Ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի 6 ամիս հետո. մեր արևելյան սահմանը պետք է խիստ վերահսկելի լինի. Արտակ Զաքարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը խոսեց այն մասին, որ անվտանգության պատրանքի տակ թաքնվելով՝ անվտանգության խնդիրները չեն վերանում։
Նրա խոսքով՝ որևէ ադեկվատ խնդիր պետության առջև այսօր դրված չէ, բացի ներքին լսարանին մանիպուլացնելու միջոցով իշխանությունների վերարտադրվելու խնդիրը։ Այս իշխանությունը տարածաշրջանում իրենց մաքոքային քաղաքականության արդյունքում Հայաստանը դարձրել է շահերի բախման կենտրոն, ստեղծել պետականությանը սպառնացող վտանգներ։
«Այսօր որևէ մեկը մեզ անվտանգություն չի երաշխավորել՝ ո՛չ ԱՄՆ-ը, ո՛չ Եվրոպան, ո՛չ Ռուսաստանը։ Մեր հարևան պետության՝ Իրանի շուրջ իրավիճակը լարված է, երկրորդ բախումնային փուլը՝ հնարավոր։ Մեր 4 սահմաններից 2-ը փակ են, մեկն էլ վտանգի առաջ է։ Պետք է կարողանանք ինքներս ապահովել մեր անվտանգությունը, հատկապես՝ մեր արևելյան սահմանը, Իրանի հետ սահմանին պետք է լինենք կանխատեսելիության աստիճանի վերահսկելի։ Մեր Զինված ուժերի խնդիրն է՝ էլ ավելի մեծացնել մեր արևելյան սահմանների նկատմամբ վերահսկելիությունը, որովհետև ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի 6 ամիս հետո։ Միայն պատրաստ լինելով՝ կարող ենք պաշտպանել խաղաղությունն ու անվտանգությունը»,- ասաց Արտակ Զաքարյանը:

Վերջինս նկատեց՝ Ադրբեջանը գտնվում է աշխարհագրական մի տարածքում, որը Կասպյան տարածաշրջանի համար է նպաստավոր ու, բացի դրանից, կապող կամուրջ կարող է լինել թյուրքախոս երկրների միջև։
«Ադրբեջանն իր աշխարհագրական դիրքով լավ հենակետ է։ Ադրբեջանն այս առումով հավակնություններ ունի, ու դրանց իրագործմանը խանգարում է Հայաստանը։ Ադրբեջանը ռազմական կարողությունների պահեստ է, դրա համար էլ նրան թույլ են տալիս զինվել, զինում են։ Եթե պետք լինի, Ադրբեջանն ամեն տեղ օգտագործվելու է։ Այո, Ադրբեջանն ինչ-որ տեղ կորցրել է իր ինքնուրույնությունը, բայց տարածաշրջանի երկրների համար ձեռք է բերել կարևորություն։ Դրա համար է զինվում Ադրբեջանը, և՝ ոչ միայն մեր դեմ»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
