ԳՈՆԵ ԲԵՐԱՆՆԵՐԴ ՓԱԿԵ՛Ք. ԱՅՍ ՏՂԵՐՔԸ ՁԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐՆ ԵՆ. ՍՈՒՐԵՆ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Իր խոնարհումը բերելով վասն հայրենյաց զոհված բոլոր նահատակներին՝ Սուրեն Սուրենյանցը նախ և առաջ անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այսօրվա՝ հունվարի 27-ի ուղերձին, Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ՝ ընդգծելով, որ պետք չէր արկածախնդիր քաղաքականություն վարել և հազարավոր մարդկանց զոհաբերել, որ նոր «մեր աչքերը բացվեն»։
«Հմուտ ղեկավարը դիվանագիտական լուծումներով է հասնում ցանկալի արդյունքների, երաշխավորում իր երկրի անվտանգությունը։ Այս տղերքն իր համար փորձադաշտ չէին, որ տարավ զոհաբերության, որպեսզի իր աչքերը բացվեն, և ինքն էլ կարողանա իրական կյանքում տեսնել իր արկածախնդրության հետևանքները։ 44-օրյա պատերազմը միանգամայն հնարավոր էր կանխել, հնարավոր էր վարել այնպիսի քաղաքականություն, որ այս զոհերը չլինեն»,- հայտարարեց Սուրեն Սուրենյանցը։

Քաղաքագետը հիշեցնում է, որ նախապատերազմական շրջանում, մասնավորապես՝ 2019 թվականին, Հայաստանի ղեկավարությունն ունեցել է հնարավորություն փոխզիջումային տարբերակով լուծելու Արցախի հիմնախնդիրն ու կանխելու Ադրբեջանի ռազմական ագրեսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկի հիման վրա, սակայն Փաշինյանը մերժել է այդ առաջարկը։
Սուրեն Սուրենյանցը համոզված է՝ կարգավորման ճանապարհով գնալու դեպքում առնվազն երաշխավորված հայկական Արցախ էինք ունենալու, իսկ իր «աչքերը բացվելու արդյունքում» ի՜նչ ողբերգական վիճակի առաջ ենք կանգնած։
Նրա խոսքով՝ դա մի փուլ էր, երբ Նիկոլ Փաշինյանն իսկապես կուրացած էր և ապրում էր Տիգրան Մեծ դառնալու մարմաջով, սակայն, ըստ երևույթին, Ցռան Վերգոյի կարգավիճակով է իր աչքերը բացել։
«Ցավալին այն է, որ Նիկոլ Փաշինյանի՝ Տիգրան Մեծից Ցռան Վերգո տրանսֆորմացիայի ընթացքում մենք ունեցել ենք հազարավոր զոհեր։ Նա մարդկային կյանքը դրել է խաղադրույքի վրա՝ իր արկածախնդրական նկրտումները բավարարելու նպատակով։ Ընդհանրապես, ես ուղղակի չեմ կարողանում բարոյական ինչ-որ չափումով հասկանալ՝ ինչ երեսով է նա նահատակների օրն արժևորում։ Կրկնում եմ՝ այդ մարդիկ իր քաղաքականության զոհերն են։ Այս զոհերը կարող էին չլինել»,- հավելում է զրուցակիցը։
Նաև ընդգծում է՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմի կամ Արցախյան երկրորդ պատերազմի և 1992-94թթ. Արցախյան ազատամարտի տարբերությունն այն է, որ այն ժամանակ հայ ժողովուրդը ստիպված դիմել է ինքնապաշտպանության, իսկ այս պարագայում մենք կարող էինք խափանել Ալիևի՝ պատերազմ սկսելու ցանկությունը, բայց Փաշինյանի քաղաքականությունը լեգիտիմացրեց այն։
«Այսքան զոհեր պիտի տայինք, որ հասկանայինք, թե թուրքի սրի տակով պիտի անցնենք ու կզած կատարենք նրանց բոլոր պահանջնե՞րը, մի հատ էլ գնանք, Դավոսներում շնորհակալություն հայտնե՞նք։ Շատ նման է այդ դրվագը, Խաչատրյան Վահագնի արածի մասին եմ խոսում, պատկերացրեք մի իրավիճակ, երբ դատարանում բռնաբարված կինը հաճույք ստանալու համար շնորհակալություն է հայտնում իրեն բռնաբարողին։ Խաչատրյան Վահագը Դավոսում մոտավորապես դա է արել կամ նույնիսկ ավելի վատ բան է արել,- այսպիսի պատկերավոր համեմատություններով է նկարագրում Սուրեն Սուրենյանցը ներկա իրադարձությունները և շարունակում,- Սրանց մտածողությունը ես չեմ հասկանում: Ո՞ւր ես գնում Դավոս, քո ներքին դարդուցավից խոսում։ Ասում է՝ «Հո իշխանությունը պահելու համա՞ր խաղաղության չենք գնացել»։ Մի հատ էլ Ալիևից ներողություն է խնդրում դա ասելու համար։ Ալիևն էլ, ընդհանրապես ամենահեռավոր գյուղում ապրող անտեղյակ մեկն էլ գիտի, որ այս ամենն անում եք իշխանությունը պահելու համար։ Ձեր միակ գերնպատակը դա է, հետևաբար՝ գոնե էդ թեմաներով բերաններդ փակե՛ք ու հուզակեղեքիչ տեքստեր այսօր մի՛ հրապարակեք, որովհետև ձեր քաղաքականության զոհերն են այս մարդիկ»։

Խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կառավարող ուժի՝ իշխանությունն ամեն գնով պահելու ձգտման ու Ադրբեջանի և Թուրքիայի տեսանելի աջակցության հարցի շուրջ՝ քաղաքագետն ասում է՝ կա, այսպես կոչված, «արևմտյան Ադրբեջանի» նախընտրական շտաբ, որը նույնական է ՔՊ նախընտրական շտաբի հետ, և որպես իշխանություն՝ Փաշինյանի վարչախումբն ինչ-որ սոցիալական ծառայություններ է վաճառում ժողովրդին, ադրբեջանական բենզինն էլ այդ շարքին է դասվում։
Արտաքին հետախուզության ծառայության 2026 թվականի տարեկան զեկույցում տեղ գտած կանխատեսման առնչությամբ, որ 2025-ի օգոստոսի 8-ի վաշինգտոնյան համաձայնություններից հետո Ադրբեջան-Հայաստան ռազմական էսկալացիան դարձել է գրեթե անհավանական, քաղաքագետը հիշեցնում է՝ էքսպանսիայի մի քանի ձևեր կան, և ագրեսոր պետություններն այլ պետությունների տարածքներ են նվաճում ոչ միայն ռազմական ճանապարհով։
«Եթե Ադրբեջանն այսօր ունի էքսպանսիայի այլ ձևեր, ինչո՞ւ պիտի դիմի ռազմական էքսպանսիայի»,- նկատում է քաղաքագետը։
Սուրեն Սուրենյանցը նաև շեշտեց ու ահազանգեց, որ ՀՀ ընտրական օրենսգրքի այս վերջին փոփոխությունը՝ ընտրություններում դիտորդական առաքելությունների գործունեությունը սահմանափակելու նպատակով, որն արվեց ԱԺ «ՔՊ» խմբակցության մի խումբ պատգամավորների նախաձեռնությամբ, ընդ որում՝ հապճեպ ու առանց խորհրդարանական ու հանրային լսումների, կարող է կասկածի տակ դնել ընտրական ողջ գործընթացը։
Հիշեցնենք, որ այսօր՝ հունվարի 27-ին, Նիկոլ Փաշինյանը Հանուն հայրենիքի պաշտպանության զոհվածների հիշատակի օրվա կապակցությամբ մասնավորապես հայտարարել էր. «Սիրելի՛ իմ եղբայրներ և քույրեր, Դուք իզուր չեք ընկել, Ձեր զոհողությունը նոր գիտակցություն է ստեղծել, Ձեր զոհողությունը բացել է մեր աչքերը, պարզեցրել մեր միտքը, ամրացրել մեր կամքը՝ ուժեղացնելու մեր պետությունը, կերտելու պետականակենտրոն մի ճանապարհ»:
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։
