Պատերազմից առաջ Պուտինին խոստացել էին, որ ուկրաինացիների 90%-ը կաջակցի ռուսական ներխուժմանը․ The Guardian

Կրեմլում, նախքան 2022 թվականի փետրվարին Ուկրաինայի հետ պատերազմի մեկնարկը, համոզված էին, որ ուկրաինացիների ճնշող մեծամասնությունը կողջունի ռուսական ներխուժումը։

Ինչպես հայտնում է The Guardian-ը՝ հղում անելով եվրոպական հետախուզության տվյալներին, Մոսկվայում գնահատել էին, որ ուկրաինացիների միայն 10%-ը պատրաստ կլինի դիմադրել օկուպացիոն զորքերին։ Մնացած 90%-ը, ինչպես կարծում էին Կրեմլում, կամ ակտիվորեն կաջակցեր ռուսական բանակի մուտքին, կամ, ի վերջո, մի փոքր դժգոհելուց հետո կհամակերպվեր դրա հետ։

Միակ մարդը, ով տիրապետում էր Ուկրաինայի վերաբերյալ այլոց կարծիքից տարբերվող տեղեկատվության, Արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինն էր։ Նա հայտնի դարձավ Կրեմլի այն պատմական նիստի ժամանակ իր կակազոցով և կցկտուր խոսքով, երբ Վլադիմիր Պուտինը հարցնում էր Անվտանգության խորհրդի անդամների կարծիքը Ուկրաինայի վերաբերյալ։

Ըստ The Guardian-ի աղբյուրների՝ Նարիշկինը գիտեր այն, ինչ մյուսները չգիտեին։ «Բայց նա թույլ է ու անվճռական, իսկ Պուտինն ուզում էր, որ բոլորը լինեն այդ որոշման մասնակիցը։ Այդ պատճառով դուք տեսաք Նարիշկինի այն վարքագիծը, որը տեսաք», – ասել է պարբերականի զրուցակիցը։ Նարիշկինը վախեցած տեսք ուներ, բայց, ի վերջո, սատարեց Պուտինին։

Կրեմլի այդ նիստում բացահայտ դեմ է արտահայտվել միայն մեկ հոգի՝ նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը, ով Պուտինի հնագույն գործընկերներից մեկն է, որը նրան ճանաչում էր դեռ 1990-ականների կեսերից։ Կոզակը սարսափած էր Պուտինի ծրագրերից, սակայն կատարվածի լրջությունը գիտակցել էր միայն Կրեմլի նիստի օրը, The Guardian-ին պատմել է նրան մոտ կանգնած աղբյուրը։

Ըստ թերթի՝ այդ հանդիպման ժամանակ Կոզակը Պուտինին ասել է, որ ոչ թե բարոյական, այլ ռազմավարական տեսանկյունից Ուկրաինայի ներխուժումը աղետալի կլինի, չնայած չիմանալով, թե ինչ է պլանավորում Պուտինը՝ Դոնբասը գրավելու սահմանափակ գործողություն, թե՞ լայնածավալ պատերազմ: Հանդիպումից հետո Կոզակը մնացել է միայնակ Պուտինի հետ և շարունակել է վիճել, The Guardian-ին հայտնել է աղբյուրը: Կոզակի խոսքերը հանվել են հեռարձակումից: 2025 թվականի վերջին նա հրաժարական է տվել նախագահի աշխատակազմում իր բոլոր պաշտոններից:

Կրեմլի այն սպասումները, թե ուկրաինացիները կաջակցեն ռուսական ներխուժմանը, հուսահատորեն լավատեսական էին, գրում է The Guardian-ը։ Ավելին, նույնիսկ հիմնվելով Մոսկվայի գնահատականների վրա՝ օկուպացիոն բանակի դեմ կարող էր դուրս գալ մոտ 4 միլիոն մարդ։ Եվրոպական հետախուզությունների կարծիքով՝ այն ուժերը, որոնք Պուտինն այդ պահին հավաքել էր ուկրաինական սահմաններին, ակնհայտորեն բավարար չէին նման դիմադրությունը հաղթահարելու համար։

Մասամբ հենց այդ պատճառով եվրոպական շատ երկրներ մինչև վերջին պահը չէին հավատում, որ Պուտինը կորոշի պատերազմ սկսել։ Ֆրանսիայի դեսպանը ներխուժման մասին իմացել է միայն այն ժամանակ, երբ իր կիևյան բնակարանում արթնացել է ռուսական հրթիռների ձայնից, գրում է The Guardian-ը։

Գերմանական արտաքին հետախուզության (BND) ղեկավար Բրունո Կալը Կիև էր ժամանել փետրվարի 23-ին, երբ ամերիկյան, բրիտանական և լեհական հետախուզական ծառայություններն արդեն պարզել էին, որ Ռուսաստանի կողմից հարձակման հրամանը տրված է։ Նույնիսկ երբ Կիևում Գերմանիայի դեսպանը դիվանագետներին քաղաքից տարհանելու հրաման ստացավ, Կալն անտեսեց այդ զգուշացումը և իրեն պահում էր այնպես, ասես ոչինչ չէր եղել՝ հանդիպումներ պլանավորելով հաջորդ օրվա համար։ Ներխուժման օրը Կալին ստիպված եղան Կիևից տարհանել՝ լեհական հետախուզության օգնությամբ։

«Մենք չէինք հավատում, որ դա տեղի կունենա, որովհետև համարում էինք, որ այն միտքը, թե նրանք կկարողանան մտնել Կիև և պարզապես խամաճիկային կառավարություն ստեղծել, բացարձակ խենթություն է», – The Guardian-ին ասել է եվրոպական հետախուզության աշխատակիցներից մեկը։ – «Ինչպես պարզվեց, դա իրոք բացարձակ խենթություն էր»։

Տեսանյութեր

Լրահոս