«Օդում կախված լուրերի համաձայն՝ Գյումրիում պաշտոնանկություններ են սպասվում. Վարդանանց հրապարակ մարզպետի մակարդակով չեն կարողացել մարդ լցնել». Գյումրեցի գործարար

Երեկ՝ ապրիլի 19-ին,  Նիկոլ Փաշինյանն իր թիմով, «վարչաբենդով»՝ ավտոերթով հյուրախաղերի էր մեկնել Գյումրի։ Նիկոլ Փաշինյանին այս անգամ ուղեկցում էր Աննա Հակոբյանը, ով վերջերս Ֆեյսբուքում տեսանյութի միջոցով հայտարարել էր, որ ինքը և Նիկոլ Փաշինյանն ամուսնալուծվել են։

Նիկոլ Փաշինյանի համերգը Գյումրու Վարդանանց հրապարակում հատուկ խորագիր ուներ՝ «Խաղաղության ձայնը»։

Գյումրեցի գործարար Գևորգ Ավագյանը վստահ է՝ որքան էլ Նիկոլ Փաշինյանը համերգներ ունենա Գյումրիում, միևնույն է՝ նա իշխանության է եկել Գյումրիից քայլելով, իշխանությունից էլ կհեռանա հենց Գյումրիից։

«Փաշինյանը Գյումրիից սկսել, Գյումրիից էլ կավարտի, նա քաղաքական դաշտից դուրս է շպրտվելու։ Նա այսքան բաներ արեց, այլևս անելիք չունի, գյումրեցիներն արդեն իրենց կամքն ասել են ընտրություններով։

Կարդացեք նաև

Երեկ էլ վեր էր կացել ու իր թիմակիցներով Գյումրի էր եկել, վարչական ռեսուրսով, ոստիկանական ուժերով, որոնց մի մասը քաղաքացիական հագուստով էին, բայց հրապարակի միայն մի մասն էր լցվել։ Այսինքն՝ եթե Նիկոլ Փաշինյանն իր հետ մարդ չբերեր, գյումրեցիներից շատ քչերն էին գնալու հրապարակ։ Նիկոլ Փաշինյանն իր հետ իր հանդիսատեսին Երևանից էր բերել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գևորգ Ավագյանը։

Շարունակելով՝ մեր զրուցակիցն ասաց՝ Նիկոլ Փաշինյանի հետ այնպիսի դեմքեր էին, որոնք տարբեր իշխանությունների ժամանակ այդ իշխանությունների կողքին են եղել՝ ՀՅԴ-ի ժամանակ՝ նրանց հետ են եղել, ՀՀԿ-ի ժամանակ՝ նրանց, այսինքն՝ «շոպլիկներ» են եղել։

«Դե, նման մարդիկ էլ հանուն փողի ու պաշտոնի ամեն ինչի պատրաստ են, ավելին՝ այս մարդիկ միշտ կան ու լինելու են՝ բոլոր ժամանակներում։ Իրենց միայն օրվա լափն է հետաքրքրում, չեն մտածում հայրենիք ունենալու մասին, չեն մտածում Արցախը, հայրենիքը չհանձնելու մասին, նրանց օրը սկսվում է պարգևավճար ստանալու մասին մտածելով, թե ով սահմանին կզոհվի, ով առանց տուն կմնա՝ նրանց չի հետաքրքրում, կարևորը՝ իրենց կանայք կարողանան կաբլուկ հագնեն։ Այս մասսան է եղել  Փաշինյանի համերգին, ուրախ եմ, որ գյումրեցիներն իրենց դիրքորոշումը երեկ ցույց տվեցին։

Նիկոլ Փաշինյանը Գյումրիում պարտվել է՝ ընտրություններով, իշխանափոխությունից հետո էլ իշխանություն չեն կարողացել կազմել մեր քաղաքում։ Հիշում եք՝ 2020 թվականի աղետից հետո Սյունիքի համայնքապետերը պահանջեցին Փաշինյանի հրաժարականը, բայց կեսից չգիտեմ իրենց պոչերն ուր մտցրեցին ու լռեցին, դարձան իրենցից, բայց Գյումրիում այդպես չեղավ, այստեղ միասնական կանգնած են»,- հավելեց Գևորգ Ավագյանը։

Նա վստահ է՝ հունիսի 7-ին, ընտրությունների ժամանակ գյումրեցին Նիկոլ Փաշինյանին «ոչ» է ասելու։

Մեր զրուցակիցը նաև հավելեց, որ երեկ «Հյուսիս-Հարավի» բացումն էր՝ դեպի Գյումրի-Երևան, բայց այդ «Հյուսիս-Հարավը» Գյումրի չի էլ հասել, ավարտվում է Բենիամին գյուղի հատվածում, մինչև Գյումրի հասնելը 15 կմ կա, Գյումրի չի էլ մտնելու, այլ շրջանցելու է և Ախուրյան վարչական տարածքով է անցնելու։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը փորձում էր այս ճանապարհով գյումրեցիների մոտ «փիառվեր», սակայն չստացվեց։

«Օդում կախված լուրերի համաձայն, Գյումրիում այս մասով պաշտոնանկություններ են սպասվում, քանի որ Վարդանանց հրապարակը մարզպետի մակարդակով չեն կարողացել մարդ լցնել։ Խոսակցություններ են շրջանառվում, որ մարզպետին կարող է ստիպեն հրաժարական տալ։

Ցանկացած պայքարի մենք պատրաստ ենք, մեր կամքը անկոտրում է, ասում ենք՝ թուրքի հետ մենք չենք կարող բարեկամ լինել, ուզում են մեզ ձերբակալեն, կալանավորեն, մենք մեր խոսքն ասելու ենք։ Մեզ ոչ մեկը չի կարող լռեցնել, ոչ մի կուսակցության անդամ չենք ու որևէ մեկից կախում չունենք, ընդդիմադիրների շարքում ցանկացած մեկը, ով ազգանպաստ գործ կանի և Նիկոլի կողքին չի կանգնի, մենք նրա հետ ենք լինելու։ Բայց եթե իմանանք, որ ընդդիմադիրներից որևէ մեկը կկանգնի Նիկոլ Փաշինյանի կողքին, մենք նրա դեմ էլ ենք պայքարելու այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանի դեմ ենք պայքարում։ Նկատի ունեմ, ովքեր «խաղերի» մեջ են, մենք նրանց բացահայտելու ենք, դրա համար առիթից օգտվելով ասում եմ՝ քանի դեռ ուշ չէ, հետ կանգնեք։

Կրկնում եմ՝ Գյումրիում Նիկոլ Փաշինյանը ձայն չի ստանա, անգամ իր վարչական ռեսուրսը նրան չի օգնելու, որ անցողիկ շեմը գոնե հաղթահարի։ Երեկ Վարդանանց հրապարակը ձեզ օրինակ, մեզ մոտ մի «Կացին» կա, եթե համերգ հրավիրեր, կարծում եմ՝ ավելի շատ մարդ կգար։ Նույնիսկ մարզպետարանի աշխատակիցներն էին ամաչում համերգին գնային իրենց ընտանիքի անդամներով, մի քանիսը կան, որ չեն էլ գնացել։ Դե, նույնիսկ պաշտոն զբաղեցնող անձինք էլ են հասկանում, որ Նիկոլի տակի աթոռը «խախուտ» է, աթոռի ոտնաթաթն էլ չկա»,- ընդգծեց գյումրեցի գործարարը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930