Սա ինձ ավելի շատ հիշեցրեց Թրամփ-Զելենսկի հանդիպումը… Պուտինը միանգամից պայման դրեց․ Վիգեն Հակոբյան

«Փաշինյանի՝ Մոսկվա այցի հիմնական նպատակը Ռուսաստանի դիրքորոշումը հասկանալն էր և ոչ այնքան՝ ուղղակի «դաբրո» ստանալը,- 168am-ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ, վերլուծաբան Վիգեն Հակոբյանը՝ մանրամասնելով,- Նիկոլ Փաշինյանի համար բոլոր աշխարհաքաղաքական և ռեգիոնալ խաղացողների վարքագիծը մոտավորապես հաշվարկելի և կանխատեսելի էր՝ բացի Ռուսաստանի դիրքորոշումից»։

Քաղտեխնոլոգը նկատեց, որ, օրինակ, թեև Փաշինյանի համար պարզ է՝ Եվրոպան աջակցում է իրեն, բայց ի դժբախտություն նրա, Եվրոպան մեր տարածաշրջանում գետնի վրա առանձնապես ներկայացված չէ, ու առավելագույնը, որ եվրոպացիները կարող են անել քաղաքական տեսակետից, Փաշինյանի հնարավոր բոլոր ապօրինությունների վրա աչք փակելն է, և այլն։

Ըստ նրա՝ այս հարցում օբյեկտիվորեն պետք չէ սպասել նաև ԱՄՆ-ի ու Իրանի ակտիվությանը․ «Բավականին խառն են»։

«Ինքը վստահ է Ադրբեջանի և Թուրքիայի աջակցության վրա։ Մնում է ՌԴ դիրքորոշումը, որը բացարձակապես անկանխատեսելի է այն առումով, որ Ռուսաստանի հնարավորությունների շղթան մեծ է՝ սկսած ոչ մի բան չանելուց, վերջացրած՝ ինչ-որ մի բան անելով։ Այդ պատճառով որոշեց հանդիպել Պուտինին՝ հասկանալու նրա տրամադրվածությունը»,- նկատեց Վիգեն Հակոբյանը։

Կարդացեք նաև

Հարցին՝ իսկ ի՞նչ հասկացավ Փաշինյանը, քաղտեխնոլոգը պատասխանեց․ «Ես կարծում եմ` հասկացավ, որ ինքը ՌԴ-ի հետ կապված բավականին լուրջ պրոբլեմներ ունի»։

Մասնագետն ուշադրություն հրավիրեց հանդիպման ձևաչափի վրա՝ նկատառմամբ, որ սովորաբար հանդիպման պաշտոնական հատվածը երկար չի տևում, մինչդեռ այս դեպքում երկարեց՝ ձգվելով մոտ 20-25 րոպե։

«Սա ինձ ավելի շատ հիշեցրեց Թրամփ-Զելենսկի հանդիպումը։ Իհարկե, այստեղ գործը չհասավ ուղղակի բանավեճին, և նաև այն տարբերությամբ, որ, եթե Սպիտակ տանը Զելենսկուն ճաշ էլ չտվեցին, Փաշինյանին տվեցին այդ ճաշը։

Պուտինը միանգամից անցավ օրակարգին՝ սկսեց ընտրական թեմաներից, և ամբողջ պրոբլեմատիկ օրակարգն ինքն առաջ քաշեց․ էներգետիկա, գազամատակարարում, Եվրամիության հետ հարաբերություններ, պրոռուսական գործիչների քաղաքական հետապնդում։ Պուտինը միանգամից պայման դրեց՝ մոլդովական սցենարի մասին մոռանալ, և այլն»։

Վիգեն Հակոբյանն ուշագրավ է համարում Արցախի մասին հարցին անդրադարձը՝ նկատելով, որ դրանով Պուտինն արձանագրեց, որ Ղարաբաղյան հարցը փակված չէ։

«Բոլոր կնճռոտ հարցերը, փաստացի, Պուտինը միանգամից բարձրացրեց՝ առանց շանս տալու, որպեսզի դրանից խուսափեն։ Բավականին սուր խոսակցություն էր»,- հավելեց քաղտեխնոլոգը։

Ես կարծում եմ՝ Փաշինյանին նրա դրսի կուրատորները խորհուրդ էին տվել, որպեսզի ինքն իրեն պահի այնպես, ինչպես Զելենսկին էր պահում Թրամփի հետ։ Նույն մարտավարությունն էր՝ հակաճառել, երբեմն զազրախոսել՝ զուտ ներքին լսարանի մոտ հերոսի, չհանձնվողի կերպար ձևավորելու համար, բայց, ենթադրում եմ, որ ինչպես Զելենսկու դեպքում, այստեղ էլ կարող է նույն ձևով էլ հետևանքները լինեն»,- ամփոփեց վերլուծաբանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930