ՌԴ-ն նոր հարվածներ է հասցրել Ուկրաինային, զոհվել է 12 հանքագործ
Ռուսաստանը և Ուկրաինան նոր հարվածներ են փոխանակել։ Չերկասիի մարզում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածներից 4 մարդ է վիրավորվել։ Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Բռնկվել են հրդեհներ։
Տեղական իշխանությունները չեն հայտնել, թե կոնկրետ ինչ օբյեկտներ են հարվածի տակ հայտնվել։
Բացի այդ, Ռուսաստանը փետրվարի 1-ին անօդաչու թռչող սարքերով հարված է հասցրել Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզի Պավլոգրադի շրջանում գործող ԴՏԷԿ էներգետիկ ընկերության ծառայողական ավտոբուսի մերձակայքում, որի հետևանքով առնվազն 12 մարդ է զոհվել, ևս 16-ը՝ վիրավորվել։
«Ռուսաստանը լայնամասշտաբ ահաբեկչական հարձակում է իրականացրել ԴՏԷԿ-ի հանքերի վրա Դնեպրոպետրովսկի մարզում։ Հարձակումներից մեկի էպիկենտրոնում է հայտնվել ծառայողական ավտոբուսը, որը հերթափոխից հետո հանքագործներին տեղափոխում էր հանքից», – ասվում է ընկերության հայտարարության մեջ։
Մարզային դատախազության տվյալներով՝ հարվածը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 15:45-ի սահմաններում։
Ուկրաինայի հանքագործների անկախ արհմիության ղեկավար Միխայիլո Վոլինեցը հայտնել է, որ հարձակմանը մասնակցել է ռուսական չորս «Շահեդ» ԱԹՍ։
Իր հերթին, ռուսական կողմը հայտնել է, որ Բելգորոդի մարզի Ստարի Օսկոլ քաղաքում գիշերն ուկրաինական կողմը հարվածել է մասնավոր տան, որտեղ հրդեհ է բռնկվել։
Տունը մասամբ փլուզվել է։ 2 մարդ զոհվել է։ Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ ՀՕՊ համակարգերը խոցել են 31 ԱԹՍ, որոնցից 22-ը՝ Բելգորոդի մարզի երկնքում։



