
Փաշինյանը քանդարար է, նա հիվանդագին հոգեբանությամբ ոչնչացնում է Երրորդ Հանրապետությունը․ Արամ Մանուկյան
Նիկոլ Փաշինյանի «խաղաղության ծրագիրը» սուտ է, կեղծիք, և դրա տակ շատ ռիսկեր են պարունակվում։ Օգոստոսի 8-ի փաստաթուղթը կոնֆլիկտածին է, ոչ թե խաղաղություն բերող։ Կոպենհագենում Փաշինյանն Ալիևի հետ քննարկել է «Ադրբեջանի տարածքում ենթակառուցվածքների զարգացումը», դա ի՞նչ կապ ունի Հայաստանի հետ։
Մինսկի խմբի համատեղ փակմամբ՝ Փաշինյանն ասում է, որ Արցախի հետ տեղի ունեցածն արդարացված է, չկա մշակութային արժեքների ոչնչացում, բռնագաղթ և ցեղասպանություն տեղի չի ունեցել։ Վաշինգտոնյան փաստաթուղթը Հայաստանի տարածքների և իրավունքների կորստի մասին է։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀԱԿ փոխնախագահ, ՀՀ ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը։
«Փաշինյանը պատրաստ է միակողմանիորեն տալ ամեն ինչ՝ դիմացը չստանալով ոչինչ։ Ընտրություններից առաջ հասարակությունը ոտքի կկանգնի։ Նիկոլ Փաշինյանի խաղաղության բլեֆն ամենևին չի աշխատելու նրա օգտին։
Վիճակը շատ ավելի լուրջ է, քան կարելի է ենթադրել, սա չի լինելու սովորական ընտրություն։ Խնդիրը Հայաստանը կեղծ խաղաղությունից իրական խաղաղության փուլ բերելն է։ Փաշինյանի ասած հանրաքվեն չպետք է լինի, որովհետև դրա երկու ելքի դեպքում էլ արդյունքն աղետալի է լինելու Հայաստանի համար։
Եթե դու մերժում ես հանրաքվեն, Ադրբեջանի ձեռքերն ազատում ես, իսկ եթե «այո» ես ասում, ստացվում է՝ արտաքին ուժերը քեզ ճնշում են՝ ոչնչացնելու քո Սահմանադրությունը և Անկախության հռչակագիրը»,- ասաց քաղաքական գործիչը։
«Ալիևը Հայաստանում ներքաղաքական օրակարգ է թելադրում, և Նիկոլ Փաշինյանն ուրախությամբ իրագործում է դա։ Դավաճանական հայտարարություն է այն, երբ ասվում է՝ ես իմ երկիրը, իմ սահմանները չեմ պաշտպանելու, եթե ինձ վրա հարձակող լինի։ Փաշինյանը սա ասում է միայն ու միայն Ալիևի ականջի համար։ Ադրբեջանի հայատյաց և ռազմատենչ հայտարարությունների ֆոնին մենք հայտարարում ենք մեր բանակը կրճատելու մասին։
Փաշինյանի բոլոր հայտարարությունները ցուցմունք են Հայաստանի պետականության դեմ։ Նա ոչնչացնում է արցախյան ազատագրական շարժումը, ինքնորոշման գաղափարը»,- նշեց Մանուկյանը։
Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ այս տարվա օգոստոսի 23-ի իր ուղերձում Փաշինյանը խոստովանել է, որ հենց ինքն է մերժել բանակցությունները․
«Ասում է՝ եթե մենք Արցախը չտայինք, Հայաստանի անկախությունը կորսվելու էր։ Սա հոգեկան հիվանդի հայտարարություն է։ Բացառված չէ, որ նույն սցենարը կրկնեն Սյունիքում։ Այս մարդու ամբողջ գործունեությունը Հայաստանի դեմ է՝ հակահայկական և հակապետական։
Նա ոչ թե «Չորրորդ Հանրապետություն» է ուզում ստեղծել, այլ ոչնչացնում է Երրորդ Հանրապետությունը, նա քանդարար է։ Ամեն ինչ ոչնչացնում է մի հիվանդագին հոգեբանությամբ, իբր իրենից առաջ ոչինչ չի եղել, և ինքն ուզում է ինչ-որ բանի հիմնադիր դառնալ»:
«Ոչ մի միջազգային հանդիպման ժամանակ բառ անգամ չի հնչել Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու մասին։ ՄԱԿ-ի ամբիոնից կարող էր խոսել, բայց չի խոսում։ Խաղաղություն ես կնքում՝ քո գերիներին Բաքվում պահելո՞վ։ Չի կարող այդպիսի բան լինել։
Ցավալիորեն մենք գործ ունենք անլուրջ մարդկանց հետ։ Նրանց մեջ ռազմավարական և հեռահար մտածողության նշույլ անգամ չկա։ Եթե հանկարծ 2026-ին դա շարունակվի, Հայաստանն ուղղակի փոսի մեջ է հայտնվելու՝ անվերադարձ և անշրջելի։ Քաղաքական ուժերը, մտավորականությունը և եկեղեցին՝ այս երեք սյուները պետք է ակտիվանան, որ ապատիկ վիճակում գտնվող հասարակությունը ոտքի ելնի և Հայաստանի ղեկը վերցնի իր ձեռքը»,- ամփոփեց Արամ Մանուկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: