Պատերազմի ժամանակ հիմնական ճեղքումը հարավային ուղղությամբ է եղել. պիտի ուժերի վերադասավորումներ իրականացվեր, հրամանատարություն ձևավորվեր՝ կանգնեցնելու հակառակորդին. Սեյրան Օհանյան

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցն արդեն փոխանցվել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, և հնարավոր է՝ այն ներկայացվի սեպտեմբերի 27-ին հաջորդող ԱԺ լիագումար նիստի առաջին կամ երկրորդ օրը։

Պատերազմները վարում են պետությունները, ինչը ենթադրում է, որ պետության ղեկավարությունը, կառավարությունը պատասխանատվություն են կրում պատերազմին նախապատրաստության և պատերազմի ժամանակ կառավարման համակարգի գործունեության համար:

Այսինքն, 44-օրյայի քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա պետությանը. արդյո՞ք այդպես է լինելու, թե՞ հնչելու են միայն քաղաքական գնահատականներ, և այն էլ՝ ռազմական և պատերազմական դրվագների, զինված ուժերի և զինվորականության հրամանների և գործողությունների վերաբերյալ, երբ այն շատ հաճախ ռազմական գնահատականներ է պահանջում:

Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ:

Կարդացեք նաև

 – Ի՞նչ զեկույց եք սպասում, և արդյո՞ք որոշում կայացնելով՝ չմասնակցել Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, քննարկում եք զեկույցի ներկայացմանը մասնակցել-չմասնակցելու հարցը, որը փակ ձևաչափով է լինելու, հնարավոր է՝ բաց հատված ևս լինի:

– Եթե կարելի է, մի փոքր նախապատմություն տամ, թե Քննիչ հանձնաժողովի վերաբերյալ ինչպիսին է եղել մեր վերաբերմունքը: Մենք չենք մասնակցել Քննիչ հանձնաժողովի աշխատանքներին, որովհետև այդտեղ ուժերի դասավորվածությունը եղել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեծ ներկայությամբ, և պարզ էր, որ ինչ ուզեն՝ դա էլ անցկացնելու են, ուստի չենք մասնակցել, որպեսզի չլեգիտիմացնենք:

Այսինքն, Քննիչ հանձնաժողովն այդ պատգամավորների մասնակցությամբ, երբ գործ ունենք այս դեպքում ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի հետ, որն ի վիճակի չէ այդպիսի գլոբալ հարց քննել, և հաշվի առնելով, որ ստեղծված Քննիչ հանձնաժողովն իրական գնահատականներ չի կարող տալ 44-օրյա պատերազմին, չենք մասնակցել դրա աշխատանքներին: Սա՝ առաջին:

Երկրորդ, քննիչ հանձնաժողովներն ի սկզբանե եղել են ընդդիմության գործիքակազմերը, այսինքն՝ այդպես են նախատեսվել, որովհետև պետությունն ինքը՝ իր մարմիններով և գերատեսչություններով, առանց սրա էլ ի վիճակի է քննել ցանկացած երևույթ, գործընթաց:

Օրինակ, Պաշտպանության նախարարությունը կարող էր ստեղծել հանձնաժողով և քննել պատերազմի ընթացքը, և այլն: Իսկ Քննիչ հանձնաժողովը պետք է գնահատական տա ոչ միայն բանակին, ինչպես հիմնականում լսում ենք, այլև ամբողջ պետությանը, իշխանության բոլոր թևերին՝ օրենսդիր, գործադիր, դատական, թե ինչպես են բոլորն իրենց գործառույթները կատարել պատերազմի ժամանակ:

Օրինակ, Ազգային ժողովը կարողացե՞լ է ամբողջ ժողովրդին մոբիլիզացնել, տրամադրել մասնակցել պատերազմին, կամ՝ նույն Պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը, որի նախագահը եղել է Անդրանիկ Քոչարյանը, արդյո՞ք ինքն իր պարտականությունները կատարել է, և ինքն իրեն Քննիչ հանձնաժողովի զեկույցում գնահատական տալո՞ւ է: Իհարկե՝ ոչ:

