Փաշինյանն Ադրբեջանի դեսպանն է Հայաստանում․ նրա ուզածը միայն մի բան է․ Արթուր Խաչիկյան

«Միջազգային իրավիճակը շատ լարված է, շատ վտանգավոր է, մոտավորապես նույն իրավիճակն է՝ ինչ Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներից առաջ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում, ամփոփելով 2025 թվականի աշխարհաքաղաքական զարգացումները, ասաց քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանը՝ շեշտելով, որ այլևս չկա որևէ միջազգային օրենք, կազմակերպություն, տիրում է ուժը։

Ըստ նրա՝ Հարավային Կովկասն ու Միջին Արևելքը մոտ ապագայում լինելու են Թուրքիայի և Իսրայելի գերիշխանության տակ գտնվող ռեգիոններ։

«Հայաստանն իր անմիտ արտաքին քաղաքականության հետևանքով, ոչ կոմպետենտ, անմեղսունակ, հիստերիկ, անհավասարակշիռ, էմոցիոնալ, խանգարումներ ունեցող որոշ մարդկանց արտաքին քաղաքականության հետևանքով կորցրեց իր ինքնիշխանությունը և՛ արտաքին, և՛ ներքին քաղաքականության առումով»,- ասաց նա՝ շեշտելով, որ նախադեպ է ստեղծվել, որ  այսօր Ալիևը որոշում է, թե ով է ղեկավարելու Հայ առաքելական եկեղեցին, իսկ վաղը որոշելու է, թե ով է մասնակցելու ընտրություններին, որ կուսակցություններն են փակվելու, որ ընդդիմադիրներին է համարելու ազգայնամոլ և պահանջելու է, որ նրանց էլ բանտարկեն։

«Հետո նա կկարողանա ԶԼՄ-ները կառավարել, որոշել՝ ես և Դուք հարցազրույցներ ապագայում ունենանք, թե ոչ։ Հետո այդ ազդեցությունը տեղափոխվելու է մեր ԱԺ, այսինքն՝ Ադրբեջանի շահերը ներկայացվելու են մեր ԱԺ-ում։ Ադրբեջանը կառավարում է Հայաստանը։

Կարդացեք նաև

Մի քայլ է մնացել, որ պաշտոնապես Ալիևը կառավարի Հայաստանը։ Իսկ արտաքին քաղաքականությունը․․․ Մեր մեջքի հետևում պայմանավորվում են, թե ինչ է լինելու մեզ հետ, մենք էլ մեր հույսը դնում ենք իրենց վրա։ ԱՄՆ-ը, Թուրքիան, ՌԴ-ն, Իրանը, Ադրբեջանն են որոշում՝ մեզ հետ ինչ է լինելու»։

Հիշեցնելով Փաշինյանի հայտարարությունը, թե «Արցախը թոկ էր մեր վզին», Խաչիկյանը դիմեց ՀՀ իշխանություններին․

«Պարանը դուք եք․ ձեր միջոցով մեզ գնալով խեղդելու են։ Եթե Փաշինյանը հաղթի, մեծ արտագաղթ է սկսվելու Հայաստանից, որովհետև Հայաստանը պաշտոնապես կառավարվելու է Ադրբեջանի կողմից»։

Ըստ նրա՝ 2025թ․ Հայաստանը հանձնեց իր ամենակարևոր խաղաքարտը՝ սյունիքով անցնող ճանապարհը․

«Մենք հանձնեցինք մեր ամենակարևոր խաղաքարտը և ոչինչ չստացանք դրա փոխարեն։ Իսկ ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսաք՝ նրանց հետաքրքրում է Լատինական Ամերիկան և Միջին Արևելքը, որտեղ իրենց հիմնական դաշնակիցն Իսրայելն է և Թուրքիան։ Հայաստանում նրանք որևէ շահ չունեն, ինչը փորձում էինք 5 տարի բացատրել։ Թրամփի քայլերը Իսրայելի լոբբիի արդյունքն էին․ ես ասում էի՝ Ադրբեջանը կօգտագործի իսրայելական լոբբիի ազդեցությունը և մեր մեջքի հետևում կլուծեն Զանգեզուրի հարցը, այդպես էլ եղավ։

Թրամփի վրա մեծ ճնշում է գործադրում Իսրայելը․ իրենց թշնամին Իրանն է, Իրանն էլ մեր հարևանն է, այսինքն՝ ցանկացած ձևով Իրանին մեկուսացնելն իրենց նպատակն է, իսկ թե ինչ կլինի Հայաստանի հետ, այդքան էլ իրենց հետաքրքիր չէ։ Այսքանից հետո Թրամփը մեզ չի էլ հիշելու․ նա դուրս է գալու այստեղից, ԱՄՆ-ը մեզ մոռանալու է, դրանից հետո Թուրքիան և Ադրբեջանը որոշելու են, թե ինչ է լինելու Սյունիքի հետ»։

Արթուր Խաչիկյանի գնահատմամբ՝ Հայաստանի գործող իշխանությունների շահը մեն է՝ մնալ իշխանության, որ պատասխանատվության չենթարկվեն իրենց արածների համար․

«Ես որևէ այլ երկիր, որևէ այլ հասարակություն չեմ ճանաչում, որ իր սեփական ժողովրդի մի մասին հայտարարել է թոկ, ասում է՝ թոկ էր մեր վզին, և իր սեփական ռազմագերիների մասին սկզբից ասաց՝ մի քանի ամիս կհամբերեն, հետո այդ մի քանի ամիսը դարձավ 5 տարի։ Այս մարդկանց վերլուծելը բացարձակ անիմաստ է, ամեն երկու-երեք ժամը մեկ իրենց խոսքը փոխում են։

Սա ոչ թե ՀՀ կառավարություն է, այլ Ադրբեջանի դեսպանատունն է Հայաստանում․․․ Վաղը եթե Ալիևն ասի՝ Երևանի անունը փոխեք, Փաշինյանը կասի՝ եկեք՝ դա էլ անենք, միայն թե մնա իշխանության։ Նա ծնկի եկած մարդ է, որը խայտառակվել է ամբողջ աշխարհի առաջ, նա ցանկացած զիջման կգնա։ Ալիևն էլ որ զգում է, որ սա թույլ է, վախկոտ է, իր պահանջների ցուցակը չի ավարտում։

Իսկ Ադրբեջանի վերադարձը Հայաստան նշանակելու է՝ Հայաստանի վերջ, որովհետև ադրբեջանցիները գալու են մեծ թվերով, հետո անխուսափելիորեն լինելու են կոնֆլիկտներ, որից հետո Հայաստան կմտնի Ադրբեջանի բանակը»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս