MediaNews-ի ֆեյքային հեղինակների և Տարոն Չախոյան կապը

«Իշխանամերձ Medianews.site կայքը ապրիլի 12-ին հրապարակել է գրառում՝ «Սամոն դարձել է մազերի ներկի բրենդային դեմքը․ Օհանյան» վերտառությամբ»,- գրում է civilnet.am-ը։

Հոդվածում մասնավորապես ասվում է. «Կցված նյութում որպես աղբյուր ներկայացվում է «Աննա Օհանյան» անունով ֆեյսբուքյան օգտատիրոջ գրառումը, որում մեկնաբանվում է Սամվել Կարապետյանի տեսաուղերձը և նրա արտաքին տեսքը։

Օգտատերը այս գրառումն արել է ապրիլի 12-ին՝ ժամը 18:49-ին, և շուրջ 25 րոպե անց՝ 19:14-ին, այն արդեն հրապարակվել է Medianews.site-ում։ Հոդվածը գրելու պահին Օհանյանի էջում այդ գրառումն ուներ ընդամենը վեց հավանում։

Առաջին անգամ չէ, որ այս օգտատիրոջ գրառումները հայտնվում են Medianews.site-ի էջերում։ Սակայն ո՞վ է «Աննա Օհանյանը», որի գրառումները տարածում է մեծ լսարան ունեցող էջը։ Պարզ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ օգտահաշվում առկա է ընդամենը երեք լուսանկար, որոնք ունեն արհեստականորեն գեներացված պատկերներին բնորոշ հատկանիշներ։

Պարզվում է՝ «Աննա Օհանյանը» միակը չէ։ #CivilNetCheck-ը հայտնաբերել է, որ Medianews.site-ը պարբերաբար վերահրապարակում է ֆեյսբուքյան օգտահաշիվների գրառումներ, որոնք հաճախ պարունակում են ընդդիմության ներկայացուցիչների հասցեին ուղղված վիրավորական ձևակերպումներ՝ դրանք ներկայացնելով որպես հանրային կարծիք։ Միևնույն ժամանակ, այդ օգտահաշիվների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանց ինքնությունը չի հաստատվում, և բացակայում են իրական օգտատերերին բնորոշ ակտիվության նշաններ։

Medianews.site-ում բացակայում են տեղեկություններ խմբագրակազմի վերաբերյալ։ Կայքի հնարավոր կապերի վերաբերյալ լրատվամիջոցներում հնչել են պնդումներ, որոնք այն կապում են վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանի հետ, սակայն դրանք հիմնված են եղել անուղղակի տվյալների վրա։ #CivilNetCheck-ին հաջողվել է հայտնաբերել տվյալներ, որոնք վկայում են կայքի և Չախոյանի միջև կապի մասին։

Երկու հավանումից՝ MediaNews․ «Աննա Օհանյանը» իրակա՞ն է

«Աննա Օհանյան» օգտահաշիվը ստեղծվել է 2022-ի մայիսին։ Օգտահաշվում նշված է, որ ծնվել է 1993-ի հուլիսի 17-ին։ Ընտրողների ռեգիստրում նշված անուն-ազգանունով և ծննդյան տվյալներով անձ չի հայտնաբերվում։

Ներկայում օգտահաշվի հասանելի առաջին հրապարակումը 2026-ի հունվարի 20-ին է, երբ նա տեղադրել է իր գլխավոր լուսանկարը։ Այն հրապարակվել է գիշերը 00:54-ին, իսկ ընդամենը մի քանի րոպե անց՝ 01:13-ին, տեղադրել է գրառում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանի մասին։ Այս գրառումը Ֆեյսբուքում ունի ընդամենը երկու հավանում, սակայն առավոտյան 9:30-ին վերահրապարակվել է Medianews.site-ում։

Թե ինչպես է Medianews.site-ը հայտնաբերել ընդամենը երկու հավանում ունեցող այս գրառումը և ինչու է այն վերահրապարակել, հայտնի չէ։

Հունվարի 20-ից սկսած «Աննա Օհանյանի» գրեթե բոլոր գրառումները վերահրապարակվել են medianews.site-ում՝ հաճախ րոպեների տարբերությամբ կամ գիշերը հրապարակվելուց հետո՝ արդեն առավոտյան։ Միևնույն ժամանակ, օգտատերը չի արձագանքում իր գրառումների մեկնաբանություններին և որևէ տեսանելի ակտիվություն չի ցուցաբերում»։

Ի՞նչ է հայտնի «Աննա Օհանյան» օգտատիրոջ մասին

«Աննա Օհանյան» օգտահաշիվն ունի 368 ընկեր։ Նրա ընկերների թվում է նաև Տարոն Չախոյանը։ Օգտահաշվում առկա է ընդամենը երեք անձնական լուսանկար։ #CivilNetCheck-ը դեմքերի նույնականացման գործիքների միջոցով փորձել է հայտնաբերել լուսանկարներում պատկերված անձին, սակայն իրական նման անձ չի հայտնաբերվել։ Փոխարենը, արդյունքներում գրանցվել են արհեստական բանականությամբ (ԱԲ) գեներացված պատկերներ՝ նույնական կամ շատ նման դիմագծերով, ինչը վկայում է, որ տվյալ դեմքը բնորոշ է ԱԲ-ով ստեղծված պատկերներին։ Ըստ կիրառվող վերլուծական գործիքների՝ այդ պատկերները մեծ հավանականությամբ ստեղծված են ԱԲ-ով։

Ավելին, #CivilNetCheck-ը Amazon-ի դեմքերի նմանությունը վերլուծող հարթակի միջոցով համեմատել է լուսանկարները ԱԲ-ով գեներացված պատկերների հետ՝ արձանագրելով շուրջ 97% նմանություն, ինչը վկայում է դրանց հավանական արհեստական ծագման մասին։

Արհեստական բանականությամբ պատկերներ ստեղծող գործիքները հաճախ գեներացնում են տարբեր նկարներ նույն կամ շատ նման դիմագծերով, ինչի պատճառով նման դեմքերը կարող են հայտնվել բազմաթիվ պատկերներում։

«Աննա Օհանյան» օգտահաշիվը հիմնականում հրապարակում է քաղաքական բովանդակություն՝ առավելապես քննադատելով կամ ծաղրելով ընդդիմադիր գործիչներին։ Միևնույն ժամանակ, այն չի տարածում լրատվամիջոցների նյութեր կամ այլ օգտատերերի գրառումներ՝ բացառությամբ Տարոն Չախոյանի՝ TRIPP-ի վերաբերյալ մեկ գրառման։

Ամերիկացի դերասանուհու գրառումները՝ Medianews-ի էջերում

Medianews.site-ը հրապարակել է նաև «Սաշա Սիմոնյան» անունով ֆեյսբուքյան օգտատիրոջը վերագրվող գրառում, որտեղ քննադատվում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Ալեքսան Ալեքսանյանը՝ ՌԴ քաղաքացի լինելու համար։

«Գժանոց է․ ռուսական պասպորտը գրապաններում եկել Հայաստանում իշխանություն են ուզում»,- նշվում է կայքում՝ հղում անելով տվյալ օգտատիրոջը։

Նյութը տարածվում է «Սաշա Սիմոնյան» անունով օգտահաշվի լուսանկարով։ Սակայն լուսանկարի հետադարձ որոնումը ցույց է տալիս, որ այնտեղ պատկերված է ոչ թե հայ Սաշա Սիմոնյանը, այլ ամերիկացի դերասանուհի Սաշա Ալեքսանդրը։

Հատկանշական է, որ «Սաշա Սիմոնյան» անունով և նույն լուսանկարով ֆեյսբուքյան օգտահաշիվ ներկայում չի հայտնաբերվում։ Իսկ տվյալ գրառումը տարածված է միայն Medianews.site-ում և դրա հետ կապակցված ֆեյսբուքյան էջերում։

Կասկածելի օգտահաշիվներ՝ համակարգված վերահրապարակում

MediaNews-ը վերահրապարակում է նաև «Արա Հակոբյան» և «Բաբկեն Ավետիսյան» անուններով օգտատերերի ֆեյսբուքյան գրառումները։ Երկու օգտահաշիվներում էլ, բացի արհեստական բանականությամբ գեներացված լուսանկարներից, այլ անձնական նկարներ չկան։

«Արա Հակոբյան» օգտահաշիվը ստեղծվել է 2021 թվականի հունիսին, սակայն դրանից հետո երկար ժամանակ որևէ ակտիվություն չի արձանագրվել։

Օգտահաշիվը կրկին ակտիվացել է միայն 2026-ի փետրվարին՝ արդեն ԱԲ-ով գեներացված պատկերով։ Մարտի 22-ին արվել է հաջորդ գրառումը՝ մետրոյում վարչապետի և արցախցի կնոջ մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Թեև գրառումը որևէ ակտիվություն չի ստացել, բայց ժամեր անց՝ հայտնվել է MediaNews-ում՝ «Հայաստանի վրա թքած ունեցողին դեռ պաշտանողներ կա՞ն. Արա Հակոբյան» վերտառությամբ։ Այն այստեղ ստացել է մեծ թվով հավանումներ և տասնյակ մեկնաբանություններ։

Միևնույն ժամանակ, Medianews.site-ում առկա են այլ նյութեր, որոնք հղում են անում «Արա Հակոբյան» օգտահաշվին (1, 2, 3), սակայն վերջինիս ֆեյսբուքյան էջում նման գրառումներ ներկայում չեն հայտնաբերվում։ Չի բացառվում, որ դրանք հետագայում ջնջվել են կամ երբևէ հրապարակված չեն եղել այդ օգտահաշվում։

Ովքե՞ր են Medianews-ի հետևում

Medianews.site-ը ունի ֆեյսբուքյան նույնանուն առնվազն երկու էջ, որոնք միասին ունեն շուրջ 358,000 հետևորդ։ Միևնույն ժամանակ, կայքում բացակայում է «Մեր մասին» բաժինը․ չեն հրապարակվում տեղեկություններ հիմնադիրների կամ խմբագրակազմի վերաբերյալ, հոդվածները չեն ստորագրվում, ինչպես նաև նշված չեն հասցե կամ կապի տվյալներ։ Կայքում առաջին հասանելի հոդվածը թվագրվում է 2018-ի հոկտեմբերով։ Չնայած այս անանունությանը՝ դրա նյութերը վերահրապարակվում են իշխանական civic.am, «Հայկական ժամանակ», freenews.am և այլ կայքերում:

«Ինֆոքոմ»-ի 2021-ի հետաքննությունը բացահայտել էր, որ Medianews.site-ը կապված է Armenianews.net-ի հետ, որը, դոմեյնների տվյալների դիտման Who.is համակարգում գրանցված էր Տարոն Չախոյանի անունով։ Հետաքննությունը նաև ցույց էր տվել, որ երկու կայքերը կառավարվում են նույն Google Analytics հաշվից։ Սակայն Medianews.site-ի տվյալները փակ էին Who.is համակարգում։

Նշենք, որ մինչ ներկայիս պաշտոնը ստանձնելը, Չախոյանը բլոգեր էր։ Ներկայում նրա գրեթե բոլոր գրառումներն ու հայտարարությունները վերահրապարկվում են Мedianews.site-ում։

Չախոյանը նախկինում #CivilNetCheck-ին հայտնել էր, որ կապ չունի Мedianews.site-ի հետ, սակայն մեզ հասանելի դարձած նոր տվյալները այլ բան են ցույց տալիս։

Այսպես, ի տարբերություն Who.is հարթակի, որը ցույց է տալիս դոմեյնի ընթացիկ վիճակը, Bigdomaindata.com/whois հարթակը ցույց է տալիս նաև դոմեյնի պատմությունը, թե երբ է դոմեյնը գրանցվել, որ ընկերության միջոցով և, ամենակարևորը, թե ինչ տվյալներ են արձանագրված եղել գրանցման պահին՝ նախքան սեփականատիրոջ տվյալների գաղտնիացումը։

Այդ տվյալների համաձայն՝ Medianews.site դոմեյնի գրանցման պահին՝ 2018-ի հունվարին, որպես գրանցող (Registrant) նշված է եղել Տարոն Չախոյանը՝ իր բնակության հասցեով և կոնտակտային տվյալներով։ Դոմեյնը գրանցվել է ռուսական RU-CENTER (nic.ru) ընկերության միջոցով, որը դոմեյնային անունների խոշորագույն ռեգիստրատորներից մեկն է։

Հետագայում՝ 2020-ին, դոմեյնի տվյալները գաղտնիացվել են (Privacy Protection), ինչի արդյունքում Who.is-ի նման հարթակներում այդ տեղեկատվությունն այլևս հասանելի չէ…»։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930