Եթե քննիչ հանձնաժողովի կազմը մեծամասամբ ՔՊ-ականներ են, արդյո՞ք իրենք գնահատական են տալու գործադիրին, որի ղեկավարը հենց իրենց քաղաքական առաջնորդն է, թե ինչպես է նա կարողացել պետությունը փոխադրել ռազմական ռելսերին, ճիշտ գնահատականներ տալ, ուսումնասիրել մարտական գործողությունների թատերաբեմը, ճիշտ որոշումներ ընդունել, աջակցել բանակին և, ըստ անհրաժեշտության, արտաքին քաղաքականության գործողությունների շնորհիվ փորձել միջազգային հանրությանը ներկայացնել այն հանցագործությունները, որ կատարել է Ադրբեջանը, և կանգնեցնել պատերազմը, ինչն իրենք չեն կատարել: Կամ՝ արդյո՞ք բանակցային գործընթացում բոլոր գործողություններն են կատարել, որ պատերազմ չսկսվի, իհարկե՝ ոչ:

Երրորդ, արդյո՞ք դատական և դատաիրավական համակարգը, որը պատերազմի ժամանակ պետք է գործի. եթե օրինականությունները, խախտումները շատ են, իրենք պետք է անցած լինեին ուժեղացված ռեժիմի, այսինքն, արագացված օպերատիվ հետախուզական, արագացված քննչական գործողություններ պիտի իրականացվեին, ինչո՞ւ չէ՝ արտագնա դատավարություններ: Չեն իրականացրել և այդ գնահատականը չի լինելու:

Ես կառավարության ներկայացուցիչներին, Գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեին հարց եմ տվել, թե, հարուցված քրեական գործերը, բացի բանակից, քանի՞ տոկոսն են այլ գերատեսչություններին վերաբերում, ոչ մեկը չի կարողացել պատասխան տալ, շեղվել են բուն հարցից:

Ես գտնում եմ, որ այն առաջարկությունը, որ մենք էինք արել քննիչ հանձնաժողով ստեղծելու հետ կապված, դա շատ լավ և իրական առաջարկություն էր:

Ինչ էինք մենք առաջարկել. օրենսդրական փոփոխություններ կատարել, որ քննիչ հանձնաժողովը ձևավորվի համաչափության սկզբունքով, այն է՝ 4 հոգի՝ իշխանությունից, 4-ը՝ ընդդիմությունից, 2 հոգի՝ Արցախից, և մի քանի հոգի՝ վերլուծական-փորձագիտական շրջանակներից, որոնք կարող են ճիշտ գնահատական տալ այն իրողություններին, որը կատարվել է:

Եթե չկա համաչափություն, ապա իշխանությունն իր կուրծքն է ծեծելու, որ իրենք ճիշտ են, և ամեն ինչ ուղղելու է դեպի նախկինները և բանակը, մենք էլ դրան չենք հավատալու, և անորոշ է մնալու 44-օրյա պատերազմի իրական և ամբողջական պատկերը: Այս երկար վերլուծությունից հետո իմ պատասխանը մեկն է՝ շատ բաներ անորոշ են մնալու, հավաստի չեն լինելու տվյալները, իրենք իրենց իրական գնահատական չեն տալու՝ ո՛չ օրենսդիրին, ո՛չ գործադիրին, ո՛չ էլ դատաիրավական համակարգին, և սլաքներն ուղղելու են բանակին, հատկապես՝ հրամանատարական կազմի, ասենք՝ մարտավարական օղակին, ինչպես այսօր դատավարությունների ժամանակ է տեղի ունենում:

Իսկ իրական պատասխանատուն այն մարդիկ են, որոնք չեն կազմակերպել երկրի ընդհանուր համախմբումը, մոբիլիզացիան՝ պատերազմում հաղթանակ տանելու համար: Ավելին, իրենց գործողություններով խաթարել և ոչնչացրել են բանակցային գործընթացը, որն Ադրբեջանի մոտ այնպիսի տպավորություն է ստեղծել, թե ՀՀ իշխանություններն ադեկվատ չեն, չեն շարունակում բանակցությունները, դրա համար հարցը կլուծեն ուժային մեթոդով, ինչը եղավ: Իհարկե, Ադրբեջանն է հիմնական մեղավորը և ագրեսորը, սա չի քննարկվում:

Քննիչ հանձնաժողովի զեկույցի ներկայացմանը մասնակցելո՞ւ է ընդդիմությունը, կա՞ քննարկում, այդ մասին չխոսեցիք:

Մենք դեռևս չգիտենք՝ երբ են իրենք կոնկրետ ներկայացնելու: Մենք վերջնական քննարկում չենք իրականացրել, երբ այն լինի, մենք մեր տեսակետը կասենք:

– ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ակնկալում էր, որ խորհրդարանական ընդդիմությունը կմասնակցի իր հարցաքննությանը քննիչ հանձնաժողովում և իրեն հարցեր կտա: Դավիթ Տոնոյանը սա կարևորում էր, քանի որ ցանկանում էր խոսել այն թեմաներից, դրվագներից, որի հնարավորությունն իշխանության ներկայացուցիչների հարցերը չէին տալու, և որոնք ընդդիմությունը բարձրաձայնում է տարբեր հարթակներում: Ըստ այդմ՝ 44-օրյա պատերազմի ժամանակ պաշտոնավարած պաշտպանության նախկին նախարարը բացասաբար է վերաբերվում, որ ընդդիմությունը Քննիչ հանձնաժողովի նիստին չի գնացել և իրեն հարցեր չի տվել, և, որ իրեն միայն ՔՊ-ական պատգամավորներն են հարցեր ուղղել, թերևս՝ իրենց հարմար: Իհարկե, ընդդիմությունն ի սկզբանե չմասնակցելու քաղաքական որոշում էր կայացրել և չի մասնակցել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի հարցաքննությանը:

– Կարծում եմ, որ ընդդիմության որոշման մասին ես մանրակրկիտ ներկայացրեցի իմ տեսակետը, գլոբալ առումով մենք էլ տիրապետում ենք, թե երկրում ինչ է կատարվել: Օրինակ, Ապրիլյանի դեպքերով հանձնաժողովում, երբ ինչ-որ հարցեր չեն հնչել, ես իմ կողմից ներկայացրել եմ՝ անկախ հնչած հարցերից: Կարծում եմ, որ անկախ հնչած հարցերից՝ պատասխանների մեջ կարող են լինել այն տեսակետները, որը Քննիչ հանձնաժողով հրավիրված պաշտոնյան ուզում է ներկայացնել:

– Ուզում եք ասել, որ Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանը կարող էր ներկայացնել այն, ինչը ցանկանո՞ւմ էր՝ անկախ ընդդիմության հարցերից:

– Իհարկե:

– Ի դեպ, Պաշտպանության նախարարներն ի՞նչ չափով են տեղեկացված եղել բանակցային գործընթացից, փաստաթղթերից այս տարիներին, օրինակ՝ Դուք:

– Ընդհանուր առմամբ, պաշտպանության նախարարները հանդիսանում են Կառավարության և Անվտանգության խորհրդի անդամներ և մասնակցում են այն բոլոր քննարկումներին, որոնք վերաբերելի են որոշումներ ընդունելուն Կառավարության և ԱԽ նիստերի ժամանակ: Պաշտպանության նախարարներն անկասկած տեղյակ են եղել այն բոլոր փաստաթղթերին, որոնք հրապարակային են: Իհարկե, բանակցային գործընթացի նյուանսներին ամբողջությամբ չէինք կարող այն խորությամբ տիրապետել, որքան նախագահները, կառավարության ղեկավարները, արտգործնախարարները: Բայց ողջ բանակցային գործընթացի ընթացքում մեր հարաբերությունները և՛ նախագահի, և՛ արտգործնախարարների, և՛ կառավարության ու ԱԽ անդամների հետ եղել է այն տեսանկյունից, որ մենք պետք է այնպիսի հիմքեր ստեղծենք՝ անվտանգության և բանակի հզորության առումով, որ իրենք բանակցային գործընթացում կարողանան մեր շահերն առաջ տանել, ամուր դիրքեր ունենալ, անհրաժեշտության դեպքում՝ կարողանալ ձեռքը սեղանին խփել:

– Անդրադառնանք 44-օրյա պատերազմի ժամանակ վարչապետի, պաշտպանության նախարարի և ԶՈւ ԳՇ պետի գործունեությանը, երբ հայտարարված էր Հայաստանում ռազմական դրություն և ոչ թե՝ պատերազմ: Այսինքն, ռազմական դրության ժամանակ ԳՇ պետը չի կարող ուղիղ ենթարկվել վարչապետին, նա էլ՝ լինել գերագույն հրամանատար, այլ ԳՇ պետը պետք է պաշտպանության նախարարին ուղիղ ենթարկվի: Արդյո՞ք սխալ տեղի չի ունեցել կամ արդյո՞ք այս խախտումը մի շարք խնդիրների պատճառ չէ:

– Զինված ուժերում կա ուղղահայաց ենթարկվածություն, որտեղ նշվում է՝ պաշտպանության նախարարը կառավարության անդամ է և ենթարկվում է կառավարության ղեկավարին, ԳՇ պետը՝ պաշտպանության նախարարին: Այսինքն, կառավարության ղեկավար-պաշտպանության նախարար-ԳՇ պետ ուղղահայացը գործել է, պետք է գործեր, և յուրաքանչյուրն իր պարտականությունները կատարեր՝ անկախ նրանից, թե պատերա՞զմ է, թե՞ ռազմական դրություն: Փաստացի երկիրը գտնվել է պատերազմական իրավիճակում, ամեն մեկն իր պարտականությունն ունի կատարելու, և այստեղ բան չկա՝ ես իմ պարտականությունները չգիտեմ, չգիտեմ ինչ անել, հատկապես շատ երևույթներ քննարկում են նաև ԱԽ-ում, և մեր սահմանադրությամբ Անվտանգության խորհուրդը դերակատարություն ունի պաշտպանության կազմակերպման, այսինքն, այնտեղ ցանկացածն իր խոսքն ունի՝ ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման, որոշումների ընդունման կամ հաստատման գործում: Ինտենսիվ կառավարման մեջ ՀՀ կառավարությունն իր խնդիրներն ունի, Պաշտպանության նախարարը՝ իր, ԳՇ-ն՝ իր, ՊԲ-ն՝ իր, Արցախի նախագահը՝ իր, որը մենք փորձարկել ենք «Շանթ-2015» զորավարժության ժամանակ:

Անկախ այս ամեն ինչից, Զինված ուժերը գտնվում են կառավարության ենթակայության ներքո, և կառավարությունն է նաև՝ իր քաղաքական ներկայացվածությամբ, որոշում ընդունում՝ ինչպես պետությունը փոխադրել ռազմական ռելսերին, ինչպես աջակցել բանակին, ինչպես մոբիլիզացնել երկիրը, որ բանակի աջակցությամբ և ճիշտ որոշումներով հասնենք հաջողության: Ես կարծում եմ, որ այս պատերազմում հիմնական բացերից մեկն այն է, որ բանակը, զինված ուժերը բավարար և նորմալ աջակցություն չեն ստացել մարտական գործողությունների ժամանակ, անգամ՝ մինչև մարտական գործողությունները: Մասնավորապես, ձախողվել է բանակցային գործընթացը, երկիրը մտել է պատերազմի մեջ, իհարկե, Ադրբեջանի ագրեսիայի պատճառով, հիմնական հանցագործը նա է:

Իսկ բանակի համար ամենակարևոր խնդիրը շարունակական համալրում ապահովելն է, համակողմանի աջակցությունը, թիկունքում կարգուկանոն հաստատելը: Ի վերջո, բանակը պատերազմի ժամանակ անընդհատ կորուստներ է ունենում, և պետք է անընդհատ վերականգնել սանիտարական կորուստները, իսկ մոբիլիզացիան պատշաճ մակարդակի չի եղել:

Ես մի առիթով ձեզ հետ զրույցում ասել եմ, բայց կցանկանայի կրկնել. ՊԲ-ն Արցախում իրականացնում էր 283 կմ-ի պաշտպանություն, և շուրջ մեկ ամիս իրենք 265 կմ-ն պահել են: Խնդիրն այն է, որ գլխավոր հարվածի ուղղությամբ ճեղվածքը պետք է փակվեր և ամբողջ ուժերն այդ ուղղությամբ կենտրոնացվեր: Օրինակ, եթե խոսքը գնում է Հադրութի, Շուշիի կորստին, ապա մենք բոլորս գիտենք, որ մեկ ճանապարհով է հակառակորդը հասել Շուշի՝ շրջանցելով Պաշտպանության բանակի պաշտպանության գոտին նաև: Այսինքն, այդ հատվածում ՀՀ իշխանությունները պետք է ջանքեր գործադրեին փակելու: Եթե վերցնենք ելման կետը Լալա Իլագի բարձունքը, այդտեղ է եղել մոտավորապես ճեղքումը, և ուղիղ գծով մոտ 52 կմ մինչև Շուշի, ուղիղ գծով մոտ 64 կմ մինչև Մեծ Շեն, Խծաբերդ գյուղերի հատվածները, ուղիղ գծով մինչև Սև լիճը՝ 92 կմ, ուղիղ գծով մինչև Գորիս, Կապան, Մեղրիի տարածքներ՝ 80-85 կմ, այդ ուղիղ գծերը նշեք՝ ինչպես է հակառակորդը կարողացել ծավալվել, այդ ծավալման գոտու հիմնական պատասխանատուն ՀՀ իշխանություններն են:

– Եվ զինվորականությունից, և փորձագիտական շրջանակներից ասում են, որ 2020 թվականի հոկտեմբերի 4-6-ը տեղի ունեցած գործողությունները, պաշտպանական գիծը հակառակորդի կողմից հարավային ուղղությամբ ճեղքումն է դեր ունեցել նաև պատերազմի ելքի վրա, այսինքն՝ որոշիչ ազդեցություն է ունեցել:

Պատերազմի ժամանակ տեղի հրամանատարությունն այնքան մեծ մեղք չունի, որ այդտեղ է եղել մեծ ճեղքումը, քանի որ հակառակորդն այդտեղ ձևավորել է մեծաթիվ ուժեր և միջոցներ, այսինքն՝ ուժերի բալանսի մեծ տարբերություն է եղել և կարողացել է ճեղքել: Ցանկացած տեղում կարող է ճեղքում լինել մարտական գործողությունների ժամանակ, ճիշտ են ասում, որ հիմնական ճեղքումը հարավային ուղղությամբ է եղել, բայց խնդիրը նրանում է եղել, որ պիտի կարողանայինք ուժերի այնպիսի վերադասավորումներ իրականացնել, այնպիսի հրամանատարություն ձևավորվեր, որ կարողանայինք հենց այդ ճեղքման գոտում հակառակորդին կանգնեցնել, հնարավորության դեպքում՝ ոչնչացնել, հակագործողություններ իրականացնել:

Եթե չենք կարողացել վերականգնել առաջնագիծը, առնվազն խորքում կարող էինք այդ հատվածներում՝ լեռնանտառային պայմաններում կազմակերպել պաշտպանություն և հակառակորդին կանգնեցնել: Կարծում եմ, որ հակառակորդն էլ է զարմացել, թե ինչպես կարողացավ այդտեղ ճեղքել, չկանգնեցվել և գնաց հասավ մինչև Շուշի, Ստեփանակերտի մատույցներ:

Պատերազմի 4-րդ օրը՝ սեպտեմբերի 30-ին, Անվտանգության խորհրդի նիստում, ինչպես հայտնել է այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ինքն առաջարկել է օրերի ընթացքում կանգնեցնել պատերազմը, ինչը ոչ բոլորն են ընդունել, թերևս, նորմալ չհամարելով, որ պատերազմի 4-րդ օրը ԳՇ պետն ասում է՝ այլևս չենք կարող շարունակել կռիվը: Արդյո՞ք սա միայն բանակի կռվել կարողանալ-չկարողանալու պատճառով էր, թե՞ ավելի համալիր գնահատական, այդ թվում՝ հաշվի առնելով ՀՀ դիվանագիտական կարողությունները, Հայաստանի միջազգային և աշխարհաքաղաքական աջակցությունը:

– Ես կարծում եմ, որ Օնիկ Գասպարյանի այս առաջարկի հիմքում ավելի գլոբալ դիտարկում է եղել, և թեև նա ասել է՝ ջանքեր գործադրեք կանգնեցնելու պատերազմը, միաժամանակ բանակը մարտնչել է 40 օր, հերոսություններ են կատարել զինվորները, հրամանատարները, իրենից մի քանի անգամ թվաքանակով գերազանցություն ունեցող հակառակորդին ջախջախել են, նույնիսկ՝ վերևում նշված ճեղքման հատվածում:

Տեսանյութեր

Լրահոս