2025 թվականի ռազմական և պատերազմական ուշագրավ դրվագները
Անցնող 2025 թվականին ևս 168.am-ն իր ուշադրության կենտրոնում է պահել ՀՀ զինված ուժերին վերաբերող ցանկացած հարց, օրենսդրական նախաձեռնություն Հայաստանում և Հայաստանի շուրջ ցանկացած իրադարձություն և զարգացում, 2020 թվականի 44-օրյա պատերազմի կարևոր դրվագները, դրան առնչվող ռազմական քրեական գործերը, ինչպես նաև՝ պատերազմից դուրս ռազմատեխնիկական քրեական վարույթները, դատական գործընթացները և այլն:
Քանի որ 2026 թվականը նախընտրական տարի է, ուստի մեր թիրախում լինելու են նաև ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի ռազմական նախընտրական ծրագրերը, անվտանգային և ժամանակակից պատերազմների գրված և չգրված օրենքների պայմաններում զինված ուժերը կառավարելու և անվտանգային տարածաշրջանային և գլոբալ մարտահրավերներին դիմակայելու նրանց պատկերացումները:
Իսկ մինչ այդ հարկ ենք համարում առանձնացնել տարվա ընթացքում արձանագրված՝ բանակին և 44-օրյա պատերազմին առնչվող մի քանի դրվագ:
ՀՀ զինված ուժեր
– 2025 թվականին ՀՀ իշխանությունները որոշեցին մոտ 15 տոկոսով կրճատել 2026 թվականի ռազմական բյուջեն: Մինչդեռ Ադրբեջանը 2026 թվականի համար ճիշտ հակառակ որոշումը կայացրեց. 2026 թվականի բյուջեով մեծացվեց երկրի ռազմական բյուջեն, և պաշտպանության և ազգային անվտանգության ծախսերը հաջորդ տարի կազմելու են բյուջետային բոլոր հատկացումների մոտ 21%-ը՝ 8.7 միլիարդ մանաթ (ավելի քան 5 միլիարդ դոլար):
– 2025 թվականին ՀՀ իշխանությունները որոշեցին կրճատել պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ժամկետը: Այսինքն, 2026 թվականի հունվարի 7-ից մեկնարկելիք ձմեռային զորակոչից շարքային կազմի համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 18 ամիս է լինելու՝ պայմանագրայինների թվաքանակի աճի հաշվին:
– 2025 թվականի դեկտեմբերին բանակի նոր համազգեստի նմուշներն ընդունվեցին փորձարկման, խոսքը հատկապես դաշտայինի մասին է: Թե որքանով է այն հաջողված, արդեն նոր տարում կմանրամասնենք:
2020 թվականի 44-օրյա պատերազմ
– ՀՀ իշխանությունները որոշեցին, որ Քննիչ հանձնաժողովի զեկույցը, որը ստացել է գաղտնիության «Հույժ գաղտնի» աստիճան, չպետք է ներկայացվի ԱԺ լիագումար նիստում, այլ պետք է ուղարկվի ԱԺ առաջին բաժին, որին կարող են ծանոթանալ գաղտնի տեղեկություններին հասանելիության թույլտվություն ունեցող պատգամավորները:

Ի դեպ, ըստ էության, «ԱԺ-կանոնակարգ» օրենքի խախտմամբ, ԱԺ նախագահն այդպես էլ թույլ չտվեց, որ 44-օրյայի զեկույցին ծանոթանա ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, չնայած նրա մի քանի պահանջ-գրության:
– 2025 թվականին ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունել, այսինքն՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանն ուղարկվեց համապատասխան քրեակատարողական հիմնարկ՝ իր պատիժը կրելու:

Նշենք, որ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը «Ցորի զորամասի» գործով դատապարտել էր 5 տարի 6 ամիս ազատազրկման, և այս որոշումը Վերաքննիչն իր հերթին անփոփոխ էր թողել:
– 2025 թվականին շուրջ 3 տարի անց դատարանը որոշել է ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանի խափանման միջոցը փոխել` կիրառելով տնային կալանք և նշանակելով 30 միլիոն դրամ գրավ։

ՊԲ նախկին հրամանատարը կալանավորվել էր 2022 թվականի սեպտեմբերի 1-ից։
Նա մեղադրվում է 44-օրյային առնչվող պատերազմական երկու դրվագով՝ «Արեգա» բարձունքի կորստի և նահանջի հրաման տալու (այդ ժամանակ ՊԲ հրամանատարը Ջալալ Հարությունյանն էր) և Շուշիի պաշտպանությունը պատշաճ կերպով չկազմակերպելու համար։
44-օրյա պատերազմին առնչվող մի շարք գործերով հաշվետու տարում դատարանները մեղադրական վճիռներ են կայացրել տարբեր հրամանատարների և սպաների նկատմամբ: Իսկ Սեյրան Օհանյանի որդու՝ Ցորի զորամասի հրամանատար Արթուր Օհանյանի նկատմամբ հարուցված «Լելե Թեփեի» գործն էլ 2025-ին մտավ դատարան:

Ինչպես նշեցինք, բարձրաստիճան զինվորականության, ՀՀ ՊՆ և ԳՇ նախկին ղեկավարության նկատմամբ հարուցված են նաև պատերազմի հետ չառնչվող գործեր, որոնց տարվա ընթացքում անդրադարձել ենք մանրամասն և դեռ կանդրադառնանք, քանի որ դատական գործընթացները դեռ չեն ավարտվել:
Ի դեպ, օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունում հավատարմագրված լրագրողները ևս հնարավորություն են ունեցել ծանոթանալու ձեռք բերված նոր սպառազինության և ռազմական տեխնիկայի նմուշներին: Գաղտնիության սկզբունքից ելնելով՝ ավելին ասել չենք կարող:
Իսկ 2025 թվականի ռազմական տարվա համառոտ ամփոփման համատեքստում հիշեցնենք, որ մի քանի տարի է՝ Նիկոլ Փաշինյանը Նոր տարվա նախաշեմին չի այցելում մարտական դիրքեր կամ զորամաս՝ շնորհավորելու զինվորների և սպաների Ամանորն ու Սուրբ ծնունդը: Հոդվածը գրելու պահին նման տեղեկություն չկար նաև այս տարի:


