Ժողովո՛ւրդ, սկոլիոզը հիվանդություն չէ․ մի՛ թաքցրեք, մի՛ վախեցրեք երեխաներին. մասնագետ

Սկոլիոզն առավել հաճախ ախտորոշվում է դեռահասների մոտ: Պատճառների մասին զրուցել ենք կինեզիթերապևտ, ռեաբիլիտոլոգ Արամ Նալբանդյանի հետ։

 – Ի՞նչ է սկոլիոզը։

– Սկոլիոզը համարվում է կեցվածքի շեղում՝ ողնաշարի աջ կամ ձախ թեքումով։ Հիմնականում կարող է լինել S-աձև կամ C-աձև։ Շատ հաճախ այն հանդիպում է հիմնականում դեռահասության տարիքում։

Լինում է բնածին, որը շատ քիչ է հանդիպում, զարգանում է ներարգանդային կյանքում, և երեխաները ծնվում են արդեն սկոլիոզ ախտորոշմամբ։ Լինում է իդեոպաթիկ, որը հիմնականում հասունանում է 4-5 տարեկանից սկսած։ Հասունացման բուռն շրջանը նկատվում է 10-16 տարեկանում, և մկանանյարդային, որը երեխաների մոտ ախտորոշվում է մանկական ուղեղային կաթված ախտորոշմամբ։ Զարգանում է նաև դեֆորմացիաների և դիստրոֆիկ փոփոխությունների դեպքում։

Կարդացեք նաև

Նշեցիք, որ ներարգանդային կյանքում կարող է զարգանալ, հետո արտահայտվել, բայց ո՞ր խնդիրների պատճառով։

– Խնդիրները բացահայտված չեն, բայց շատ հնարավոր է՝ լինի գենետիկ։ Պապիկի, տատիկի, մոր, հոր մոտ եթե առաջանալու հակում կա՝ հնարավոր է ներաարգանդային կյանքում առաջանա կամ ինչ-ինչ պատճառներով մոր տարած հիվանդությունների դեպքում հնարավոր է լինի։

Դեռահասների դեպքում ո՞ր տարիքից է ի հայտ գալիս խնդիրը։

– Հիմնականում 9-10 տարեկանից, բայց այսօր նաև նկատում ենք 5-6 տարեկանից սկսած, որը շատ դեպքերում աննկատ է լինում ծնողի համար։ Այսինքն՝ ծնողը կարող է տեսնել և չնկատել, ուսումնասիրել երեխայի մեջքը և չնկատել թեքությունը։ Ավելի նկատելի դառնում է 10-11-տարեկան հասակից և մինչև 16-տարեկանը։

– Ճի՞շտ է, երբ ասում են, որ փոքրիկ երեխաներին պետք չէ շուտ նստել սովորեցնել, որովհետև այն հետագայում սկոլիոզի կհանգեցնի։

-Կան միֆեր այն մասին, թե սկոլիոզն առաջացավ, օրինակ, ծանր պայուսակից, սխալ նստելու դիրքից։ Այո, դա կարող է պատճառ լինել, բայց ոչ հիմնական։ Ինչ վերաբերում է երեխաներին փոքր տարիքից նստեցնելուն կամ կանգնեցնելուն, այո՛, կա ճշմարտություն, բայց այնպես չէ, որ երեխային, ենթադրենք՝ 5-6 ամսականից նստեցնեն՝ սկոլիոզ կառաջանա։ Խադունոկ (քայլակ) կոչվածը պետք չէ շուտ օգտագործել․ պետք է թողնել, որ երեխան ինքնուրույն սկսի իր առաջին քայլերը։ Խադունոկը ոչ թե վնասում է, այլ որոշակի տարիքից պետք է այն օգտագործել, այսինքն՝ 7, 8 կամ 9 ամսականից։ Պետք է տեսնել՝ երեխան պատրա՞ստ է քայլելու թեկուզև խադունոկով։ Շատ ծնողներ վերցնում, ուղղակի երեխային դնում են խադունոկի մեջ և այդ դեպքում արդեն ծանրաբեռնվում է ողնաշարը։

– Ինչո՞ւ է խնդիրն առավել շատ հանդիպում աղջիկների մոտ։

– Աղջիկների մոտ 6-8 անգամ ավելի շատ է հանդիպում սկոլիոզը, ամեն օր ականատես ենք լինում այդ վիճակին, և հիմնականում համեմատաբար բարդ ընթացք է ունենում։ Ինչո՞ւ է այդպես, ըստ երևույթին, հասունացման շրջանի ընթացքի և մկանակապանային համակարգի պատճառով, որովհետև աղջիկների մոտ ավելի թույլ է՝ համեմատած տղաների հետ։

Շատ դեպքերում ունենում ենք բացթողումներ, այսինքն՝ ծնողը սկոլիոզը նկատել է 10-12 տարեկանում, բայց գալիս են 20 տարեկանում։ Մտածել են՝ կանցնի ինքն իրեն, կամ վտանգավոր չէ։ Եվ այդ դեպքում ասում են՝ ի՞նչ կարելի է անել։ Ինչ արվի՝ պետք է արվի մինչև 16 տարեկան հասակը՝ հիմնականում աղջիկների մոտ, իսկ տղաների մոտ՝ մինչև 21 տարեկան հասակը, որովհետև մինչ այդ ինքը ձևավորվում է։

Նեյրովիրաբույժները սկոլիոզը չեն վիրահատում մինչև 16 տարեկանը, որովհետև օրգանիզմը հասունանում և աճում է։

Ծնողներն ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն, ո՞ր շեղումներին։

– Սկոլիոզի հիմնական ախտանիշները վիզուալ են։ Երեխային կարող են կանգնեցնել, նայել թիակներին, որոնք պետք է լինեն հավասար, ոչ թե վերև և ներքև, նույնը՝ ուսերը, կոնքը, պետք է լինեն հավասար։

Եվ մի քիչ ավելի բարդ սկոլիոզների դեպքում լինում է ռոտացիա, երբ ողնաշարն իր առանցքի շուրջ սկսում է պտտվել։ Այդ դեպքում խնդրում են կանգնել, կռանալ այնպես, որ իրանը զուգահեռ լինի հատակին, և նայել կողային հատվածներին, ողնաշարի աջ ու ձախ հատվածներին, եթե լինում է թմբիկ, հիմնականում խոսում է ռոտացիայի մասին, երբ արդեն սկոլիոզն ինքն իր առանցքի շուրջ պտտվել է։

Կա սկոլիոզի 4 աստիճան․ 1-11 աստիճան, 15-25, 26-40 աստիճան, և առավել բարդ՝ 4-րդ աստիճանը՝ 40 աստիճան և բարձր, ու այս դեպքում հիմնականում կատարվում է վիրահատություն։ Այսինքն՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի չհասնի վիրահատության։ Վիրահատության ցուցումներից են՝ սիրտ-թոքային անբավարարությունը, սրտային անբավարարությունները, երբ շունչը սկսում է կտրվել, և այլն։

Ցավոք, սկոլիոզն ինքնուրույն չի անցնում։ Պետք է հետևել, զբաղվել, որպեսզի գոնե մաքսիմալ չթեքվի, այսինքն՝ ստեղծել բնական մկանային կորսետ։

Սկզբում լինում են մկանակապանային ցավեր, այսինքն՝ շուտ հոգնում են, այրոցի զգացողություն կա։ Կարող են լինել ճնշման տատանումներ՝ բարձր զարկերակային ճնշում։ Այսինքն՝ ներքին օրգանների դիրքը փոփոխվում է իրենց բնականոն դիրքից։ Ըստ այդմ, խորհուրդս, երբ աղջիկների, կանանց մոտ նկատելի է լինում սկոլիոզ, և պատրաստվում են ծննդաբերության, պետք է պարտադիր գինեկոլոգին ասեն, որ կա կեցվածքի շեղում։ Ունեցել եմ 4-րդ աստիճանի դեպք, ու արգելվել է ընդհանրապես հղիությունը, որովհետև արդեն կարող է վտանգ սպառնալ թե՛ պտղի, թե՛ մոր կյանքի համար։

Սկոլիոզը նաև մեծահասակների մո՞տ է ի հայտ գալիս։

– Սկոլիոզ եթե տեսնում ենք, ենթադրենք՝ 40, 50, 60 տարեկանում, դրանք հիմնականում դեռահասության տարիքում առաջացած սկոլիոզներ են, բայց շատ դեպքերում կան ձեռքբերովի, այսինքն՝ հասուն տարիքում ձեռք բերված սկոլիոզներ, որոնց պատճառը կարող են լինել ողնաշարի դեգեներատիվ դիստրոֆիկ փոփոխությունները, այսինքն՝ օստեոխոնդրոզ կոչվածը։

Հնարավոր է՝ վթարից հետո է առաջացել թեքվածությունը։ Այսինքն՝ տարիքային, ողնաշարի բնական ծերացման հետ միասին՝ հնարավոր է, որ առաջանա սկոլիոզ։

Սկոլիոզը կարո՞ղ է ողնաշարի ճողվածք առաջացնել։

– Ողնաշարի ճողվածքների դեպքեր են լինում, որի պատճառը սկոլիոզներն են։ Այսինքն, եթե մենք ունենում ենք ողնաշարի ոչ բնական դիրք, թեքվածություն՝ աջ կամ ձախ, ծանրաբեռնվածությունը ողնաշարի աճառային սկավառակների վրա թեք է ընկնում։ Այդ իսկ պատճառով, այո՛, հնարավոր են թե՛ ճողվածքներ, թե՛ լիստեզներ։

Երբ սխալ դիրքով են նստում, երկար ժամանակ կանգնած են լինում, կարո՞ղ է հանգեցնել սկոլիոզի։

– Կարող է պատճառ լինել եղած խնդրի խորացմանը, բայց մի քիչ սխալ է ասել, որ նստած դիրքը հանգեցնում է սկոլիոզի։ Եթե այդպես լիներ՝ ծրագրավորողների կամ գրասենյակային աշխատողների 100-ից գոնե 90-ը պետք է ունենար սկոլիոզ։ Եթե եղել է խնդիր՝ այո, արագացնում է, պատճառ է հանդիսանում երկար նստած դիրքը։

Ոտքը ոտքին գցած նստելու դեպքում խնդիր կլինի՞։

– Իհարկե, վնաս է անոթային համակարգին, ողնաշարին, բայց ճիշտ չէ ասել, որ սկոլիոզ կառաջացնի։

Քանի որ առավել շատ երեխաների մոտ է առաջանում, չե՞ն կարող նախապես որևէ հետազոտություն կատարել՝ կանխելու համար։

– Ամենաառաջին կանխողը ծնողն է, ով պետք է ուշադիր լինի։ Նկատելով ինչ-որ մի թեքություն կամ շեղում, պետք է ուղղակի դիմել մասնագետի։ Մեր ժամանակ խաղում էին բակում, հիմա մեծ մասը հեռախոսով է զբաղվում, իսկ օրգանիզմը պետք է աշխատի։ Պետք է շարժվեն, որ ստեղծվի բնական մկանային կորսետ։

Հիմնականում 12, 18 տարիքային խմբում գտնվող երեխաների են բերում և շատ ընկճված են լինում ծնողները, մինչև անգամ սկսում են լաց լինել։ Ես ասում եմ՝ ժողովուրդ ջան, սկոլիոզը հիվանդություն չէ, կեցվածքի շեղում է, ում էլ նայենք՝ ինչ-որ մի թեթև շեղում գտնելու ենք, ուղղակի կա ցածր և բարձր աստիճանի։

Մի ահասարսուռ դեպք պատմեմ․ հայրը բերեց 12-ամյա աղջիկ երեխային, ով 2-րդ աստիճանի սկոլիոզ ուներ և շատ ընկճված էր, ու հայրը մեկ արտահայտություն արեց, թե՝ եթե իմանայի՝ սկոլիոզ կլիներ մոտը, չէինք էլ ունենա։ Երեխան սկսեց ահավոր լաց լինել, ես հորը հրավիրեցի դուրս, մի երկու խոսք ասացի և հրաժարվեցի իրեն ընդունել։

Բոլոր երեխաները, ովքեր բուժվում են, ասում եմ՝ ո՛չ դպրոցում, ո՛չ ձեր ընկերուհիներին, բարեկամներին, մի՛ ասեք, որ դուք հիվանդ եք, դա հիվանդություն չէ, ուղղակի կեցվածքի շեղում է, որը կարելի է շտկել, չշտկվելու դեպքում էլ վիրահատություն է արվում։

Բայց պետք է այնպես անել, որ չհասնենք վիրահատության, որովհետև այնպես չէ, որ դրանից հետո ունենում ենք իդեալական ուղիղ ողնաշար և առանց ցավերի կյանք։

– Տնային պայմաններում հնարավո՞ր է ինչ-որ վարժություններ կատարել, և՛ կանխել, և՛ բուժել։

– Առաջին հերթին պետք է այնպես անել, որ սպորտը կամ գոնե շարժումը լինի երեխայի կյանքում։ Լողը հիանալի կանխարգելիչ միջոց է, բայց ոչ բուժիչ։ Շատերը սկոլիոզով ուղարկում են լողի կամ պարի, սակայն ժամանակն աշխատում է իրենց դեմ։ Ինչքան շուտ հայտնաբերվի և սկսվի բուժումը, այնքան շուտ կհասնենք արդյունքի։ Ճիշտ կատարված վարժություններն ամենակարևորն են բուժման մեջ։

