«Դա կատաստրոֆիկ է լինելու․ Ալիևի սև գործ անողին պետք է անպայման հեռացնել»․ Վազգեն Հովհաննիսյան

Քաղաքագետ Վազգեն Հովհաննիսյանի կարծիքով՝ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո հայկական պետականությունը գնում է դեպի անկում։

«Այն անձնավորությունը, իր ռազմաքաղաքական ամբողջ ղեկավարությամբ, որ 2020թ․ նոյեմբերի 9-ից հետո մնաց իշխանության, ամեն տարի տանում է երկիրը դեպի անկման։ Բայց ամեն տարի, երբ տեսնում ենք բավականին մեծ ստրատեգիական ձախողումներ, դրանց կողքին մենք տեսնում ենք իշխանությունների կողմից կազմակերպված մեդիաարշավ և մերձիշխանական տարբեր խոսող գլուխների, որոնք «ֆիքսում են», որ ՀՀ-ն դառնում է ավելի ինքնիշխան, և տարեցտարի ունենում ենք ավելի մեծ հաջողություններ։ Սակայն, իրականությունն այն է, որ տարեցտարի տեսնում ենք ավելի մեծ անկումներ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ Արցախի անկումից հետո հրաժարական տալու փոխարեն՝ իշխանություններն ավելի մեծացրին իրենց քարոզչության ագրեսիվ հռետորաբանությունը։

«Այս տարի ԱՄՆ քավորությամբ ՀՀ-ն ֆիքսեց «Զանգեզուրի միջանցք» կոչվածի այն տրամաբանությունը, որն Ադրբեջանը հետապնդում էր։ Դա որպես հաջողություն ֆիքսելը կատաստրոֆիկ է։ Սակայն մեր իրականության մեջ կան խոսող գլուխներ, որոնք դա որպես մեծ հաջողություն են ներկայացնում։ Ցանկացած տիպի ճանապարհ, որը պետք է տրվի նույնիսկ ինչ-որ մեծ տերության իրավազորության շրջանակներում, մեզ համար կատաստրոֆիկ է, որովհետև մեր ինքնիշխանության սահմանափակում է գնում։ Իսկ միջազգային հարաբերություններում, եթե խոսում ենք սուվերենության մասին, ապա դու պետք է ուժի չափաբաժնի մեծացում հետապնդես, բայց եթե քո մոտ ուժի չափաբաժինը գնալով փոքրանում է, իսկ քո խոսող գլուխները ֆիքսում են, որ քո մոտ սուվերենության մեծացում է տեղի ունենում, դա տրամաբանության նկատմամբ ոտնձգություն է»,- շեշտեց նա։

Կարդացեք նաև

Ըստ նրա՝ Հայաստանի իշխանություններն Ալիևի համար «սև գործ անողներ» են․ «Ալիևի համար ՀՀ ներկայիս իշխանություններն անում են սև գործ՝ սևագործ են, և պարզ է, որ սա նեգատիվ խաղաղության կոնցեպտ է, այսինքն՝ մենք չենք ունենում խաղաղություն, որը երկու կողմերին պետք է բավարարի, այլ՝ տեսնում ենք, որ Ադրբեջանն իր ռազմական գործիքակազմը չի օգտագործում, իսկ Փաշինյանն ու իր հարակից շրջանակներն ուղղակի սևագործ բանվորի պես աշխատում են Ադրբեջանի համար։ Գործունեությունը դավաճանական է, այսինքն՝ Ադրբեջանի համար սևագործ գործունեություն իրականացնել սեփական պետության նկատմամբ»։

Վազգեն Հովհաննիսյանը կատաստրոֆիկ է համարում Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հայտարարությունը, թե 2026 թվականի հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ Հայաստանն օգնություն է խնդրել ԵՄ-ից, և պետք է քննարկեն, թե ինչ կարող են անել օգնելու համար։

«Սա այնպիսի կողմնակալ դիրքորոշում է, որ փաստացի ընդդիմությունն ուղղակի դեմոնիզացվում է։ Այդ հայտարարության տրամաբանությունն այն է, որ ընդդիմությունն, այսպես ասած, ռուսական պրոքսի է, և դուք (ՀՀ գործող իշխանությունները) ստանում եք «դաբրո»՝ ընդդիմության հետ ոնց ուզեք՝ վարվեք։ Սա կանաչ լույս է ԵՄ կողմից, որ՝ դուք կարող եք օգտագործել ոչ ժողովրդավարական գործիքակազմն ընդդիմության նկատմամբ, և մենք ուղղակի մեր աչքերը կփակենք և ամեն ինչ լավ կլինի, կարևորը, որ կարողանաք վերարտադրվել։ Ըստ նրա՝ Փաշինյանի հետ գործընկերային փոխհարաբերություններ հետապնդող բոլոր ուժային կենտրոններն էլ շահագրգռված են լինելու, որ Փաշինյանը վերարտադրվի, որովհետև հակառակ պարագայում՝ ցանկացած ազգային իղձեր ներկայացնող իշխանություն հակադրվելու է այդ կենտրոններին՝ ոչ թե դիմակայության տրամաբանության մեջ, այլ չի հաշտվելու այն առաջարկների հետ, որոնք արվում են, այսինքն՝ չի հաշտվելու կորուստների հետ։ Դա մենք տեսել ենք Ադրբեջանի պարագայում»։

Նրա դիտարկմամբ՝ Փաշինյանին հակազդելու ընդդիմության միակ տարբերակն այն պետք է լիներ, որ ընդդիմությունը հանդես գար միասնական ճակատով․ «Այսինքն՝ ընդդիմությունը պետք է միասնական ճակատով գնար ընտրությունների, բայց մենք տեսնում ենք, որ չի գնում, և ընդդիմության այս ջլատված վիճակը տանելու է նրան, ինչը տեսել ենք 2021թ․։ Այսինքն՝ իմ կանխատեսմամբ, գուցե սխալվում եմ, կտեսնենք, որ 2026թ․ ընտրությունները կարող են լինել ավելի կատաստրոֆիկ, քան 2021 թվականինը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում կարող է ստանալ բացարձակ մեծամասնություն։ Սա կատաստրոֆիկ է լինելու։ Ազգային շահերի, ազգային իղձերի տեսանկյունից հայկական պետականությունը շատ կարևոր նշանակություն ունի, և եթե Նիկոլ Փաշինյանը շարունակի մնալ, ես ինչպես ասացի, նա Ալիևի սև գործ անողն է․․․ Ալիևի սև գործ անողին պետք է անպայման հեռացնել, դա նույնիսկ քննարկման ենթակա չէ»։

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս