Հարավային Կովկասում սրացումը դադարեցնելու համար Պուտինից պահանջվում էր ընդամենը մեկ զանգ, իսկ հիմա․․․ Իսկանդարյան
Երևանում հրավիրված քննարկմանը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն անդրադառնալով կոնֆլիկտների աշխարհաքաղաքականացման խնդիրներին՝ նշել է, որ, օրինակ, այն, ինչ այսօր տեղի է ունենում Հայաստանում, արդյունք է 2020, 2022, 2023 և 2024 թվականների իրադարձությունների, և դրանք փոխկապակցված են:
«Ես նկատի ունեմ Հայաստանի ջախջախիչ պարտությունը 2020 թվականի պատերազմում, ռուս-ուկրաինական պատերազմի սկիզբը և հետխորհրդային տարածքում ՌԴ դերակատարման փոփոխությունը: Ղարաբաղյան երկրորդ պատերազմն առաջին դեպքն էր, երբ ոչ հետխորհրդային խաղացողը լրջորեն միջամտել է հետխորհրդային հակամարտությանը, նման բան երբևէ չի եղել ոչ մի տեղ՝ ո՛չ Մերձդնեստրում, ո՛չ Աբխազիայում, ո՛չ Օսեթիայում, ո՛չ էլ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ»,- նշել է նա՝ մանրամասնելով, որ 2023 թվականի իրադարձություն ասելով՝ նկատի ունի Արցախի հայաթափումը, 2024-ինը՝ ՌԴ զորքերի դուրսբերումը, ինչը, ըստ Իսկանդարյանի, արմատապես փոխել է իրավիճակը տարածաշրջանում:
«Որովհետև, եթե դու ցանկանում ես խաղաղապահություն, ապա քեզ սուբյեկտ է անհրաժեշտ»,- ընդգծել է քաղաքագետը՝ հավելելով, որ Ռուսաստանն այլևս Հարավային Կովկասում անվտանգության ոլորտում մոնոպոլիստ չէ:
«Մինչև 2020 թվականը, նույնիսկ մինչև 2016 թվականը Հարավային Կովկասում որևէ լուրջ սրացում կանգնեցնելու համար Պուտինից պահանջվում էր ընդամենը մեկ զանգ, այսօր այլ իրավիճակ է: Ակնկալել, որ կարող ենք վերադառնալ նախկին իրավիճակին, ինչպե՞ս, վերականգնվելու է հայերով բնակեցված Լեռնային Ղարաբա՞ղը, նորից այնտեղ լինելու է Արցախի Հանրապետությո՞ւն»,- հարցադրում է արել Կովկասի ինստիտուտի տնօրենը՝ նման խոսակցությունները համարելով ոչ լուրջ:
Մանրամասները՝ տեսանյութում