Այդ վարժությունների մեջ մտնո՞ւմ է յոգան։

– Յոգան օգնող միջոց կարող է հանդիսանալ, բայց երեխան, ով ունի 3-րդ աստիճանի սկոլիոզ, և իրեն ուղարկեն յոգայով զբաղվի՝ սխալ քայլ կլինի։

Որքա՞ն ժամանակ է պահանջվում բուժման համար։

– Անհատական է՝ կախված է օրգանիզմից։ Ունեցել ենք երեխաներ, որոնց բուժումը 12-14 տարեկանում ենք սկսել, և, եթե դրական արդյունք ենք ունենում, հանդիպում ենք 6-8 ամիս հետո, գնահատում վիճակը, տալիս ցուցումներ։

Ավելի շատ բարդացած դեպքերի՞ եք հանդիպում, թե՞ վաղ դիմում են։

– Վերջին ժամանակաշրջանում, հուրախություն մեզ՝ հիմնականում շուտ են դիմում։ Սակայն ծնողներ կան, ասում են՝ ոչինչ, կանցնի, մեկ տարի էլ սպասենք, 2 տարի, բայց կրկնեմ՝ ժամանակն աշխատում է մեր և իրենց դեմ։

Ասեմ, որ բուժում ասելով՝ չհասկանանք վերացում։ Շատերը գալիս են 2-րդ աստիճանի, 3-րդ աստիճանի սկոլիոզով և ասում են՝ կվերացնե՞ք, կլինի՞ 100 %-անոց ուղիղ ողնաշարով, ասում եմ՝ հնարավոր չէ։

Մի դեպք էլ հիշեցի․ հայրը 12-13 տարեկան աղջկան բերել էր, հարցրել՝ ե՞րբ կունենանք արդյունք, ասել էի, որ կուրսը վերջացնենք, 6-8 ամիս հետո հետազոտենք, տեսնենք՝ արդյունք կա՞, թե՞ ոչ։ Ու նա, առանց ինձ ասելու՝ ամեն օր երեխային տարել է տարբեր տեղեր՝ ճառագայթ, ռենտգեն արել՝ մտածելով, որ ամեն օր կարող է արդյունք լինի։ Ինչո՞ւ մեկ տեղ չի տարել, որովհետև երբ 2-րդ անգամ տաներ, բնականաբար, բժիշկները կասեին՝ չի կարելի։

Ի՞նչ պարբերականությամբ պետք է կատարել ռենտգեն հետազոտություն։

– Ռենգեն հետազոտության պարբերականությունը որոշում է բժիշկը։ Հնարավոր է՝ մեկ անգամ արվի, կամ շատ դեպքերում, երբ բերում են, թեթև է լինում սկոլիոզի աստիճանը, հնարավոր է՝ սկզբից ռենտգեն չանեն, բուժումից 6-8 ամիս հետո անեն։ Աշխատում ենք ամեն ինչ անել, որ ռենտգեն հետազոտության քանակը քիչ լինի։

– Ի՞նչ անել՝ երբևէ սկոլիոզ չունենալու համար։

– Եթե չունեն գենետիկորեն խնդիր, եթե չունեն բնածին խնդիր, պետք է ուղղակի զբաղվել սպորտով, չեմ ասում՝ պրոֆեսիոնալ սպորտով, այսինքն՝ շարժում պետք է լինի կյանքում։

Մկանները պետք է հավասարաչափ զարգանան։ Շատ դեպքեր ենք ունենում, երբ մարզասրահներում իրենց վնասում են, այսինքն՝ ճիշտ չեն պարապում, մտածում են՝ մեջքի մկան զարգացնենք, չգիտեմ՝ այլ մկաններ զարգացնենք և ունենում են հակառակ էֆեկտը։ Դա էլ ճիշտ չէ։

Առանց մարզիչի ու առանց պրոֆեսիոնալ մարզիչի պետք չէ, որովհետև մարզիչի ընտրությունը ևս շատ կարևոր է։ Մարզիչը, չասեմ բժշկի, բայց մոտավորապես բժշկի դեր է տանում։ Պետք է իմանա՝ ո՞ր մկանի հետ աշխատի, որպեսզի չծանրաբեռնի, և այլն։ Սխալ մարզվելու արդյունքում հնարավոր է՝ եղած սկոլիոզը խորանա։ Եթե 20 տարեկան մարդը գնում է, սկսում է մարզվել, և անընդհատ մի վարժությունը մի կողմով է անում ամիսներ շարունակ, բնականաբար, այդ կողմի մկանը զարգանալու է և ողնաշարը դեպի իրեն է թեքում, քաշում։

Տեսանյութեր

Լրահոս