Իշխանության գինը. օրական մոտ 1 միլիոն դոլար

ՔՊ-ական իշխանությունները, իրենց քաղաքական ամբիցիաները բավարարելու համար, վերջին տարիներին Հայաստանը դրել են հսկայական պարտքերի տակ։ Բայց դա նրանց չի խանգարում այսօր էլ նույնն անել։

Սպասվող ընտրություններից առաջ շատ ավելի մեծ տեմպերով են լծվել պարտքի ավելացմանը։ Պարտքն ավելացնում են, որպեսզի պարտքերի հաշվին իրականացվող ժամանակավոր սոցիալական միջոցառումներով կարողանան կաշառել ընտրողներին ու շահել նրանց ձայները։

Այս տարվա միայն առաջին 8 ամիսներին պետական պարտքն ավելացրել են ևս 1 միլիարդ 288 միլիոն դոլարով։ Այն արդեն գերազանցում է 14.1 մլրդ դոլարը։ Անցած տարվա վերջին 12.8 միլիարդ էր։

Ընդամենն 8 ամսում պարտքը աճել է 10 տոկոսով կամ ավելացել շուրջ 1.3 մլրդ դոլարով։

Կարդացեք նաև

Սա պարզապես հերթական վիճակագրական թիվը չէ, որը ներկայացնում ենք, սա ահազանգ է այն մասին, որ այս իշխանության վարած քաղաքականությունը պետությանն ու հետագա սերունդներին թաղում է պարտքերի տակ։

Միայն վերջին 7 տարիներին հասցրել են պարտքն ավելացնել շուրջ 7.5 միլիարդով։

Պարտքերով են կերակրում հասարակությանը՝ թաքցնելով, թե դրանով ինչ բեռ են դնում նրանց ու նրանց սերունդների վրա։

Եթե պարտքը բավարարվեր միայն աճելով, էլի կարելի էր ինչ-որ կերպ հասկանալ։ Բայց միայն չի աճել, էապես թանկացել է. Պարտքի միջին տոկոսադրույքը հասել է 7.3-ի՝ նախկին 4.9 տոկոսի դիմաց։

Սա գուցե շատերին շատ բան չի ասում, բայց դրանով լուրջ բեռ է դրվել պետական բյուջեի վրա՝ պարտքի տոկոսները սպասարկելու առումով։

Որպեսզի պարզ լինի, թե խոսքն ինչ գումարի մասին է, մի հասարակ թվաբանություն անենք. եթե պարտքի սպասարկումը նախկին տոկոսադրույքով կկազմեր տարեկան շուրջ 691 միլիոն դոլար, այսօրվա տոկոսադրույքով կազմում է 1 միլիարդ 29 միլիոն դոլար։ Տարբերությունը՝ շուրջ 338 միլիոն դոլար է, որն առաջացել է զուտ այն պատճառով, որ աջ ու ձախ թանկ պարտքեր են վերցրել, որպեսզի պարտքերով կերակրեն քաղաքացիներին։ Երևանի 1 տարվա բյուջեին գրեթե համարժեք այս գումարը նշանակում է նաև, որ փաշինյանական իշխանության չհիմնավորված ու անհեթեթ ծախսերի համար պետական բյուջեից ամեն օր վճարվում է մոտ 1 միլիոն դոլար։

Միայն պարտքի տոկոսների թանկացման պատճառով Հայաստանն ամեն տարի կորցնում է այնքան գումար, որով կարելի էր կառուցել տասնյակ դպրոցներ ու հիվանդանոցներ, հարյուրավոր մանկապարտեզներ ու պոլիկլինիկաներ, բարձրացնել հազարավոր ուսուցիչների և բժիշկների աշխատավարձերը։ Բայց այդ գումարները դուրս են գալիս պետական բյուջեից ու մտնում վարկատուների գրպանները։

Դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց դառնալու, աշխատավարձերի ու թոշակների բարձրացման փոխարեն՝ հարստացնում են ուրիշներին։ Զուտ այն պատճառով, որ իշխանությունը, առանց հախ ու հաշիվ, պարտքեր է կուտակել։ Այսքանից հետո, տարիներ շարունակ արդարանում են, թե փող չկա թոշակները բարձրացնելու համար։

Միայն պետական պարտքի թանկացման հետևանքով առաջացած լրացուցիչ ծախսերը բավարար էին թոշակները կիսով չափ բարձրացնելու համար։ Բայց թոշակները չեն բարձրացրել, որպեսզի կարողանան պարտքերը փակել։ Այս տարվա առաջին 7 ամիսներին արդեն գրեթե կես միլիարդ դոլար են տվել՝ կառավարության պարտքի տոկոսագումարների վճարմանը։ Մինչև տարեվերջ այդ թիվը կանցնի 1 միլիարդից։

Տոկոսավճարների մեծ մասը եղել է ներքին պարտքի սպասարկման հաշվին։ 320 մլն դոլարից ավելի գումար են հատկացրել դրա համար։ Այս գումարները գնացել են հիմնականում թողարկված գանձապետական պարտատոմսերի տոկոսների վճարմանը։ Դրանց գինը, վերջին տվյալներով, անցնում է 10 տոկոսից, ինչն ամենաթանկն է կառավարության պարտքի կառուցվածքում։

Այս գումարների շահառուները հիմնականում բանկերն են, կուտակային կենսաթոշակային հիմնադրամները, որոնք բարձր տոկոսներով պարտք են տալիս կառավարությանն ու պետության հաշվին հարստանում։ Կառավարությունն էլ ուրախանում է, թե իրեն պարտք տվող կա։

Երբեմն էլ անգամ ավելի թանկ պարտքեր են վերցնում, տանում բանկերում ավելի ցածր տոկոսներով ավանդ դնում։

Արդարանալու համար սիրում են ասել, թե՝ պարտք ենք վերցրել, որպեսզի «զարգացման ծրագրեր» իրականացնենք։ Բայց ո՞ւր են այդ ծրագրերը։ Որտե՞ղ են այդ ծրագրերի արդյունքները։ Եթե ավելացրել են երկրի արտադրական պոտենցիալը, ինչո՞ւ չի երևում արդյունաբերական աճը, եթե ենթակառուցվածքներ են զարգացրել, ինչո՞ւ է գյուղատնտեսությունը տարիներ շարունակ անկումային, ինչո՞ւ չեն ավելանում արտադրության ծավալները, եթե սոցիալական ծրագրեր են իրականացրել, ինչո՞ւ է աղքատության մակարդակը Հայաստանում շարունակում այսքան բարձր մնալ։

Այս հարցերի պատասխանը շատ պարզ է․ պարտքերը չեն ծառայում տնտեսության զարգացմանը, սոցիալական խնդիրների լուծմանը։ Դրանք ծառայում են ընդամենն իշխանության կարճաժամկետ շահերի սպասարկմանը։

Երբ բյուջեն տարեկան հարյուր-միլիոնավոր դոլարներ է վճարում միայն պարտքի տոկոսների համար, սոցիալական բազմաթիվ ծախսեր դուրս են մնում։

Յուրաքանչյուր չվերանորոգված դպրոց, յուրաքանչյուր չբացված մանկապարտեզ, չբարձրացված թոշակ՝ իրականում վճարված տոկոս է պարտքերի դիմաց։ Այնքան գումար, որ կառավարությունը ծախսում է պարտքերի ու դրանց թանկ տոկոսների սպասարկման համար, կարելի էր բազմաթիվ սոցիալական խնդիրներ լուծել։ Բայց այդ խնդիրները լուծելու փոխարեն՝ կառավարությունը պարտքերն է սպասարկում։ Պարտքերի սպասարկման գումարներն այդքան մեծ չէին լինի, եթե այդպիսի տեմպերով ավելացրած ու այդքան թանկացրած չլինեին պարտքը։

Կառավարության պարտքի գինն այսօր ոչնչով չի տարբերվում կոմերցիոն վարկերի տոկոսներից։

Սա աբսուրդ է, բայց դա է իրականությունը։

Այսօրվա Հայաստանի կառավարիչները լռում են այս ամենի մասին։ Չեն ասում, որ պարտքի ամեն միավորի սպասարկումը վաղվա հարկերից է դուրս գալու, չեն ասում, որ պարտքի թանկացման ամեն տոկոսային կետ նշանակում է հարյուր-միլիոնավոր դոլարների լրացուցիչ ծախս, չեն ասում, որ բյուջեի ամեն չկատարված սոցիալական ծրագիր կուտակված այս հսկայական պարտքերի գինն է, որը բոլորս վճարում ենք, որպեսզի իշխանությունները բավարարեն իրենց քաղաքական քմահաճույքներն ու աչքակապությամբ զբաղվեն՝ խաբելով հասարակության։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930