ԱՄՆ-Մերձավոր Արևելք. «Նավթ՝ անվտանգության դիմաց» համաձայնագիրը վերջապես ձախողվեց․
Արդյո՞ք իսրայելցիները կպաշտպանեն արաբական միապետություններում գտնվող թիրախներն իրանական հրթիռային հարձակումներից։
Պարսից ծոցի տարածաշրջանում ԱՄՆ-ի մեկ տասնյակից ավելի ռազմական օբյեկտներն այնքան են վնասվել ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներին Իրանի պատասխան գործողությունների հետևանքով, որ նրանց ներկայությունն այժմ շատ ավելի խոցելիություններ է ստեղծում, քան առավելություններ է տալիս: Համենայնդեպս, այդպես են կարծում Մերձավոր Արևելքի որոշ արևմտյան փորձագետներ։
Ամերիկյան բազաների վիճակի մասին առաջին անգամ հայտնի է դարձել The New York Times-ի հոդվածից, որտեղ դրանք անվանվել են «կյանքի համար գրեթե ոչ պիտանի»: Թրամփի վարչակազմը մինչ օրս չի ճանաչել հասցված վնասի չափը։ «Սա ամերիկյան գերազանցության ֆիզիկական հիմքն է, և Իրանը մեկ ամսվա ընթացքում այն փաստացի զրոյացրել է»,- Վաշինգտոնում Արաբական կենտրոնի ամենամյա համաժողովում դժգոհել է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Մերձավոր Արևելքի քաղաքագիտության նախագծի տնօրեն Մարկ Լինչը՝ հավելելով. «Մենք չենք տեսնում ամբողջական և հավաստի տեղեկատվություն տարածաշրջանում ամերիկյան բազաներին հասցված վնասի ծավալների մասին»:
Սա զարմանալի չէ, քանի որ տուժած օբյեկտների հասանելիությունը նախկինի պես վերահսկվում է՝ ինչպես Պենտագոնի, այնպես էլ՝ հյուրընկալող երկրների՝ Բահրեյնի, Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Քուվեյթի, Քաթարի և Օմանի կողմից։ Մարտին տեղական իշխանություններն արգելեցին երկնքում հրթիռների լուսանկարումն ու տեսագրումը, ինչը շատերին առիթ տվեց ենթադրելու՝ այդպես անշնորհք ձևով փորձել են Իրանի վրա հարձակումների ժամանակ ծածկել ամերիկյան բազաները։ Ավելի վաղ Պարսից ծոցի երկրների ղեկավարները խոստացել էին թույլ չտալ Սպիտակ տանը ռազմական գործողություններ վարելու համար օգտագործել իրենց տարածքում տեղակայված ռազմակայանները: «Տարածաշրջանում իմ ընկերներն ինձ կուղարկեն Բահրեյնի բազայի լուսանկարները։
Տարածաշրջանում բազաներին լուրջ վնաս է հասցվել, և կարծում եմ՝ քիչ հավանական է, որ մենք մի օր վերադառնանք և մեր հինգերորդ նավատորմը տեղակայենք Բահրեյնում: Նա չափազանց խոցելի է: Այսպիսով, ինչ-որ իմաստով «ամերիկյան Մերձավոր Արևելքի» ամբողջ հայեցակարգը տապալվեց, և մենք դեռևս այլընտրանքային տարբերակ չունենք ձևակերպելու կամ մտածելու, թե ինչը կարող է դրան փոխարինել»,- ասել է Լինչը՝ նկատի ունենալով կղզու ռազմածովային բազան, որտեղ տեղակայված է ԱՄՆ-ի հինգերորդ նավատորմը, և որտեղ ծառայում են մոտ 9000 ամերիկացի զինծառայողներ:
Ըստ Middle East Eye-ի՝ ընդհանուր առմամբ, Մերձավոր Արևելքում՝ Եգիպտոսից մինչև Իրաք և Հյուսիսային Սիրիայից մինչև Հարավային Օման, կա 19 ԱՄՆ ռազմաբազա: Այդ հենակետերում կարող է գտնվել մինչև 50 000 զինվոր։ Ամերիկյան զորքերը տարածաշրջանում բնակություն հաստատեցին դեռևս 1950-ականների վերջին, սակայն Պարսից ծոցում ռազմակայանների ներկայիս կոնֆիգուրացիան ձևավորվեց 1990 թվականի պատերազմից հետո, երբ Սադամ Հուսեյնի ռեժիմը, թեթև մեկնաբանելով ամերիկացի դիվանագետների ակնարկները, թույլ տվեց իրեն ներքաշել «Քուվեյթի ծուղակի» մեջ։

Սպիտակ տան և նրա նավթային հաճախորդների միջև կնքված գործարքը ենթադրում էր պաշտպանություն տրամադրել հիմնականում դոլարով վաճառվող էներգետիկ ռեսուրսների դիմաց, ինչը նպաստեց ամերիկյան արժույթի կտրուկ աճին: Այսպես կոչված՝ «նավթադոլարների» դարաշրջանը, սակայն, ավարտվեց մի քանի տարի առաջ, երբ Սաուդյան Արաբիան առաջարկեց նավթը վաճառել յուանով: ԱՄՆ-Իսրայել պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց այս «գործարքի» անօգուտությունը Պարսից ծոցի երկրների համար: Լրջորեն սպառելով իրենց հակահրթիռային պաշարները, նրանք ստիպված են փակել օդանավակայաններն ու դպրոցները, չհաշված էներգետիկ ենթակառուցվածքների վրա Իրանի կողմից բարձր մակարդակի հրթիռային հարվածները:
«Երբ նման գործարքային մոտեցման առավելությունները սկսում են ազդել միայն մի կողմի վրա, հարաբերությունները փչանում են»,- համաժողովում ասում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Մերձավոր Արևելքի հետազոտությունների ինստիտուտի փոխտնօրեն Շանա Ռ.Մարշալը: Այնուամենայնիվ, դա առաջին անգամ չէ, որ տեղի է ունենում. բավական է հիշել 1996 թվականին Սաուդյան Արաբիայի Դահրան քաղաքում գտնվող Khobar Towers համալիրում տեղի ունեցած պայթյունը, երբ 19 ամերիկացի զինվոր սպանվեց մի խմբավորման կողմից, որը հետագայում նույնացվեց որպես «Հըզբոլլահ Հիջազում» (շիա զինյալ խմբավորում, որը հիմնադրվել է 1980-ականների վերջին, 2014-ին Սաուդյան Արաբիայի կողմից ճանաչվել է՝ որպես ահաբեկչական կազմակերպություն): «Միացյալ Նահանգների հետ սերտ հարաբերությունները, լինեն դրանք ամերիկյան ռազմական բազաների միջոցով, Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման խթանմամբ, ամերիկյան պատժամիջոցների կիրառմամբ, թե իրենց արժույթների կապը դոլարի հետ պահպանելով, այժմ ավելի շատ խոչընդոտ են, քան ակտիվ»,- նշում է Մարշալը։
Պատերազմի վերջին յոթ շաբաթները ցույց տվեցին, որ Պարսից ծոցի երկրներն այլևս չեն կարող լիովին ապավինել ԱՄՆ-ին՝ որպես գործընկեր անվտանգության հարցերում, այնպես որ, նրանք կարող են սկսել Իսրայելին տեսնել որպես այդպիսի գործընկեր,- համարձակվում է ենթադրել Քուինսի ինստիտուտի փոխնախագահ Տրիտա Փարսին: ԱՄՆ-ից կախվածությունը խորացել է նաև այն բանից, որ ավելի վաղ ձեռք բերված համաձայնությունը երկշաբաթյա հրադադարի մասին վերջ չի դրել Պարսից ծոցի երկրներում Պենտագոնի օբյեկտների վրա իրանական հարձակումներին, ինչի պատճառով տարածաշրջանում շատերը դա ընդունել են՝ որպես դավաճանություն։ «Այս բազաները չէին խոչընդոտում իրանական հարձակումներին։
Ընդհակառակը, դրանք դարձան նրանց թիրախները։ Դրանք նրանց գրավում էին՝ ինչպես մագնիսը, և արդյունքում՝ ամերիկյան «անվտանգության հովանոցի» նկատմամբ հավատը սասանվեց»,- անհանգստանում է Փարսին՝ եզրակացություն անելով Նեթանյահուի ռեժիմի կողմից Պարսից ծոցի երկրների հնարավոր մերձեցման մասին, փորձելով փոխհատուցել «Իրանի հետ ինչ-որ համաձայնության հասնելու» իր անկարողությունը։
Նրա կարծիքով՝ նման տեղաշարժ կարող է տեղի ունենալ նույնիսկ առանց «ԱՄՆ-ի կողմից զիջումների», ինչպես դա եղավ «Աբրահամյան համաձայնագրերի» դեպքում, որոնք կոչված են կարգավորելու որոշ արաբական (և ոչ միայն) երկրների և Իսրայելի միջև հարաբերությունները, որոնք կնքվել են 2020 թվականին Սպիտակ տան կողմից անվտանգության որոշ երաշխիքների ներքո։ «Պարսից ծոցի որոշ պետություններ կարող են մի տեսակ ձգողականություն զգալ Իսրայելի նկատմամբ, եթե նրանք կարծում են, որ չեն կարող կամ չեն ցանկանում նոր հարաբերություններ հաստատել Իրանի հետ»,- ասել է նա:
Տեսնենք, թե որքանով կարդարանա այս հեռուն գնացող եզրակացությունը։ Նշենք՝ ապրիլի 18-ին, վկայակոչելով ամերիկացիների կողմից իրենց պարտավորությունների չկատարումը, Իրանը հայտարարեց Հորմուզի նեղուցի շրջափակման վերականգնման մասին, ինչը կարող է «կոշտ գծի» կողմնակիցներին այդքան ցանկալի առիթ տալ հերթական էսկալացիայի համար։ Իսկ այդ դեպքում, պետք է ենթադրել, արաբ շեյխերի և նրանց միջազգային գործընկերների կորուստներն էլ ավելի կմեծանան։
Ալեքսանդր Գրիգորև
Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի




