
«Ոչ պատերազմի ժամանակ» ձևակերպումը նշանակում է՝ ռազմական դրության ժամանակ ևս ԳՇ պետը ենթակա է Պաշտպանության նախարարին. Մարտիկ Մարտիրոսյան

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի, ԱԺ Քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օրեր շարունակ վիճում էին, թե ո՞վ է ճիշտ մեկնաբանում «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի՝ Քննիչ հանձնաժողովին վերաբերող հոդվածները, մասնավորապես, 44-օրյա պատերազմին առնչվող զեկույցը պե՞տք է ԱԺ լիագումար նիստում ներկայացվի, թե՞ լսումներ պետք է հրավիրվեն:
Եվ այսօր պարզվեց, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը որոշել է՝ օրինական և ճիշտ կլինի, եթե Քննիչ հանձնաժողովի զեկույցն ուղարկվի արխիվ և գաղտնի տեղեկություններին հասանելիության թույլտվություն ունեցող պատգամավորները կարողանան վերցնել և ծանոթանալ դրան. լիագումար նիստերի օրակարգում չի ներառվի: Մինչդեռ Անդրանիկ Քոչարյանն ակնկալում էր, որ ԱԺ խորհուրդն առաջիկա նիստում զեկույցը դնի խորհրդարանի լիագումար նիստի քննարկմանը: Անցած հինգշաբթի էլ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ զեկույցը կքննարկվի, բայց փակ լսումների ընթացքում։
Այստեղից հարց է առաջանում՝ արդյո՞ք նույն ջանասիրությունը կամ մարտավարությունն է դրսևորվել 44-օրյա պատերազմի պարտության պատասխանատուներին և նրանց պատասխանատվության չափը որոշելիս:
Օրինակ, Նիկոլ Փաշինյանը, որը երկու օր հարցաքննվել է հանձնաժողովում՝ բաց և փակ ֆորմատով, նրա՝ որպես վարչապե՞տ, թե՞ որպես գերագույն հրամանատար լիազորություններն ու գործողություններն են քննության առարկա դարձվել:
Ավելին, հարցն ավելի կոնկրետ կարող ենք դնել՝ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար լինելու իրավունք ունե՞ր, կամ՝ Արցախի 7-րդ պաշտպանական շրջանի հետ կապված պատերազմի ընթացքում ի՞նչ կարգավիճակով և իրավունքով է միանձնյա որոշում կայացրել՝ անկախ դրա լավ և վատ լինելուց (եթե, իհարկե, ինքն է կայացրել, և իր շնորհիվ է այն մնացել հայկական ուժերի վերահսկողության տակ), նաև՝ ի՞նչ կարգավիճակով է նոյեմբերի 7-ից հետո Շուշին հակագրոհով հետ վերցնելու հրաման տվել այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:
Քննիչ հանձնաժողովը համարձակություն ունեցե՞լ է իր զեկույցում օրինական գնահատական տալու այս հարցերին:
Նշենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը պատերազմ է սկսել Արցախի դեմ, ՀՀ-ում ռազմական դրություն էր հայտարարվել։
«Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում սահմանվում է նման որոշման իրավական հիմք ծառայող հանգամանքները և ՀՀ կառավարության լիազորությունները, կառավարության և ոչ թե՝ վարչապետի: Այսինքն, ռազմական դրությունը Նիկոլ Փաշինյանին գերագույն հրամանատարի լիազորություններ չի վերապահում:
Եվ հենց սա հաշվի առնելով պետք է հասկանալ՝ ռազմական գործողությունների ընթացքում արդյո՞ք այդ ժամանակաշրջանը պետք է որպես պատերազմ գնահատել, արդյո՞ք Նիկոլ Փաշինյանն իրեն գերագույն հրամանատարի գործառույթներ պիտի վերապահեր, թե՞ ոչ, ի՞նչ հետևանքների է սա հանգեցրել:
Եթե Փաշինյանը 2020թ. պատերազմի ժամանակ գերագույն հրամանատարի կարգավիճակից է հանդես եկել և դրա իրավունքը չուներ, դա այլ պատասխանատվություն է ենթադրում: Եթե ընդունենք, որ ուներ՝ այստեղ էլ այլ պատասխանատվության մասին է խոսքը: Մի բան հստակ է՝ պատերազմում պարտության հիմնական պատասխանատուն է հանդիսանում Նիկոլ Փաշինյանը, թերևս, միայն նրա համար, որ անտեսվել են օրենսդրական ինչ-ինչ նրբություններ՝ չնայած որոշ դեպքերում առկա անհստակությանը:
Այս համատեքստում շատ կարևոր է ՀՀ պաշտպանության նախարարի և ԳՇ պետի գործառույթների հարցը՝ որքանո՞վ են դրանք դե ֆակտո հարգվել կամ կատարվել:
Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրության 155-րդ հոդվածը սահմանում է՝ «ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է Պաշտպանության նախարարին, պատերազմի ժամանակ զինված ուժերի Գերագույն հրամանատարը վարչապետն է»:
«Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածում էլ նշվում է.
«Զինված ուժերի անմիջական հրամանատարը զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է, որը հանդիսանում է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը: Ոչ պատերազմական ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է ՀՀ պաշտպանության նախարարին: Պատերազմի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է զինված ուժերի գերագույն հրամանատարին:
Այդպիսի ուղիղ ենթակայությունը չի ձևափոխում զինված ուժերի գերագույն հրամանատարի կողմից չկարգավորված հարցերում զինված ուժերի ղեկավարումն իրականացնող և դրանց նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունն ապահովող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայությունը»:
Բայց կրկնում ենք, որ 2020թ. սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն, և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի դրույթներով էր պետք առաջնորդվել, ինչի համաձայն, օրինակ, ռազմական դրության պայմաններում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը «համակարգում է այլ զորքերի և ռազմական դրության ժամանակ ստեղծվող հատուկ ստորաբաժանումների զորահավաքային պատրաստությունը, վերահսկում է դրանց զորահավաքային պատրաստականությունը»:
Ռազմական դրության ժամանակ ևս ԳՇ պետը ենթակա է Պաշտպանության նախարարին
Թեև մեր դիտարկումները հիմնված են համապատասխան օրենքների վրա, ամեն դեպքում, այս հարցերի շուրջ լսել ենք նաև զինվորական և քրեական գործերով փաստաբան Մարտիկ Մարտիրոսյանի մասնագիտական դիտարկումները:
«ՀՀ սահմանադրության համաձայն՝ Զինված ուժերի անմիջական հրամանատարը զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է, որը հանդիսանում է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը:
Ոչ պատերազմական ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին: Եվ «ոչ պատերազմի ժամանակ» ձևակերպումը նշանակում է, որ ռազմական դրության ժամանակ նույնպես ԳՇ պետը ենթակա է Պաշտպանության նախարարին»,- 168.am-ի հետ զրույցում շեշտեց նա և հիշատակեց «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածը, որտեղ նշվում է, որ «Զինված ուժերը կազմված են զինվորական կառավարման կենտրոնական մարմնից՝ զինված ուժերի գլխավոր շտաբից, զինվորական կառավարման այլ մարմիններից, զորամիավորումներից, միավորումներից, զորատեսակներից և զորամասերից, զինվորական հաստատություններից և զինվորական այլ կազմավորումներից», և, որ «պատերազմի կամ ռազմական դրության ժամանակ զինված ուժերի կազմում ընդգրկվում են նաև այլ զորքերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը»:
«Ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ այլ զորքերը (ոստիկանության զորքեր, սահմանապահ զորքեր, ազգային անվտանգության հատուկ ստորաբաժանումներ և այլն), քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերն անցնում են զինված ուժերի հրամանատարության օպերատիվ ենթակայության ներքո: Թե ինչ է իրենից ներկայացնում օպերատիվ ենթակայությունը, ուղիղ սահմանումն օրենքով չկա:
Չեմ բացառում, որ օպերատիվ ենթակայություն տերմինը բացված լինի այլ՝ գաղտնի փաստաթղթերով: Իմ կարծիքով, օպերատիվ ենթակայությունն այն է, որ այդ զորքերը ժամանակավոր անցնում են այն մարմնի կամ հրամանատարի ենթակայության տակ, որը լիազրություն ունի օպերատիվ գործողություններ նախապատրաստելու և իրագործելու։ Ընդ որում, սա երբեք պետք չէ հասկանալ օպերատիվ հետախուզական գործունեության օրենքի իմաստով։ Ըստ իս, օպերատիվ բառը տվյալ դեպքում արտահայտում է արագ գործելը։
Այսինքն, Գլխավոր շտաբը կարող է որոշումներ կայացնել այլ զորքերի մասով, այդ թվում՝ նրանց տեղակայել բուն մարտական գործողությունների վայր, կամ, օրինակ՝ նրանց հանձնարարել այլ կառույցների՝ պետական կառույցների պաշտպանությունը հնարավոր հարձակման դեպքում»,- մանրամասնեց Մարտիկ Մարտիրոսյանը:
Այսինքն, 44-օրյա պատերազմի ժամանակ այսպես պիտի լիներ, այդ թվում՝ ԳՇ պետը պետք է ուղիղ ենթարկվեր Պաշտպանության նախարարին:
Զինվորական և քրեական գործերով փաստաբանը համաձայն է այն դիտարկումների հետ, որ օրենսդրությունը կամ դրանում առկա անհստակությունը պատերազմի ժամանակ որոշակի խնդիրներ է առաջացրել, և, որ լիարժեք նախագահական կառավարման համակարգը թույլ կտար խուսափել դրանցից:
Այս համատեքստում վերադառնանք «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածին, որտեղ, օրինակ, նշվում է. «Պատերազմի ժամանակ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ենթակա է զինված ուժերի գերագույն հրամանատարին:
Այդպիսի ուղիղ ենթակայությունը չի ձևափոխում զինված ուժերի գերագույն հրամանատարի կողմից չկարգավորված հարցերում զինված ուժերի ղեկավարումն իրականացնող և դրանց նկատմամբ քաղաքացիական վերահսկողությունն ապահովող Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայությունը»: Բայց թե կոնկրետ ինչ հարցերում, օրենքում չի «բացվում», ինչը երկակի մեկնաբանության առիթ է տալիս կամ ըստ տվյալ պահի նպատակահարմարության: Այսպես չպետք է լինի, հատկապես անվտանգային հարցերում:
Իսկ պատերազմից հետո մեկ այլ խնդրահարույց հանգամանք առաջ եկավ. Փաշինյանը և նրա թիմը որոշեց, որ ԳՇ պետին պետք է դարձնել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, որը, սակայն, չի փոխարինելու նախարարին: Այստեղ գործ ունենք, թերևս, հակասահմանադրական իրավիճակի հետ:
168.am-ըվերլուծություն էր ներկայացրել, ինչը ցույց է տալիս, որ այսօր, ըստ էության, փաստացի ունենք Պաշտպանության Գլխավոր շտաբ, ինչպես մոտ 20 տարի առաջ:
Կարո՞ղ ենք ենթադրել, որ այսօր բարձրագույն զինվորական և քաղաքական ղեկավարության միջև առկա է կուռ միասնություն և վստահություն, ինչն օրենսդրական խնդիրները երկրորդական է դարձնում, թե՞, ամեն դեպքում, օրենսդրական բացերը շտկելու անհրաժեշտությունը գոնե բարձրագույն զինվորական ղեկավարությունը տեսնում է:
Ի դեպ, Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրին հղումը հետագայում՝ 1995թ., տեղ գտավ և մինչև օրս առկա է ՀՀ Սահմանադրության նախաբանում, բայց «սա չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ, և այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական են»:
Որպես ասվածի ամենավառ ապացույց՝ Փաշինյանը հիշատակել էր Հռչակագրի 5-րդ կետը, որտեղ նշվում է. «Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ»:
Իսկ հոկտեմբերի 4-ին Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ քննարկվել են նաև զինված ուժերին վերաբերող կարգավորումների հարցերը: Սա իրականում պայքարի դաշտ է բացում քաղաքական ուժերի համար՝ թույլ չտալու առավել վտանգավոր կարգավորումներ, իսկ մինչ այդ ունենք այն, ինչն արձանագրեցինք: