Փաշինյանի և Ալիևի՝ բանակին ուղղված սահմանադրական պահանջը, կամ՝ երբ Սահմանադրությունը լեգիտիմ չես համարում, բայց դրա շնորհիվ ունեցած իշխանությունդ համարում ես լեգիտիմ

ՀՀ Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ երեկ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որի ժամանակ Մայր օրենքի պահանջները տարբեր առիթներով ոտնահարած Նիկոլ Փաշինյանը կրկնել է Նոր սահմանադրություն ունենալու իր մանիպուլյատիվ հիմնավորումը, թե «անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդը Սահմանադրությունը համարի իրենը»՝ կասկածի տակ դնելով նաև 1995 թվականի Սահմանադրության՝ ժողովրդի կամարտահայտությամբ հանրաքվեով անցնելու փաստը՝ «մեր գործող Սահմանադրությունները՝ սկսած 1995 թվականից, առնվազն հարց են թողել, որ դրանք ընդունվել են ժողովրդի ազատ կամարտահայտմամբ և ազատ քվեարկությամբ»:

Մի առիթով 168.am-ը ներկայացրել է Սահմանադրության փոփոխմանն առնչվող «քաղաքական ռևոլյուցիաները», որտեղ տեղ է հատկացված նաև թուրք-ադրբեջանական պահանջին, որը շարունակում է դիտարկվել Խաղաղության համաձայնագրի կնքման գլխավոր նախապայման:

Ի դեպ, զավեշտալի է, երբ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ և ոչ ժողովրդական է համարում գործող Սահմանադրությունը, բայց իր իշխանությունը համարում է լեգիտիմ և ժողովրդինը, երբ նույն, իր ասած՝ ոչ լեգիտիմ և ժողովրդին չպատկանող Սահմանադրությունն է տվել այդ հնարավորությունը: Արդյո՞ք այստեղ չկա հակասություն:

Իսկ Սահմանադրության բովանդակությունը, դրանից բխող կառավարման համակարգը, այն ընդունվելու ժամանակը և ժողովրդի ակտիվությունը չափազանց կարևոր գործոն է, բայց արդյոք Սահմանադրության պահանջները չհարգելը, դրանք ոտնահարելը կարո՞ղ է արդարացվել դրա բովանդակությամբ, կամ տարիներ անց քննարկման դնել հարցը, թե ինչ մասնակցություն է ունեցել ժողովուրդը սահմանադրական հանրաքվեին, այն էլ՝ իշխանությունների կողմից: Բնականաբար, ոչ: Իսկ ասվածի օրինակները տեսել և տեսնում ենք՝ և՛ ՀՀ զինված ուժերի, և՛ Եկեղեցու, և՛ այլ պետական ինստիտուտների հետ կապված:

Կարդացեք նաև

Դեռ 2024 թվականին գրել ենք, որ Նոր սահմանադրությունը չի շրջանցելու նաև ՀՀ զինված ուժերին, հատկապես, երբ Նիկոլ Փաշինյանն արդեն իսկ դե ֆակտո անցել է բանակի ֆունկցիոնալ նշանակության փոփոխությանը:

Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման 34-րդ տարեդարձի առթիվ իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված Անկախության հռչակագրին հղումը հետագայում՝ 1995թ., տեղ գտավ և մինչև օրս առկա է ՀՀ Սահմանադրության նախաբանում, բայց «սա չի նշանակում, թե Անկախության հռչակագրի ողջ բովանդակությունը ներառված է ՀՀ Սահմանադրության մեջ, և այս երկու փաստաթղթերի բովանդակությունը նույնական են»:

Որպես ասվածի ամենավառ ապացույց՝ Փաշինյանը հիշատակել է Հռչակագրի 5-րդ կետը, որտեղ նշվում է. «Հայաստանի Հանրապետությունն իր անվտանգությունը և սահմանների անձեռնմխելիությունն ապահովելու նպատակով ստեղծում է Գերագույն խորհրդին ենթակա սեփական զինված ուժեր, ներքին զորքեր, պետական և հասարակական անվտանգության մարմիններ»:

Այսինքն, ըստ Փաշինյանի, «չնայած Հռչակագրի նման ձևակերպմանը, ՀՀ Սահմանադրությամբ ՀՀ Զինված ուժերը, Ոստիկանության զորքերը, պետական և հասարակական անվտանգության մարմինները երկրի խորհրդարանին չեն ենթարկվում, այլ մինչև 2015թ. սահմանադրական փոփոխությունը ենթակա են եղել երկրի Նախագահին, իսկ 2018թ. ապրիլից հետո՝ Կառավարությանը»:

Սա թույլ է տվել Փաշինյանին պնդելու, որ ՀՀ Սահմանադրության մեջ արտահայտված են Անկախության Հռչակագրի միայն այն դրույթները, որոնք արտահայտված են ուղղակի, բառացի և տառացի:

Ի՞նչ է ստացվում, Նիկոլ Փաշինյանը նաև սրանով է Անկախության հռչակագիրը Սահմանադրությունից դուրս մղելու լեգիտիմ հիմք ստեղծում, ինչպես նշել էինք մեր համապատասխան հոդվածում: Ընդ որում՝ փորձելով ցույց տալ, թե միևնույն է՝ նախկինում էլ դրա ամբողջ բովանդակությունը չի մտել Սահմանադրություն:

Իրականում Նիկոլ Փաշինյանի մատնանշած վերոնշյալ օրինակը ոչ այլ ինչ է, քան նկատել ձևը և ոչ թե բովանդակությունը, հատկապես, երբ Հռչակագրի 5-րդ կետը կիսատ է մեջբերվել:

Այնտեղ նշվում է նաև՝

– Հայաստանի Հանրապետությունն ունի ԽՍՀՄ սպառազինության իր մասնաբաժնի իրավունքը,

– Հայաստանի Հանրապետությունն ինքն է որոշում իր քաղաքացիների զինվորական ծառայության կարգը:

– Այլ երկրների զորամիավորումները, նրանց ռազմական բազաները և շինությունները կարող են տեղաբաշխվել Հայաստանի Հանրապետության տարածքում միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

– Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են օգտագործվել միայն նրա Գերագույն խորհրդի որոշմամբ:

Սա է բովանդակությունը, որտեղ ցույց է տրվում ՀՀ ինքնիշխան իրավունքը, ինքնուրույն որոշումներ կայացնելու անհրաժեշտությունն ու կարողությունը, և, թե ինչպես կազմակերպի իր անվտանգային և պաշտպանական համակարգը, և այս դեպքում էական չէ՝ ում է ենթարկվում բանակը, եթե բանակի սահմանադրական պարտականությունները չեն փոխվում:

Այս համատեքստում մի փոքր պատմական էքսկուրս կատարենք:

1995 թվականի Սահմանադրությունը ՀՀ զինված ուժերի մասով ասում էր.

«ՀՀ նախագահը զինված ուժերի գլխավոր հրամանատարն է, նշանակում է զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմը:

Որոշում է ընդունում զինված ուժերի օգտագործման մասին, Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ Ազգային ժողովի կողմից պատերազմ հայտարարվելու դեպքերում հայտարարում է ռազմական դրություն և կարող է հայտարարել ընդհանուր կամ մասնակի զորահավաք»:

2005 թվականին ընդունված սահմանադրական փոփոխություններից հետո բանակի մասով ասվում էր.

«Հոդված 8.2

Հայաստանի Հանրապետության զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության անվտանգությունը, պաշտպանությունը և տարածքային ամբողջականությունը, նրա սահմանների անձեռնմխելիությունը։

Զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և գտնվում են քաղաքացիական վերահսկողության ներքո»:

Իսկ 2015թ. սահմանադրական, այսպես ասած, բարեփոխումներից հետո Զինված ուժերին առնչվող հետևյալ պահանջներն են, որոնք դե յուրե ուժի մեջ են մինչև այսօր:

«Հոդված 14. Զինված ուժերը և պաշտպանությունը

1. ՀՀ զինված ուժերն ապահովում են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը:

2. ՀՀ զինված ուժերը քաղաքական հարցերում պահպանում են չեզոքություն և քաղաքացիական վերահսկողության ներքո են:

3. Յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է oրենքով uահմանված կարգով մասնակցել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը:

ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ՝

«Հոդված 155. Զինված ուժերը՝

Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են: Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը: Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում Կառավարության անդամներին:

Պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանում է Անվտանգության խորհուրդը: Պաշտպանության նախարարն այդ հիմնական ուղղությունների շրջանակներում իրականացնում է զինված ուժերի ղեկավարումը:

Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է Հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին:

Պատերազմի ժամանակ զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է:

Զինված ուժերի ենթակայության, ղեկավարման, ինչպես նաև այլ մանրամասներ սահմանվում են օրենքով»:

Իսկ ինչ տեղի ունեցավ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի 2021 թվականի փետրվարի 25-ի հայտնի հայտարարությունից հետո: Նախ Նիկոլ Փաշինյանն իրավունքի ուժով Օնիկ Գասպարյանին ազատեց ԳՇ պետի պաշտոնից, այնուհետև օրենսդրական փոփոխություններ կատարվեցին, և ԳՇ պետին դարձրեցին ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, որն իրավունք չունի փոխարինելու նախարարին: Արդյո՞ք այստեղ չկա խնդիր Սահմանադրության հետ:

Ավելին, 168.am-ը վերլուծություն էր ներկայացրել, որտեղ, հիշեցնելով տարբեր ժամանակներում ընդունված «Պաշտպանության մասին» օրենքը, ցույց էինք տվել, որ այսօր փաստացի ունենք Պաշտպանության Գլխավոր շտաբ, ինչպես մոտ 20 տարի առաջ:

Դեռ չենք քննարկում՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ իրավունք ուներ գերագույն հրամանատար լինելու:

Իսկ թե ինչ է ենթադրում մշակման փուլում գտնվող սահմանադրության նոր նախագիծը Զինված ուժերի մասով, թերևս, ավելորդ է ասել:

Հավելենք, որ Ալիևի հրամանով Ադրբեջանում 2025 թվականը հայտարարված է սահմանադրության և ինքնիշխանության տարի, նշելու են Ադրբեջանի սահմանադրության ընդունման 30-րդ տարին և 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի 5-րդ տարին:

«Այսօր Ադրբեջանի Հանրապետությունը, առաջնորդվելով ազգային շահերով, նոր իրողությունների պայմաններում ավելի վճռական և սկզբունքային է շարունակում իր անկախ քաղաքականությունը՝ հիմնված Սահմանադրության պահանջների և իր ինքնիշխան իրավունքների վրա, և վստահորեն շարժվում է դեպի գալիք ռազմավարական նպատակներ»,- նշվում է Ադրբեջանի նախագահի հրամանում:

Եվ, բնականաբար, հրամայված է, որ բանակը գործելու է Ալիևի՝ 2025 թվականը սահմանադրության և ինքնիշխանության տարի հռչակելու հրամանի տրամաբանության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս