Լիբանանում իսրայելական հարվածներից 14 մարդ է զոհվել
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 26-ին Լիբանանի հարավային շրջանների վրա իսրայելական ուժերի հարձակումների հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Վիրավորվել է 37 մարդ։ Այս մասին հայտնում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):
Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) խոսնակը տարհանման կոչ էր ուղղել հարավային Լիբանանի մի քանի գյուղերի բնակիչներին՝ նշելով, որ նրանք «պետք է անհապաղ տարհանվեն», իսկ գյուղերում մնալը «կվտանգի նրանց կյանքը»։
Բանակն ավելի ուշ հայտարարել էր, որ հրետանային և օդային հարվածներ է հասցրել «Հեզբոլլահ»-ի դիրքերին հարավային Լիբանանում։
Իսրայելական կողմը մեղադրել է նաև «Հեզբոլլահ»-ին անօդաչու թռչող սարքով հարձակում գործելու մեջ, որի ժամանակ իսրայելցի մեկ զինվոր զոհվել, վեցը վիրավորվել էին։
Չնայած «Հեզբոլլահ»-ի և Իսրայելի միջև հրադադարն ուժի մեջ է մտել ապրիլի 16-ի կեսգիշերին, սակայն կողմերը շարունակում են հարվածներ հասցնել միմյանց։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտարարել է, որ երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 2509-ի, իսկ վիրավորներինը՝ 7755-ի։
Լիբանանը մարտի 2-ից ներքաշվել է Մերձավոր Արևելքի պատերազմի մեջ այն բանից հետո, երբ հաջակցություն Իրանի՝ լիբանանյան «Հեզբոլլահ» արմատական շարժումը հրթիռներ արձակեց Իսրայելի վրա։ Ի պատասխան՝ Իսրայելը ցամաքային և օդային ինտենսիվ հարձակումներ է իրականացնում Լիբանանում։



