Ի՞նչ է Իրանը հասկացնում Հայաստանին ու Արևմուտքին
«Իրանն իր հարաբերությունները կարգավորում է՝ հիմնվելով ազգային շահերի վրա, ուստի Հայաստանի հետ հարաբերությունները բացառություն չեն»,- իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային՝ պատասխանելով հարցին, որ Փաշինյանը հայտարարել է Իրանի հետ ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրելու ցանկության մասին, արդյո՞ք Իրանը պատրաստ է ռազմավարական գործընկերության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ:
«Մեր հարաբերությունները Հայաստանի հետ հիմնված են փոխադարձ շահերի, մտահոգությունների և ընդհանրությունների ճշգրիտ ճանաչման վրա։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք այս երկրի հետ և վճռական ենք՝ շարունակել այդ հարաբերությունները տարբեր ոլորտներում»,- ասել է իրանցի դիվանագետը։
Բաղային նշել է, որ Թեհրանը հարգում է այն փաստը, որ երկրները հարաբերություններ ունեն այլ կողմերի հետ, քանի դեռ դա չի վնասում Իրանին:
«Մեր հարաբերություններն այլ երկրների հետ ձևավորվում են փոխադարձ շահերի և մտահոգությունների ուշադիր ուսումնասիրության հիման վրա, և մեր հարաբերությունները Հայաստանի և այլ հարևան երկրների հետ կարգավորվում են այսպես»,- հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակը:
Իրանցի վերլուծաբան Ալի Սալամին 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հայտարարությանը, նշեց, որ Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը դիվանագիտական ձևակերպումից դուրս ունի հստակ աշխարհաքաղաքական բովանդակություն։ «Մտահոգություններ» բառի ընդգծումը, նրա խոսքով, ցույց է տալիս, որ Իրանը Հայաստանի հետ հարաբերությունները դիտարկում է ոչ միայն համագործակցության, այլ նաև սպառնալիքների կառավարման համատեքստում։

«Առաջին և առանցքային մտահոգությունը վերաբերում է տարածաշրջանային սահմանների փոփոխության անթույլատրելիությանը։ Իրանի համար Հարավային Կովկասում ցանկացած կոմունիկացիոն կամ քաղաքական նախագիծ, որը կարող է հանգեցնել Հայաստանի ինքնիշխանության սահմանափակման կամ ՀՀ-Իրան սահմանի դե ֆակտո վերաձևման, ընկալվում է՝ որպես ուղիղ սպառնալիք Իրանի ազգային անվտանգությանը։ Այս համատեքստում քննարկվող տրանսպորտային նախագծերի հարցում Իրանն անտարբեր չէ, որպեսզի նոր ձևավորվող կապուղիները համապատասխանեն ռեգիոնալ բոլոր երկրների շահերին։
Երկրորդ կարևոր մտահոգությունն արտաքին ուժերի՝ հատկապես Իսրայելի և Արևմուտքի ազդեցության աճն է Հարավային Կովկաս։ Իրանի համար Հայաստանը դիտարկվում է՝ որպես հարաբերականորեն կանխատեսելի և ոչ թշնամական միջավայր, մինչդեռ Ադրբեջանի և Թուրքիայի խորացող ռազմաքաղաքական համագործակցությունը, ինչպես նաև Իսրայելի ներկայությունն Ադրբեջանում, Թեհրանի ընկալմամբ, ստեղծում են «անվտանգային օղակի» վտանգ Իրանի հյուսիսային սահմաններին։ Այս համատեքստում Հայաստանն Իրանի համար կարևոր է՝ որպես հավասարակշռող գործոն, և ցանկացած քայլ, որը Երևանը կարող է անել՝ խորացնելով անվտանգային կախվածությունն արևմտյան դերակատարներից, կարող է ընկալվել՝ որպես մտահոգիչ զարգացում»,- նշեց Ալի Սալամին։
Երրորդ շերտը, նրա խոսքով, վերաբերում է տարածաշրջանային ապակայունացման ռիսկերին։ Ըստ նրա, Իրանը շահագրգռված է Հարավային Կովկասում վերահսկելի և կանխատեսելի միջավայրի պահպանմամբ, քանի որ լայնածավալ ռազմական էսկալացիան կարող է ներգրավել արտաքին ուժերին, խաթարել առևտրային ուղիները և բացել նոր ճնշման ճակատներ հենց Իրանի դեմ։
«Հայաստանն այս համատեքստում ընկալվում է՝ որպես երկիր, որի թուլացումը մեծացնում է անկանխատեսելիության աստիճանը ողջ տարածաշրջանում։ Վերջապես, «մտահոգություններ» հասկացության մեջ ներառվում է նաև Իրանի զգայուն վերաբերմունքն էթնոքաղաքական հարցերի նկատմամբ»,- նշեց վերլուծաբանը։
Այսպիսով, նրա գնահատմամբ՝ Իրանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը ոչ թե ընդհանուր դիվանագիտական «շաբլոն» է, այլ հստակ ազդակ Հայաստանին և արտաքին դերակատարներին, որ Թեհրանի համար հայ-իրանական հարաբերությունները ռազմավարական են այնքանով, որքանով Երևանը շարունակում է հանդես գալ՝ որպես տարածաշրջանային հավասարակշռության, սահմանների անքակտելիության և արտաքին ռազմական ներթափանցման զսպման գործոն։
«Այս դիտարկմամբ Իրանը փաստացի սահմանում է իր կարմիր գծերը Հարավային Կովկասում այն դեպքում, երբ Արևմուտքը մեծացնում է ներկայությունը, ազդեցությունը, ինչպես նաև կոնկրետ պայմանավորվածությունների է հանգում»,- ասաց Ալի Սալամին։
