Իրանն ակտիվ երկխոսություն է սկսել Ադրբեջանի ու Թուրքիայի հետ․ ո՞րն է այս ուղղությամբ Իրանի ակտիվության նպատակը

Մեկնարկել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի այցն Ադրբեջան, որի մասին վերջին օրերին անընդհատ գրում էին իրանական ԶԼՄ-ները։ Այցի օրակարգում ռեգիոնալ բազմակողմ համագործակցությունը խորացնելուն ուղղված ծրագրերն են։

Ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ այցը տեղի է ունենում Իրան-Թուրքիա բարձրաստիճան շփումների, այցերի շրջանում։ Օրերս Թեհրանում էր Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ով Իրանում բանակցություններ ունեցավ իր պաշտոնակից Արաղչիի հետ, հանդիպումներ նախագահ Փեզեշքիանի ու խորհրդարանի ղեկավար Գալիբաֆի հետ։

Այս այցի ընթացքում էլ, թերևս, տեղի են ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ՝ Իրան կատարելիք այցի հետ կապված վերջին հստակեցումները։

Վերադառնալով Արաղչիի այցին Բաքու, նա հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Ադրբեջանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Ալիևն Արաղչիին ասել է՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի այցն Ադրբեջան, ինչպես նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցելությունները նպաստել են համագործակցության հետագա ընդլայնմանը։

Կարդացեք նաև

Իլհամ Ալիևը նշել է, որ երկկողմ օրակարգը լայն է և ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, բոլոր հարցերի համար կան կոնկրետ ճանապարհային քարտեզներ։ Զրուցակիցներն անդրադարձել են տնտեսական, առևտրային, տրանսպորտային, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցությանը։ Սեյեդ Աբբաս Արաղչին, իր հերթին, նշել է, որ ադրբեջանա-իրանական կապերը խոր արմատներ ունեն, և անդրադարձել է հարաբերությունների հետագա խորացման կարևորությանը։

Զրույցի ընթացքում նրանք մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։Ավելի մանրամասն են եղել, ըստ մի շարք հաղորդագրությունների՝ Արաղչի-Բայրամով բանակցությունները։ Համատեղ ասուլիսի ընթացքում Արաղչին ասել է, որ շատ հետաքրքրված են Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքների, ինչպես նաև երկու երկրները սերտորեն միավորող այլ կապերի ամրապնդմամբ։

«Մենք նաև սերտ կապեր ունենք էներգետիկ ոլորտում։ Բանակցությունների ընթացքում մենք նաև մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային և աշխարհաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Մենք նաև քննարկումներ ունեցանք Հարավային Կովկասի և 3+3 ձևաչափի վերաբերյալ։

Այս հարթակը կարևոր է տարածաշրջանում խաղաղության և կայունության համար։ Մեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկն Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացումն է։ Վստահ եմ, որ երկու երկրների միջև կապերը կշարունակեն զարգանալ։ Մենք չպետք է թույլ տանք որևէ կողմի վնասել մեր հարաբերությունները։ Հուսով եմ, որ մեր հաջորդ հանդիպումը կկայանա Թեհրանում»,- ասել է նա։

Արաղչին նաև նշել է, թե ուրախ են, որ Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունները լավ ընթացք ունեն, և ողջունել, աջակցել երկու երկրների միջև խաղաղության գործընթացին: «Աջակցում ենք 3+3-ի հաջորդ հանդիպումը Բաքվում, իսկ այնուհետև Երևանում անցկացնելու Ադրբեջանի առաջարկին: Սա լավ նախաձեռնություն է, որը կարող է 3+3 մեխանիզմն ավելի ազդեցիկ և ուժեղ դարձնել:

Այս մեխանիզմը կարող է նպաստել տարածաշրջանում ավելի մեծ խաղաղության և կայունության հաստատմանը: Մենք երկուսս էլ մեծ կարևորություն ենք տալիս այդ ձևաչափին։ Համաձայնեցինք, որ երկկողմ հանդիպումներից բացի, ունենանք նաև եռակողմ հանդիպումներ տարածաշրջանի երկրների հետ։ Կարևորն այն է, որ տարածաշրջանի անվտանգությունը պետք է ապահովեն հենց տարածաշրջանի երկրները, իսկ արտաքին ցանկացած միջամտություն կքանդի այդ անվտանգությունը: Սա մի կետ է, որի շուրջ մենք ունենք համաձայնություն և որի հիման վրա էլ շարունակում ենք համագործակցությունը»,- ասել է Արաղչին։

Բայրամովն իր հերթին՝ ասել է, որ Ադրբեջանն առաջարկել է հաջորդ «3+3» հանդիպումը անցկացնել Բաքվում, իսկ մյուսը՝ Երևանում։

«Ստեղծված իրավիճակում Ադրբեջանը չի տեսնում որևէ պատճառ, որ Հայաստանը մերժի առաջարկը»,- հայտարարել է Բայրամովը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում հաջորդ հանդիպումը կազմակերպելու գաղափարը հնչել է դեռևս հոկտեմբերին՝ Ստամբուլում այս ձևաչափով բանակցությունների ժամանակ, սակայն Երևանը չի համաձայնել:

ՀՀ ԱԳ նախարարությունը, պարբերաբար թեմային անդրադառնալով, հայտարարում է, որ այս ձևաչափով հանդիպման ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չեն։ ՌԴ ԱԳՆ-ն ևս ժամանակ առ ժամանակ մեկնաբանում է թեման, նշելով, որ Երևանն ու Բաքուն չեն կարողանում դեռևս համաձայնության գալ հաջորդ հանդիպման վայրի շուրջ։

Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այցին, ասաց, որ Արևմուտքի ագրեսիվ քաղաքականության ֆոնին, այդ թվում՝ Հարավային Կովկասում, Իրանը համարում է, որ ռեգիոնալ համագործակցությունը պետք է խորանա բոլոր ոլորտներում։

Ըստ նրա, Իրանը համարում է, որ եթե ռեգիոնալ համագործակցությունը, փոխըմբռնումը լինի սերտ ու ամուր, ապա արտաքին միջամտությունն ու դրա հնարավոր բացասական հետևանքները, ռիսկերն էապես կթուլանան։

«Բնականաբար, ավելորդ է ասել, որ Իրանի նման դիրքավորման հարցում էական է այն քաղաքականությունը, որն Արևմուտքը վարում է Իրանի դեմ, ինչպես նաև Հարավային Կովկասում ՌԴ դիրքերի փոփոխությունն ու ԵՄ-ի, ԱՄՆ-ի ավելի էական ակտիվությունը։ Ռեգիոնալ նոր իրողությունները Երևան-Բաքու հարաբերություններում, պայմանավորվածություններն ԱՄՆ միջնորդությամբ ռեգիոնալ տարանցիկ ճանապարհների շուրջ, որոնք Իրանի անմիջական հարևանությամբ են, իրողություններ են, որոնք ստիպում են Իրանին վարել ակտիվ քաղաքականություն այն դերակատարների հետ, որոնք ունեն ազդեցություն ռեգիոնում, ինչպես նաև զուտ ռեգիոնալ երկրների հետ։

Այստեղ մարտահրավերներից մեկն այն է, որ ՌԴ-ն ավելի պասիվ խաղացող է այս փուլում Հարավային Կովկասում, սա Իրանի համար նոր իրավիճակ է, որում նա պետք է տեղավորվի, փորձի իր ազդեցությունն ու հավասարակշռող դերակատարությունն ունենալ»,- մեկնաբանեց Ալի Սալամին՝ հավելելով, որ այս առաջնահերթությունը ստիպում է խորացնել երկկողմ հարարաբերությունները, բարձրացնել դրանցում փոխըմբռնումը։

«Իրանի կենտրոնացումը հատկապես երևանի ու Բաքվի ուղղությամբ է, քանի որ նրանք են գտնվում փոփոխությունների փուլում, այդ թվում՝ ռեգիոնում Թուրքիայի ակտիվ դերակատարությամբ։ Ուստի Իրանն ակտիվ երկխոսություն է վարում և Անկարայի, և Բաքվի, և Երևանի հետ։ Երկխոսությունը ներառում է քաղաքական, տնտեսական համագործակցություն, բազմակողմ հարթակներում աշխատանք և գլխավորը՝ ռեգիոնալ կապուղիների շուրջ համագործակցություն ու բոլոր ռեգիոնալ ուժերի շահերի ընդունում։

Եթե ռեգիոնալ փոխըմբռնումն ունենա բավարար մակարդակ, ապա լիարժեք ու արդյունավետ կգործի նաև 3+3 ձևաչափը։ Իրանի աշխատանքը հենց այս ուղղությամբ է, որ լինի իրական փոխըմբռնում ու ռեգիոնալ որակյալ համագործակցություն, հնարավորինս քիչ երրորդ կողմերի ազդեցություն։ Բնականաբար, Արևմուտքը շահագրգռված չէ այս հարթակի արդյունավետ գործունեությամբ․, սակայն այս հարթակը հարկավոր է ռեգիոնալ երկրներին՝ ռեգիոնում ծագող հարցերը քննարկելու և բոլորի համար ընդունելի լուծումներ գտնելու համար։

Արևմուտքը հետաքրքրված չէ, քանի որ փորձում է իր ազդեցությունն ու ներկայությունն ամրապնդել, որին Իրանը փորձում է դիմադրել»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Երևանի հետ հարաբերություններին, ապա դրանք շարունակվում են այնպես, ինչպես նախկինում։

Նրա խոսքով, Երևանն ակտիվ համագործակցում է Արևմուտքի հետ, սակայն կա նաև համագործակցություն Իրանի հետ։

«Սա է պատճառը նաև, որ Իրանն էլ ավելի ակտիվ պետք է աշխատի ռեգիոնում»,- ասաց Ալի Սալամին՝ շարունակելով, որ Իրանի կարմիր գծերը չեն փոխվել։ Սակայն, նրա խոսքով, ռեգիոնն անընդհատ փոփոխությունների մեջ է վերջին շրջանում, և այստեղ շատ ուղղություններով քաղաքականության տրամաբանությունն անընդհատ փոխվում է։

«Սակայն Իրանը շեշտը դնում է դիվանագիտության, համագործակցության վրա»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս