«Հյուրանոցների աստղայնության եվրոպական ստանդարտները արդեն Հայաստանում»
Այսուհետ Հայաստանում հյուրանոցների աստղայնությունը որոշելու է Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան:
Շուրջ չորս տարի տևած բանակցությունները, օրենսդրական փոփոխությունները և հյուրանոցային ոլորտի միահամուռ ջանքերը վերջապես տվեցին սպասված արդյունքը:
«Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիա» ՀԿ-ն ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի կողմից ընտրվեց որպես հյուրանոցային տնտեսության օբյեկտներին (ՀՏՕ) որակավորում տրամադրող միավորում:
Ասոցիացիան հյուրանոցների և այլ ՀՏՕ-ների որակավորման գործընթացը իրականացնելու է եվրոպական ստանդարտների հիման վրա՝ աշխարհահռչակ Hotelstars Union համաեվրոպական հյուրանոցային աստղեր տրամադրող կառույցի չափանիշների կիրառմամբ:
Hotelstars Union-ի նախագահ Մարկուս Լյութեն այդ կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել միավորման բազմամյա անդամ Հայատանի Հյուրանոցների Ասոցիացիային:
«Hotelstars Union-ի ողջ ընտանիքի անունից ցանկանում եմ ջերմորեն շնորհավորել Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիային մրցույթում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս հաղթանակը նշանակալի ձեռքբերում է և հստակ վկայում է Ասոցիացիայի պրոֆեսիոնալիզմի, վստահելիության և հյուրընկալության ոլորտում որակի բարձր չափանիշների զարգացմանն ուղղված հետևողական նվիրվածության մասին։
Ուրախ ենք, որ մեր հայ գործընկերներին վստահվել է Հայաստանում Hotelstars դասակարգման համակարգի ներդրումը։ Վստահ ենք, որ նրանք բարձր պատասխանատվությամբ, մասնագիտական հմտությամբ և մեծ նվիրումով կիրականացնեն այս կարևոր առաքելությունը։
Hotelstars համակարգի ներդրումը Հայաստանում կարևոր քայլ է կացության ոլորտում առավել մեծ թափանցիկության, համադրելիության և հյուրերի վստահության ամրապնդման ուղղությամբ։ Հյուրանոցների համար այն ապահովում է որակի միջազգայնորեն ճանաչված չափանիշ, շուկայում ավելի բարձր տեսանելիություն և ավելի հստակ դիրքավորում միջազգային զբոսաշրջության՝ օրեցօր ավելի մրցակցային շուկայում։
Ներդրման գործընթացի սահուն և հաջող իրականացումն ապահովելու նպատակով HotellerieSuisse-ը (Շվեյցարիայի հյուրանոցների ասոցիացիա), Hotelstars Union-ի հետ սերտ համագործակցությամբ, կաջակցի Հայաստանի Հյուրանոցային Ասոցիացիային՝ փոխանցելով դասակարգման ոլորտում իր բազմամյա փորձն ու գործնական մասնագիտական գիտելիքները։ Մենք անհամբեր սպասում ենք արդյունավետ համագործակցության, որը կնպաստի որակի չափանիշների ամրապնդմանը և հավելյալ արժեք կստեղծի թե՛ Հայաստանի և թե՛ Եվրոպայի հյուրանոցների ու հյուրերի համար։ «Թիմային աշխատանքն է, որ երազանքը դարձնում է իրականություն», — ընդգծել է Hotelstars Union-ի նախագահ Մարկուս Լյութեն։
Հայաստանի Հյուրանոցների Ասոցիացիան կոչ է անում բոլոր հյուրանոցներին ուղիղ կապ հաստատել Ասոցիացիայի հետ և ստանալ ամբողջական տեղեկություն սպասվելիք բարեփոխման վերաբերյալ ուղարկելով նամակ [email protected] էլ. հասցեին:


