Հայտնի է Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ կրակած անձի ինքնությունը
Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքի ժամանակ հյուրանոցում հնչած կրակոցներից հետո ձերբակալված տղամարդը իրավապահ մարմինների կողմից նույնականացվել է որպես Քոուլ Թոմաս Ալեն: 31-ամյա կասկածյալը Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի շրջանի Տորանս քաղաքից է։
Ամերիկյան CBS-ի փոխանցմամբ՝ «Վաշինգտոն Հիլթոն» հյուրանոցում անվտանգության աշխատակիցների կողմից ձերբակալվելուց հետո նա իրավապահ մարմիններին ասել է, որ մտադիր է եղել կրակ բացել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի անդամների վրա։
NBC-ին տված հարցազրույցում ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը հայտարարել է, որ կասկածյալի գործողությունների դրդապատճառները դեռևս քննվում են, սակայն նախնական տեղեկությունները ցույց են տալիս, որ նա թիրախում եղել են վարչակազմի պաշտոնյաները, «հավանաբար, այդ թվում՝ նախագահ Դոնալդ Թրամփը»։
Բլանշը նաև նշել է, որ քննիչները հետաքննում են տեղեկությունն այն մասին, որ կասկածյալը կարող էր զենքը հավաքել հենց հյուրանոցում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցցանցում հրապարակել է լուսանկար, որում պատկերված է գետնին ընկած կասկածյալը՝ ձեռքերը շղթայված մեջքի ետևում, իսկ նրա շուրջ կանգնած են Գաղտնի ծառայության աշխատակիցները։ Թրամփը Fox News-ին ասել է, որ կասկածյալը «մեծ ատելություն է ունեցել իր սրտում»՝ հավելելով, որ նրա ընտանիքը գիտեր, որ նա «դժվարություններ» ունի։ ԱՄՆ նախագահը ենթադրել է նաև, որ ձերբակալվածը «խիստ հակաքրիստոնյա» է։
Հետաքննությունը շարունակվում է՝ հարձակման դրդապատճառը պարզելու համար։
Հիշեցնենք, որ տղամարդու արձակած կրակոցից վիրավորվել էր գաղտնի ծառայության մեկ գործակալ, ով ողջ է մնացել իր զրահաբաճկոնի շնորհիվ։




