հետ:

– Հայկ, տեղյակ եմ, որ 2002-2003 թվականներից եք սկսել լուսանկարել: Ինչպե՞ս ստացվեց, որ լուսանկարչությամբ տարվեցիք:

– Մինչև լուսանկարչությամբ տարվելը, հաճախել եմ Հ. Իգիթյանի անվան արվեստի կենտրոն, որտեղ սովորել եմ նկարչություն, կերամիկա և այլն: Որոշ ժամանակ անց լուսանկարչության մեջ գտա այս բոլորի ամբողջությունը: 1999 թվականից սկսել եմ գեղարվեստական լուսանկարչությամբ զբաղվել: Արդեն 2003 թվականից դոկումենտալ լուսանկարչությամբ տարվեցի: Մի ծրագրի շրջանակներում սկսեցի Երևանը նկարել ու ժամանակի ընթացքում հասկացա, որ դա իմ կյանքի ամենալուրջ ծրագիրն է լինելու: Այն ժամանակ չէի պատկերացնում, որ այս ծրագիրն այդքան կերկարաձգվի: Առաջին հայացքից՝ խնդիրն այն ժամանակ շատ փոքր էր երևում, բայց ժամանակը ցույց տվեց, որ քաղաքաշինական խնդիրները գնալով մեծանում են:

Կարդացեք նաև

– Այսինքն` սկսեցիք քաղաքաշինական ծրագրից, որն այսքան երկարաձգվեց…

– Այո: Ես սկսեցի հետաքրքրվել, թե ինչ է եղել Երևանին: Ինձ միշտ զարմացնում է, որ մենք ամեն տարի նշում ենք մեր քաղաքի տոնը, բայց չկա մի շենք, կառույց, որը կապացուցի, որ հին քաղաք ենք եղել: Աշխատելով արխիվների հետ` հասկացա, որ բավական հետաքրքիր միջավայր ունեցող քաղաք ենք ունեցել, ճիշտ է՝ ոչ շատ ճոխ, բայց ունեինք հին միջավայր: Երևանը համարվում է Հռոմից հին քաղաք, բայց ներկա պահին 100 տարվա հնության միայն Կոնդ թաղամասն է մնացել: Մի օր էլ Կոնդի գլխին մի բան կգա…

– Հայկ, լուսանկարելով քաղաքում տեղի ունեցող բարբարոսությունը, բնական է, որ քաղաքային իշխանությունների համակրանքին դժվար արժանանաք: Երբևէ Ձեր լուսանկարների պատճառով Երևանի քաղաքապետարանի հետ խնդիրներ չե՞ք ունեցել:

– Բնական է, որ իրենք չեն ցանկանում, որ այդ լուսանկարները տարածվեն: Իրենք սկզբում չգիտեին էլ, որ կա մի անհատ լրագրող, որը հետևում է իրենց գործունեությանը: Ես հայտնվում էի բոլոր վայրերում և ֆիքսում տեղի ունեցողը:

Hayk08

Ցավալի է, որ երբ մենք ցույց ենք տալիս լուսանկարները, իրենք ասում են, որ շատ վատ գործընթաց է տեղի ունենում, բայց, չգիտես ինչո՞ւ, նույն գործընթացը շարունակվում է: Այս ընթացքում կարողացել ենք պահպանել միայն կինո «Մոսկվայի» ամառային դահլիճը և Մաշտոցի պուրակը, բայց այս երկուսն այնքան փոքր է մեր քաղաքի ընդհանուր խնդիրների մեջ:

– Տարիներ շարունակ նկարելով Երևանը` Ձեզ համար քաղաքը, կարծում եմ, բոլորովին այլ տեսք կունենա: Կբնութագրե՞ք այն Երևանը, որն այսօր տեսնում եք:

– Այսօրվա Երևանը դեպրեսիվ քաղաք է դարձել: Երևանի կենտրոնը շատ խիտ կառուցապատված է, չկան բակային տարածքներ, կարծես ավտոմեքենաների հիթ շքերթ է, Դիսնեյ Լենդի շոու: Երևանն այսպիսի քաղաք չէր: Բոլորն էլ գիտեն, թե ինչպիսի լավ միջավայր է այստեղ եղել: Այսօր հեռուստատեսությամբ հեռարձակվող սերիալները համապատասխանում են մեր քաղաքաշինությանը: Չի կարելի այսքան օբյեկտներով խեղդել մեր քաղաքը: Քաղաքաշինությունը միայն ճարտարապետություն չի, այն նաև մարդու տեսակի փոփոխություն է ենթադրում: Փոխվում է միջավայրը, որի արդյունքում՝ մենք այսօր ունենք երիտասարդ, ով չգիտի իր պատմությունը: Ինչո՞ւ Երևանում այսօր մեծություններ չեն ծնվում… որովհետև միջավայրը դրան չի դրդում, չի նպաստում:

– Ձեր լուսանկարները մեր և հետագա սերունդների համար հիշողություններ արթնացնող միջոց են, բայց որքանո՞վ է Ձեր աշխատանքը գումարային առումով շահավետ:

– Ընդհանրապես շահավետ չէ: Երբ ես նոր էի սկսել նկարել, ամեն ինչ իմ միջոցներով էի անում: Հետո, այսպես ասած, կպա գործին, ուրիշ տեղից գումար էի աշխատում՝ այստեղ ներդրում անում: Բացի այդ, դոկումենտալիստիկան երկարաժամկետ ծրագիր է: Ես հասկանում էի գործիս կարևորությունը: Եթե ես չանեի, ուրիշն էլ չաներ, ապա քաղաքային իշխանություններն ամեն ինչ կկոծկեին:

– Այս ամենի լուծումն ինչպե՞ք ես տեսնում:

– Լուծման համար արդեն շատ ուշ է, անուղղելի սխալներ են թույլ տրվել, որոնք այլևս հնարավոր չէ ուղղել: Ամեն դեպքում պետք է դադարեցնել կենտրոնի կառուցապատումը: Բոլոր որոշումները հիմնականում կայացվում են փակ դռների ետևում, պետք է հասարակության հետ իրական երկխոսություն սկսվի, որից հետո նոր որոշումներ կայացվեն:  Հասարակությունն էլ իր հերթին՝ պետք է արթնանա քնից: Փակ շուկայում ակցիա ենք կազմակերպում, մի քանի հոգի են գալիս: Այս անտարբերությունը հանգեցրեց քաղաքի այս վիճակին: Չգիտեմ՝ բետոնապատելու, ասֆալտապատելու մոլուցքը որտեղի՞ց եկավ և մեր մեջ մտավ: Եթե Փակ շուկայի դեպքում էլ մարդիկ գնային-պայքարեին, այսպիսի վիճակում չէինք հայտնվի: Կարծիք կա, որ օդում ինչ-որ նյութ են ներարկել, և բոլորը զոմբիացած վիճակում են: Մի քանի անհատներն այնքա՜ն քիչ են: Քաղաքը մի օր կարթնանա ու կտեսնի, որ քաղաքն այլևս չկա: Կլինի ինչ-որ քաղաք, բայց ուրիշ, անունն էլ չգիտեմ՝ ինչ կլինի:

Hayk

Hayk0

Hayk02

Hayk01

Hayk03

Hayk04

Hayk06

Hayk09

Hayk07

Hayk05

Հայկ Բիանջյանի լուսանկարներին կարող եք ծանոթանալ այստեղ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930