Հայաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչը նոր ազգային ընտրանի է գլխավորել
Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան համաձայնության է եկել հոլանդացի մասնագետ Ջոն վան՛տ Սխիպի հետ՝ վերջինիս ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու հարցում։ Armsport.am-ի փոխանցմամբ այս մասին տեղեկացնում է կառույցի մամուլի ծառայությունը։
Մասնագետի հետ պայմանագիրը պաշտոնապես կստորագրվի ՂՖՖ-ի գործադիր կոմիտեի նիստից հետո։
Հիշեցնենք, որ հոլանդացի մասնագետի գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականն անցկացրել է չորս հանդիպում՝ չգրանցելով ոչ մի հաղթանակ (3 պարտություն և 1 ոչ-ոքի)։ Վան՛տ Սխիպի հեռանալուց հետո մեր ընտրանու ղեկը ստանձնեց Եղիշե Մելիքյանը։
Իր մարզչական կարիերայի ընթացքում 62-ամյա վան՛տ Սխիպը գլխավորել է հոլանդական «Այաքսը», «Տվենտեն» և «Զվոլեն», մեքսիկական «Գվադալախարան», ավստրալական «Մելբուռն Սիթին», ինչպես նաև Հունաստանի ազգային հավաքականը։ 2016 թվականին «Մելբուռն Սիթիի» ղեկին նա նվաճել է Ավստրալիայի գավաթը։
Որպես ֆուտբոլիստ՝ վան՛տ Սխիպը հանդես է եկել «Այաքսում» ու իտալական «Ջենոայում»։ Նա Նիդերլանդների քառակի չեմպիոն է (1982, 1983, 1985, 1990) և երկրի գավաթի եռակի դափնեկիր (1983, 1986, 1987)։ Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի 1988 թվականի առաջնության ոսկե, իսկ 1992-ին՝ բրոնզե մեդալակիր։

