ԲԱ ՈՐ ՉԷԻՆ ՏԱԼԻՍ՝ ԷԴ 5,5 ՄԻԼԻԱՐԴԻ ԶԵՆՔԸ ՈՐՏԵՂԻ՞Ց… ԱՅՈ, ԲԵՐԵԼ ԷԻՆ ԱՅՆ «ՎԱՏ ՆԱԽՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ…». ՍԱՄՎԵԼ ՆԻԿՈՅԱՆ

Գործնականում, այո՛, հնարավոր է փոխել իշխանությունն ընտրությունների միջոցով, 168TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում հայտարարեց ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, Ազգային ժողովի նախկին նախագահ Սամվել Նիկոյանը՝ խոսելով հունիսի 7-ին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների մասին։

«Ես կարծում եմ՝ այո, հնարավոր է՝ հասկանալով հանդերձ, թե նա (Նիկոլ Փաշինյանը) ինչ իշխանական ռեսուրսներ ունի, և հասկանում եմ՝ ինչ ամբարտավան ձևով է դրանք օգտագործելու, ինչպես է շարունակելու բռնաճնշումներն ընդդիմադիր լիդերների նկատմամբ»,- ասաց Սամվել Նիկոյանը։

Նրա խոսքով՝ առաջիկա ընտրություններին Հանրապետական կուսակցության մասնակցության մասին որոշում դեռևս չկա, բայց իր կարծիքով՝ 35 տարվա կուսակցությունը, որը մասնակցել է նորանկախ Հայաստանի բոլոր ընտրություններին, հիմա պետք է, որ մասնակցի։

Քաղաքական գործչի համոզմամբ՝ Հայաստանի և հայ ժողովրդի միակ ելքը ներկա բարդ իրավիճակից դուրս գալու պայքարն է, և դա է վկայում մարդկության ամբողջ պատմությունը, լինի այդ պայքարը քաղաքական գործընթաց ցույցերի՞ միջոցով, իմպիչմենտի՞, թե՞ արտահերթ կամ հերթական ընտրությունների։

«Ելքը պայքարն է, քո տեսլականը և այդ տեսլականի հետևից գնալը, պայքարելը։ Դա նոր չէ, բոլոր ազգերի մոտ է այդպես եղել, բոլոր ժամանակներում է այդպես եղել։ Պայքա՛ր։ Առանց պայքարի ոչինչ չի կարող լինել։ Խելոք, մտածված, համախմբված պայքար՝ մեկ նպատակի համար։ Եթե նպատակդ շատ հստակ ես ձևակերպում, ապա ամեն ինչ շատ ավելի հեշտ է լինում»,- նշեց Սամվել Նիկոյանը։

Խորհրդարանի նախկին խոսնակն ընդգծում է՝ դեմ է պատերազմին և ամենից շատն է ցանկանում խաղաղություն, բայց մարդկության ամբողջ պատմությունը պատերազմների պատմություն է, և պատմության թատերաբեմից անհետացել են բոլոր այն ազգերը, որոնց նպատակը պարզապես «լավ ապրելը» կամ «հանգիստ ապրելն» է։ Այդ թվում մեր՝ Հայոց պատմությունը պայքարի պատմություն է։

«Եթե որևիցե մեկն այսօր Հայաստանում ուզում է մարդկանց համոզել, որ՝ «գնում եմ խաղաղության», եթե ամբողջ շրջապատը պատերազմի է գնում, ապա այսօր չէ, վաղը չէ, մյուս օրը կստանաս պատերազմ։ Պատերազմից փախչողը երբեք խաղաղություն չի գտել։ Պատերազմից փախչողի հետևից պատերազմը գնում է։ Ուզո՞ւմ ես խաղաղ ապրել՝ պատրաստ եղի՛ր պատերազմի։ Խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը հաստատում են։ Ռազմաքաղաքական տարբեր գործոնների արդյունքում է այդպես լինում»,- ասում է Սամվել Նիկոյանը։

Խոսելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով նախանշված ԹՐԻՓՓ նախագծի և թուրք-ադրբեջանական նկրտումների թեմայի շուրջ՝ Սամվել Նիկոյանը շեշտեց, որ ԹՐԻՓՓ-ը միջանցքային տրամաբանություն ունի՝ ինչպես Ալիևն էր պահանջել, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի։ Նիկոյանի կարծիքով՝ սա մեր ժողովրդին տրվող «նախընտրական կերակուր է» Միացյալ Նահանգների, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։

«Բոլորն ասում են՝ «Նիկոլը պիտի մնա»։ Փող են տալիս, բենզին են տալիս, ինչ-որ բան են ուզում բացեն-փակեն, դրական ինչ-որ բաներ են ուզում ստեղծել ընտրողների մոտ, որը կավարտվի ընտրությունների հաջորդ օրը։ Վերարտադրվե՞ց Նիկոլը, որը պարտավոր է իր խոստումները կատարել, հաջորդ օրը հռետորաբանությունը կփոխվի։ Դեռ կա «300.000 ադրբեջանցիների վերադարձի» պահանջը, և իրենք պարտադրելու են և դրա համար են իրենք ուզում, որ Նիկոլն անպայման վերընտրվի, որովհետև Նիկոլի մոտ կա անասնական վախ Ալիևից։ Ուզում են՝ անպայման ընտրվի, թույլին բերեն, դնեն այնտեղ, որը դրսում թույլ է, ողորմելի է, ներսում առյուծ է կտրել»,- նշեց Սամվել Նիկոյանը։

Հանրապետական գործչի խոսքով՝ թշնամու մյուս պահանջն այն է, որ Հայաստանը բանակ պետք է չունենա, և դրան է միտված ՀՀ զինված ուժերում պարտադիր զինծառայության ժամկետը 1,5 տարի դարձնելը։

Սամվել Նիկոյանը ցավով հիշում և արձանագրում է 2020 թվականի ռազմական պարտությունից հետո՝ 2021 թվականին, Նիկոլ Փաշինյանի գլխավորած «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վերընտրվելու ծանր հետևանքները՝ նշելով, որ ամբողջ աշխարհում խոսում են՝ «կապիտուլյանտ իշխանությանը նորից ժողովուրդն ընտրեց»։ Դրա համար էլ բոլորն այժմ խոսում են Հայաստանի մասին՝ որպես տարածքի, որտեղով պիտի անցնեն տարբեր ենթակառուցվածքներ։

Սամվել Նիկոյանն ընդգծում է՝ եթե հունիսի 7-ի ընտրություններում էլ Փաշինյանի կուսակցությունը վերընտրվի, Ալիևն այդ «300.000 ադրբեջանցիներին» կբերի Հայաստան՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։

Մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հունվարի 28-ի հայտարարության մեջ տեղ գտած այն պնդումը, որ գրեթե բոլոր միջազգային գործընկերները մերժում էին Հայաստանին զենք վաճառել Արցախի հարցի ու ՀԱՊԿ անդամակցության պատճառով, Սամվել Նիկոյանը պատասխանում է Ալիևի խոսքերով. «Որտեղի՞ց աղքատ Հայաստանին 5,5 միլիարդի զենք»։ Դա այն զենքն է, որն Ադրբեջանն առգրավել է։ Այո՛, Հայաստանն այդքան զենք ուներ, որի չգիտեմ որ տոկոսը հենց այնպես հանձնվեց թշնամուն, և այդ զենքը բերվել էր ռազմաքաղաքական համագործակցության արդյունքում։ Բերել էին այն «վատ նախորդ իշխանությունները», որոնք իբր «Ղարաբաղը վաղո՜ւց ծախել էին, ուղղակի գցեցին էս հարիֆի ջեբը»։ Բա էդ 5,5 միլիարդի զենքը, որ թշնամուն հանձնեց, որտեղի՞ց։ Բա որ չէին տալիս, որտեղի՞ց այդ զենքը»։

Նաև ընդգծեց այս համատեքստում՝ փոքր պետությունների ղեկավարները պետք է 10 մտածեն և մեկ խոսեն, հաճախ նաև լռեն, և երկրորդ՝ պետք է ամեն կերպ խուսափել Հայաստանն աշխարհաքաղաքական բախման թատերաբեմ դարձնելուց։

Սամվել Նիկոյանը դեմ չէ Միացյալ Նահանգների հետ հարաբերություններին, բայց հիշեցնում է քրդերի տխուր փորձը, որոնք ևս հույսը դրել էին ամերիկացիների վրա.

«Ի՞նչ եղավ նրանց վիճակը՝ բոլորս գիտենք։ Աֆղանստանում ԱՄՆ զորքերը չէին։ Ի՞նչ եղավ վերջում։ Վերջիվերջո, ԱՄՆ նախագահները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները հայտարարել էին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում։ Տեղի ունեցավ։ Ի՞նչ կատարվեց, ի՞նչ ասաց Ամերիկան, նույն Թրամփն ի՞նչ ասաց։ Ասաց՝ ես գիտեմ, հայերը լավ կռվող են, թող կռվեն։ Բոլորը հասկանում էին՝ փոքր Արցախը կռվում է Ադրբեջանի, Թուրքիայի և արաբ ահաբեկիչների դեմ։ Ի՞նչ արեցին։ Ապա ինչո՞ւ հիմա մեր ժողովրդի ուղեղը լցնել, որ «Թրամփի ուղին» մեր փրկությունն է»։

Սամվել Նիկոյանի խոսքով՝ 2020թ. 44-օրյա պատերազմը և Արցախի բռնազավթումը ներկա կառավարիչների չմտածված ու արկածախնդիր քաղաքականության ու հայտարարությունների հետևանքն էր.

«Կենդանական աշխարհում թույլին, շատախոսին, դատարկախոսին երբեք չեն դարձնում իրենց ոհմակի, կլանի, խմբի առաջնորդ։ Միայն մարդ հասարակությունը և մարդ հասարակության մեջ որոշ ժողովուրդներ կարող են բերել դատարկախոսին, շատախոսին իշխանության։ Հետևանքը կլինի սա։ Բա որ հանկարծ մի օր ասի՝ մի աչքն էր բացվել, էլի այդքան զոհ է պետք, որ մյուս աչքն էլ բացվի, հետո ևս զոհեր՝ ականջներս էլ բացվեց… Այս մարդն ամեն ինչին արդարացում է գտնում։ Ասում է. «Այո՛, մենք հանձնեցինք Արցախը, այո՛, մենք տվեցինք այդքան զոհ, բայց գտանք անկախություն»։ Ամբողջ աշխարհում գերհզոր տերությունները պայքարում են կենսառեսուրսների համար, մերոնք ասում են՝ չէ, այ ցավդ տանեմ, մեր ինչի՞ն ա պետք. Ղարաբաղը տվե՛ք՝ հանգիստ ապրենք, տվե՛ք էս սարը, տվե՛ք էն քարը։ Էս վերջերս մեկը կար՝ հիմար-հիմար գոռալով խոսում էր՝ մեր գերիները վերադարձել են, ի՞նչ վատ բան է, տվե՛ք՝ ինչ ուզում են… Էլ ի՞նչ ունենք տալու, նրանք հող են ուզում, հայրենիք են ուզում, ի՞նչ ես գոռում անասնական հայացքով՝ տվե՛ք, տվե՛ք, տվե՛ք»։

 ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյան, Ազգային ժողովի նախկին նախագահ, հարցազրույց, ԱԺ ընտրություններ 2026, խորհրդարանական ընտրություններ, քաղաքական պայքար, 5,5 միլիարդի զենք, թշնամուն հանձնված զենք, իշխանափոխություն, մարդկության պատմություն, Հայոց պատմություն, պատերազմ թե խաղաղություն, Արցախյան հիմնախնդիր, 44-օրյա պատերազմ, ԹՐԻՓՓ նախագիծ, «Թրամփի ուղի»

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս