Ադրբեջանը բավարարված չէ 44-օրյա պատերազմի արդյունքներից. ինչի՞ մասին էր հուշում Փաշինյանը, ի՞նչ հարցեր լուծեց Ալիևը սեպտեմբերյան մարտերով

Այսօր սեպտեմբերյան մարտերի 3-րդ տարելիցն է։ 2022 թվականի սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերն Ադրբեջանի զինված ուժերը հարձակողական գործողություններ էին ձեռնարկել ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ 4 ուղղություններով, ավելի ուշ, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ԱԺ-ում մարտերի առաջին օրը հայտարարել, երկու-երեք ուղղություն ևս ավելացել է:

Կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի համաձայն՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիա են սկսել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, իսկ «ագրեսիայի հետևանքով հայկական կողմն ունեցել է 225 զոհ, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, վիրավորվել է 293 զինծառայող և քաղաքացիական 7 անձ, գերեվարվել է 20 զինծառայող»:

Ինչ վերաբերում է տարածքային կորուստներին, ապա սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայից օրեր հետո՝ սեպտեմբերի 16-ին, Ջերմուկում ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հայտարարել էր, որ Ջերմուկի հատվածում հակառակորդը մխրճվել է ՀՀ ինքնիշխան տարածք՝ 8.5 կմ լայնությամբ ճակատով և մինչև 7.5 կմ խորությամբ, այդ օրվա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ-ն Ջերմուկի մատույցներից 4.5 կմ հեռավորության վրա էր:

Էդվարդ Ասրյանը շարունակել էր, որ «հակառակորդն ապահովել է 1-1.5 կմ մխրճման խորություններ Ներքին Հանդի ուղղությամբ, որոշակի դիրքային առավելություն Շորժաների ուղղությամբ, Իշխանասարի ուղղությամբ մոտ 0.5 կմ խորությամբ հաջողություն»:

Կարդացեք նաև

Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր՝ 2022 թվականի սեպտեմբերյան գործողությունների հետևանքով հայկական կողմը կորցրել է մոտ 50 դիրք:

Այս տեղեկությունն «Ազատության» հետ զրույցում հաստատել էր նաև «Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոն»-ի հիմնադիր, լրագրող Թաթուլ Հակոբյանը:

Իսկ 2022թ. դեկտեմբերին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին պաշտոնական գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ տարածքային կորուստների վերաբերյալ:

Արդյունքում պարզվել էր, որ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ն իրականացված ադրբեջանական ագրեսիայի հետևանքով օկուպացվել է 90.93 քկմ տարածք, այդ դրությամբ 2021-2022 թվականներին, ընդհանուր առմամբ, ըստ պաշտպանության նախարարության, ՀՀ տարածքից օկուպացվել է 139.24 քկմ:

Ավելի ուշ ՀՀ իշխանությունները սկսեցին հայտարարել, որ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվում է ավելի քան 200 քառակուսի կմ Հայաստանի Հանրապետության տարածք՝ և՛ 1990-ականներին անցածները, և՛ 2021-2022 թվականներին օկուպացվածը:

Եվ եթե առնվազն 2021 թվականի մայիսին և նոյեմբերին ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի համատեքստում ՀՀ իշխանություններն Ադրբեջանի առաջ սկզբնական շրջանում պահանջ էին դնում ադրբեջանական զորքի հեռացման, և միայն նոր կարող էր բանակցային ինչ-որ գործընթաց սկսվել, ապա հետո աստիճանաբար ՀՀ իշխանությունները նահանջեցին այս պահանջից՝ այն քննարկման առարկա դարձնելով սահմանազատման գործընթացի շրջանակում, բացառելով ուժային ճանապարհով դրանց վերականգնումը:

«Պիտի սահմանազատման գործընթացը շարունակվի, և այնտեղ, որտեղ մենք ունենք մեզ չպատկանող տարածքներ, մենք պետք է վերադարձնենք Ադրբեջանին, որտեղ Ադրբեջանն ունի տարածքներ իրենց չպատկանող, իրենք պետք է վերադարձնեն մեզ: Կամ էլ համարժեքության սկզբունքի հիման վրա, օրինակ, հանրաքվեի միջոցով որոշակի տարածքների փոխանակում իրականացվի այն տրամաբանությամբ, որ 29 հազար 743 քառ. կմ տարածքն անխախտելի մնա»,- վաշինգտոնյան հանդիպումների շրջանակում շեշտել էր Փաշինյանը։

Մի կողմ թողնենք, որ «Խաղաղության բոլոր նախադրյալներն առկա են» վերտառությամբ իր հոդվածում Փաշինյանն ակամա խոստովանել էր, որ ՀՀ փաստացի տարածքը 29.743 քկմ չէ՝ նշելով. «Մի քանի անգամ հայտարարել եմ, որ նույնիսկ ՀՀ 29.743 քառակուսի կիլոմետր միջազգայնորեն ճանաչված ինքնիշխան տարածքի անբաժանելի մաս հանդիսացող ավելի քան 200 քառակուսի կիլոմետր այն տարածքները, որ ներկայումս գտնվում են Ադրբեջանի օկուպացիայի ներքո, ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր Հայաստանի Հանրապետությունը չի դնում, որովհետև վերը նշված կանոնակարգն արդեն իսկ սկզբունքորեն լուծել է այդ հարցը և սահմանազատման գործընթացում այն գործնականորեն լուծելու իրական և առարկայական հնարավորություն կա»:

Բայց այստեղ ևս մեկ խնդիր կա. 2025 թվականի հունվարին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր.

«Դեռ 2022 թվականի աշնանը մենք համաձայնեցրել էինք ՀԱՊԿ-ի դիտորդական առաքելության ուղարկումը, որպեսզի նրանք զսպող դեր խաղային սահմանին, սակայն մեր հայ բարեկամները վերջին պահին հրաժարվեցին, ասացին, որ դժվար է դրա հետ համաձայնել, երբ 2022 թվականի սեպտեմբերին եռօրյա բախումներ էին տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանին, իսկ ՀԱՊԿ-ը չի պաշտպանել դաշնակցի տարածքը: Չի եղել սահմանազատված և սահմանագծված սահման: Երբեք: Ուստի դա 2-3 կիլոմետրի հարց էր»:

Այսինքն, այսօր ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանը գրեթե նույն բանն են ասում, ինչ ժամանակին ՀԱՊԿ-ն և ՌԴ-ն, որը դժկամությամբ էր ընդունվել ՀՀ ղեկավարության կողմից: Այն, որ ՀԱՊԿ-ն և ՌԴ-ն պարտավորություններ ունեին, միանշանակ է, սակայն խոսքն այլ բանի մասին է:

Այսօր՝ մարտական գործողությունների 3-րդ տարելիցի օրը, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի հետ զրույցում փորձեցինք հետադարձ հայացք գցել՝ հասկանալու համար՝ ի՞նչ խնդիր լուծեց Ադրբեջանը՝ մտնելով Ջերմուկ, ի՞նչ ռազմավարական ծրագիր փորձեց ավարտին հասցնել կամ գուցե նորի հիմք դնել, ի՞նչ ունենք այսօր 2022 սեպտեմբերյան մարտերի օրերին թիրախավորված ուղղություններում՝ Ջերմուկում, և արդյո՞ք այս մարտերի արդյունքում՝ 1-2 օրում, ավելի քան 200 զոհը շատ չէ:

«2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի իշխանությունները, օգտվելով ՀՀ իշխանությունների հանցավոր անգործությունից, ըստ էության, մխրճվեցին այն ուղղություններով, որը նրանց հնարավորություն էր տալու մարտավարական և ռազմավարական առավելություն ստանալ Հայաստանի նկատմամբ:

Այդ իրադարձություններն Ադրբեջանի իշխանությունները նաև օգտագործեցին 2022 թվականից հետո բանակցային գործընթացում՝ որպես ճնշման և սպառնալիքի գործիք՝ իրենց տարածքային նվաճումներն ու ագրեսիան կապիտալիզացնելու և հաղթաթղթի վերածելու:

Այդ գործողություններից 3 տարի է անցել, սակայն ոչ միայն որևէ իրավիճակ չի փոխվել, այլ ադրբեջանական կողմն այդ ուղղությամբ ամրաշինական և ենթակառուցվածքների բարելավման, ընդլայնման ծրագրեր է իրականացնում, ինչը որևէ առումով լավատեսություն չի ներշնչում հետագայում որևէ գործընթացի պայմաններում այդ տարածքներից դուրս գալու առումով: ՀՀ իշխանություններն այս թեման առաջնային օրակարգի մաս չի համարում և բավարարվում է բացառապես անորոշ հավաստիացումներով: Ինչ վերաբերում է մարդկային կորուստներին, ապա, կարելի է ասել, մեկօրյա գործողությունների համար ավելի քան 200 զոհը բավականին մեծ թիվ է, ինչն առաջին հերթին պայմանավորված է նրանով, որ ՀՀ իշխանությունները քաղաքական, դիվանագիտական, ռազմական տեսանկյունից պատրաստ չեն եղել ադրբեջանական հարձակմանը, իրավիճակին համահունչ քայլեր չեն ձեռնարկել, ավելին, հետպատերազմյան ժամանակաշրջանում զինված ուժերն անհրաժեշտ դիրքավորում և անհրաժեշտ ամրաշինական աշխատանքներ այդ ուղղություններով իրականացրած չեն եղել: Իհարկե, այս ամենի վրա մեծ ազդեցություն է ունեցել նաև բարոյահոգեբանական վիճակը, որը հետևանք է եղել քաղաքական իշխանությունների հռետորաբանության»,- ասաց պատգամավորը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի մարտերի օրերին՝ 2022 թվականի սեպտեմբերի 14-ին, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ուշագրավ հայտարարություն էր արել.

«Ադրբեջանն այսպիսով արտահայտում է իր անբավարարվածությունը 44-օրյա պատերազմի արդյունքներից: Շատ մանրամասներ չեմ կարող ասել, բայց պետք է արձանագրեմ հետևյալը՝ ինչքան էլ մենք երջանիկ չենք 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից, բայց ակնհայտ է, որ հենց նոյեմբերի 10-ից սկսած Ադրբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության դրույթներն ի չիք դարձնելու համար: Ադրբեջանը պայքարում է եռակողմ հայտարարության երեք հիմնական դրույթների դեմ. առաջինը, որ կա ԼՂ, երկրորդը, որ ԼՂ-ն ունի շփման գիծ, որի պաշտպանությունը և անվտանգությունը երաշխավորում է ՌԴ-ն, և ՌԴ-ն ԼՂ-ի և պաշտպանության գծի, այդ թվում՝ Լաչինի միջանցքի անվտանգության երաշխավորն է, և Լաչինի միջանցքը ստեղծվել է՝ ԼՂ-ի և Հայաստանի միջև կապ ապահովելու համար: Այս 3 դրույթներն ունեն անկյունաքարային նշանակություն, և փաստն այն է, որ Ադրբեջանը պայքարում է այս երեք դրույթների դեմ: Իմ կարծիքով՝ իր դիրքորոշումներում Ադրբեջանը որոշակիորեն խճճվել է, օրինակ՝ ասելով, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, և ինքը Խորհրդային Միության սահմանները չի ճանաչում, այդտեղից տրամաբանական հարց կարող ծագել՝ ինչի՞ հիման վրա են ադրբեջանցիները պնդում, որ ԼՂ-ն Ադրբեջանի մաս է»:

Եվ հենց այս հայտարարությունից 2 ամիս հետո՝ 2022 թվականին դեկտեմբերի 12-ին, Ադրբեջանը փակեց Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքը: Արդյոք սա պատահականությո՞ւն էր, թե՞ զուգադիպություն, ժամանակը ցույց կտա:

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերյան մարտերի օրերին սոցիալական ցանցերում և մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, թե Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է փաստաթուղթ ստորագրել:

Նիկոլ Փաշինյանը նախ սա անվանեց արտաքին ոչ բարեկամական ուժերի կողմից երկրի դիմադրողականությունը կոտրելու տեղեկատվական արշավ՝ պնդելով, որ որևէ փաստաթուղթ չի ստորագրել և չի պատրաստվում ստորագրել:

Սակայն նույն օրը նա ԱԺ-ում հայտարարել էր, որ պետք է գնալ հարցերի կարգավորման, և, որ իր վրա վերցրել է պատասխանատվություն՝ ծանր որոշումներ կայացնելու:

«Բայց ծանր որոշումներ չի նշանակում՝ ՀՀ պետական շահերին հակասող որոշումներ: Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, կհայհոյի, դավաճան կասի, նույնիսկ կարող է ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ, շնորհակալ կլինենք, եթե դրա արդյունքում ՀՀ-ն՝ 29.800 քկմ տարածքով, ստանա տևական խաղաղություն և անվտանգություն»,- շեշտել էր Փաշինյանը:

Թե ինչու այդ ժամանակ Հայաստան-Ադրբեջան ինչ-որ համաձայնագիր չնախաստորագրվեց, կարող ենք միայն ենթադրել, բայց այն, որ Փաշինյանի քաղաքական հիմնավորման լեզուն, ըստ էության, չի փոխվել, դա անվիճելի է:

Տեսանյութեր

Լրահոս