Ինչպես հայ կանայք պահեցին ընտանիքն ու ինքնությունը. ասեղնագործությունը՝ փրկօղակ
Երբվանի՞ց են հայ կանայք զբաղվել ասեղնագործությամբ, ի՞նչ նշանակություն է այն ունեցել, ինչպե՞ս են ասեղնագործության շնորհիվ փրկվել կյանքեր։ Այս մասին զրուցել ենք ազգագրագետ, պատմական գիտությունների թեկնածու Կարինե Բազեյանի հետ։
– Երբվանի՞ց են հայերը զբաղվել ասեղնագործությամբ։
– Ասեղնագործությունը հնագույն ծագում ունի։ Քանի որ օրգանական նյութ է, թելը, կտորը շատ շուտ են քայքայվում, և մենք դրա հնագույն օրինակները չունենք փաստագրված, բայց կան սկզբնաղբյուրներ, որոնք փաստում են, որ ասեղնագործությունը հայերի մեջ գոյություն ունի մի քանի հազար տարի։ Բոլոր դեպքերում հայերեն թարգմանված առաջին գրքում՝ Աստվածաշնչում, ասեղնագործությունն արդեն որպես տերմին գոյություն ունի, և դա նշանակում է, որ հայտնի է եղել։ Գերազանցապես կանանց զբաղմունք է եղել։

Միջնադարից վստահաբար գիտենք, որ ասեղնագործությունը լայն տարածում է ունեցել և մեծ պահանջարկ ունեցող արհեստ է եղել։ Քաղաքների առանձին թաղամասերում գործել են արհեստանոցներ, որտեղ աշխատել են տղամարդիկ, նվիրատվություններ են արել եկեղեցուն, մասնավորապես՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։
Ունենք վկայություն, որ վաղ միջնադարում ասեղնագործությունը բարձր կատարելության է հասել, իսկ դա ցույց է տալիս, որ շատ ավելի հին է, որովհետև կատարյալ վիճակի հասնելու համար պետք է ճանապարհ անցնել։
– Անիի՞ց են գտել ամենահին բանվածքը։
– Մինչև վերջերս Անիից էր, բայց Արենիի պեղումներից գործվածքի մեծ հավաքածու դուրս եկավ, և հայտնաբերվեց ասեղնագործության մի փոքրիկ կտոր։ Ըստ երևույթին հագուստի կտոր է՝ բրդի թելերով արված։ Այսինքն, լրիվ ժողովրդական ասեղնագործություն է։ Թվագրվում է մեր թվարկության 7-9-րդ դարերով։ Սա ամենահին օրինակն է, որը հայտնաբերվել է Հայաստանում, իսկ Անիինը ավելի շուտ է հայտնաբերվել, Մառի և Օրբելու պեղումների ժամանակ է ի հայտ եկել և վերնախավային է, որովհետև ասեղնագործությունը ոսկե թելերով է, կտորը մետաքս է, Տիգրան Հոնենցի ազգականուհու աղջիկ երեխայի թաղման հանդերձանքից է։ Ե՛վ զգեստն է մետաքսյա, և՛ դեմքին ու գլխի տակ գցված ծածկոցը, որոնք նույնպես ասեղնագործված են ու ներկայացնում են արդեն 13-րդ դարի վերնախավային ասեղնագործությունը։
– Զարդանախշերի տարբերություն կա՞ պեղումների ժամանակ հայտնաբերված նմուշների միջև։
– Ժողովրդական ասեղնագործությունը մի քիչ ավելի պարզ է և՛ նյութով, և՛ տեխնիկայով․ բրդի թելով է արվում, հյուսվածքը մի քիչ կոշտ է։ Նախշերը տեսնում ենք և՛ գորգերի, և՛ կարպետների մեջ։ Իսկ ինչ վերաբերում է Անիում հայտնաբերված հագուստին, ոսկեթել ասեղնագործություն է, հարթակար։ Մյուսը ոսկեթելի և մետաքսաթելի ոլորապտույտով արվածն է, որը լայնորեն կիրառվել է Արևմտյան Հայաստանում։ Կիլիկիայում, բարձր Հայքում այս տեխնիկան տարածված է եղել մինչև 19-րդ դարի վերջ, 20-րդ դարի սկիզբ։ Նախշերն էլ համեմատում ես՝ տեսնում ես, որ նմանություն կա, հատկապես կենաց ծառի մասով։ Այն ավելի արտահայտվում է Բարձր Հայքի կնոջ հագուստի համալիրում։
– Օրինակ՝ Սյունիքում, Արցախում այլ զարդանախշեր են եղել․ աստղածաղիկ, սափոր են ասեղնագործել։
– Իհարկե, մեր ասեղնագործությունը հենց դրանով է նաև հետաքրքիր, որ շատ բազմազան է, և ամեն տարածաշրջան ունի իր դրսևորման ձևերը։ Տարբեր են նյութերը, թելերը, առարկաները, գույների համադրությունը։ Հստակ կառուցում ես, թե որ զարդանախշը որտեղ լինի, որովհետև բոլորի մեջ իմաստ է դրվում։
– Տարածված է եղել վիշապի, օձի զարդանախշը․ սա ի՞նչ է նշանակում։
– Մեր ժողովուրդը հնագույն հավատալիքների մեջ օձի պաշտամունք ունի։ Մի քիչ ավելի ուշ շրջանում օձը վերածվել է վիշապի, որովհետև վիշապ իրականում չկա, այն առասպելական օձն է, որն ավելի խոշոր է, ուրիշ գործառույթ ունի։ Հայկական առասպելաբանության մեջ երկակի իմաստ ունի․ դրական ու բացասական։ Ե՛վ չար ուժ է ներկայացնում, և՛ բարի։ Վիշապաքարերը Հայաստանում դրվել են ջրի ակունքներում, պաշտպանել են ջուրը և այս առումով ջրային տարերքի հետ են կապվում։
Իսկ օձը մինչ օրս մեր բառապաշարում կիրառվում է․ ասում են՝ «օձի պես խորամանկ է», բայց ՀՀ գրեթե բոլոր տարածաշրջաններից պահպանված և գրանցված ազգագրական նյութերը ցույց են տալիս, որ օձը համարվել է ընտանիքին հաջողություն բերող, պահպանող, բարեկեցությունն ապահովող կենդանի։ Ժողովուրդը միշտ ասել է՝ «տան դովլաթ», և օձերը, որ շատ ժամանակ մառաններ են եկել ու բնակվել, տանտիկինները նույնիսկ այդ օձերին կերակրել են, ամաններով կաթ են դրել, որ օձը գա, կաթն ուտի, գնա։
– Ճի՞շտ է, որ ժամանակին հայերը բնակարաններում օձեր են պահել։
– Ոչ թե օձը պահել են, այլ օձը եկել է։ Նա ինքն է գալիս, դու չես գնում բռնում-բերում։ Օձը ընտրել, գնացել է մառան, քանի որ մթերքն այնտեղ էր, նկատել են, քանի որ գետինը հողից էր, հետագիծը կերևար։ Այդ ոլորապտույտը հետո պետք է գնար, դրսևորվեր մեր զարդարվեստում՝ հայերեն մեծատառ Տ-ի ձևով։ Այս պատկերը տեսնում ենք գորգերի, կարպետների, ասեղնագործության մեջ, և սա ցույց է տալիս, որ դրվել է տվյալ առարկայի մեջ, որպեսզի պաշտպանի տվյալ ընտանիքը։ Ամեն ընտանիքում չէ, որ օձ կար, դրա համար պատկերագրված օձ է կիրառվել տանը։ Դրանով ինչ-որ բան ծածկել են, օրինակ՝ սնդուկը, գցել են հացի վրա, և այլն։ Մեր ասեղնագործության մեջ ի՞նչն է հետաքրքիր․ այն, որ դրանք սովորաբար եզրագծերում են լինում։

– Զարդանախշերն ունեցե՞լ են չարխափան նշանակություն։
– Տարբեր նշանակություն են ունեցել։ Օձը զարդանախշի մեջ պաշտպանիչ է։ Կապված է նաև պտղաբերության հետ։
Պատկերվել է նաև Կենաց ծառ, որը հենց կյանքի ծառն է, խորհրդանշում է աճ, բեղմնավորում, հարստություն։ Արցախի սրբիչների հիմնական կրող զարդանախշն է։ Միայն Կենաց ծառ է՝ զույգ թռչունները վրան։ Պտղաբերությունն այստեղ այդ ձևով է արտահայտվում։ Դրա համար այս զարդանախշն արվում է տոնական, ծիսական սրբիչների վրա։
Վասպուրականում, Սյունիքում, Արցախում ունենք սովորույթ, երբ Զատիկից առաջ, Ավագ ուրբաթ օրը երկու տեսակի պաշտպանիչ գործառույթներ են իրականացվել։ Մի կողմից՝ դարբինները լուռ ու մունջ պատրաստում էին երկաթից մատանիներ և ապարանջաններ, որ հետո որպես չարխափան՝ կրեին երեխաներն ու նորահարս կանայք, իսկ ասեղնագործության դեպքում Ավագ ուրբաթ օրը մայրերն իրենց երեխաների թիկունքին փոքրիկ կութերով Կենաց ծառի պատկերներ էին անում։ Ուրիշ տարածաշրջաններում կարող է օձի պատկեր անեին կամ կարիճի, որպեսզի պաշտպաներ երեխային։ Դա արդեն չարխափան էր, պաշտպանելու էր բոլոր տեսակի վնասներից։
– Գույներն ի՞նչ նշանակություն են ունեցել։
– Հիմնական գույները եղել են կարմիրը, կապույտը և կանաչը։ Մի քիչ էլ՝ դեղինը։ Կարմիրը կյանքն է խորհրդանշում, կանաչը պտղաբերության խորհուրդն ունի․ կանաչ ճանապարհ, բուսականություն․․․ Մեր հարսանեկան ծիսաշարն ամբողջովին կարմիրի ու կանաչի հետ է կապված։ Ունենք ասեղնագործության տեսակներ, որ միայն սպիտակով են արվում, և այս դեպքում այն զուտ տարածքային, տեղական նշանակություն ունեցող է։
– Ասեղնագործական ո՞ր դպրոցի ավանդույթներն են մինչ օրս շարունակվում։
– Մի ժամանակ եկավ, երբ ասեղնագործությունն անկում ապրեց, և դա պայմանավորված էր մի շարք հանգամանքներով․և՛ քաղաքական, և՛ սոցիալ-տնտեսական։ Մինչև 20-րդ դարի սկիզբը, երբ մեր ժողովուրդն իր բնօրրանում էր ապրում, շարունակում էր ստեղծագործել, կրում էր այդ մշակույթը։
Հայոց ցեղասպանությունից հետո դուրս եկան բնօրրանից։ Հայ կանանց համար ասեղնագործությունն ինքնության նշան է։ Սփյուռքահայ կանայք ասեղնագործության միջոցով փորձում էին պահել իրենց հայկականությունը և դրա համար շարունակեցին ստեղծագործել։
Ցեղասպանության հետևանքով հայ կանանց ստվար զանգվածը, որ հայտնվեց եվրոպական, Մերձավոր Արևելքի երկրներում, հենց ձեռքի աշխատանքով կարողացավ իր ընտանիքը պահել՝ առանց լեզվի իմացության, լրիվ նոր, անծանոթ միջավայրում։ Դա իրենց ձեռքի շնորհքն էր, որով կարողացան ապրուստ հայթայթել երեխաների համար։ Ոչ միայն երեխաներին պահել են, այլև ձեռագործ աշխատանքը վաճառելով՝ երեխաներին կրթության են տվել տարբեր երկրներում։
Այսինքն, այն մեր կանանց համար եղել է փրկօղակ, շատ կարևոր ինքնության նշան, դրա համար իրենք մինչև մեր օրերը դա պահում են։ Եվ դրանով էր պայմանավորված, որ սիրիահայ կանայք, գալով Հայաստան, մասսայականացրեցին ասեղնագործության մշակույթը։
Ցավոք, տիրապետելով գրեթե բոլոր տեխնիկական միջոցներին՝ ունենք ասեղնագործության առանձին դպրոցներ, որոնք այսօր այլևս չկան։ Ունենք վարպետներ, որոնք փորձում են վերականգնել, կրկնօրինակներն անել, բայց որ ժողովուրդը զանգվածային զբաղվի դրանով՝ չունենք։ Դա էր խնդիրը, որ Այնթապի ասեղնագործությունը կարծես դուրս մնաց։ Պետք է պահանջարկ լինի։ Ցավոք, չկա Արցախի դպրոցը։ Վարպետներն էլի կրկնօրինակում են, բայց դա լրիվ ուրիշ բան է։ Նույնը վերաբերում է Վասպուրականին, մասնավորապես Վանի կարը և դրանով արված աշխատանքները նույնպես այսօր չկան։ Շատ են Ուրֆայի, Մարաշի կարատեսակներով աշխատող վարպետները։

– Ժամանակակից մոտեցումներին ինչպե՞ս եք վերաբերվում։
– Դրական, որովհետև ժամանակները, մշակույթը, մարդկանց պահանջմունքները, կյանքի պայմանները փոխվում են։ Այսօր կա այլ առարկաների պահանջարկ։ Ավելի շատ գնացել է շուկայական հարաբերությունների ոլորտ։ Պատրաստում են հուշանվերներ, որոնք հեշտ է գնել։ Գործերը նաև պատվերով են անում, իսկ այս դեպքում պատվիրատուն ինչպես ուզեց՝ այնպես են անում, ու այստեղ որոշակի փոփոխություններ են լինում։ Կարևորն այն է, որ վարպետները փորձում են մնալ ազգային ավանդույթների մեջ, շարունակել։
– Նոր զարդանախշեր ստեղծվո՞ւմ են։
– Այո, ստեղծվում են, ուղղակի խնդիրն այն է, որ ունենք տարբեր վարպետներ։ Վարպետներ, որոնք մնում են ավանդականի մեջ, և ունենք վարպետներ, որոնք պահում են տեխնիկան, ազգայինը, բայց ստեղծում են սեփականը, և դրանով իրենց աշխատանքները տարբերվում են մյուսներից։
– Հայ կանայք ասեղնագործության միջոցով ի՞նչ հաղորդագրություն են փոխանցել սերունդներին։
– Ասեղնագործության միջոցով գիտելիքներ ենք փոխանցում։ Փոխանցում ենք մեր հնագույն հավատալիքները, մեր էությունը՝ ո՞վ ենք, ինչպիսի՞ն ենք։ Գույնը, նախշը, պատկերը, առարկան, որ ստեղծել ենք, դա հենց մերն է և այն փոխանցելով հաջորդ սերունդներին՝ փորձում ենք պահել հայկական ինքնությունը։ Կարծում եմ, որ առաջնայինը դա է։



