ԵՍ ՉՈւՆԵՄ ՎԱԽ, ՈՐ ԻՆՁ ՉԵՆ ՀԱՍԿԱՆԱ. ԱԿԱՆՋԱՀԱՃՈ ԲԱՆԵՐ ՉԵՄ ԱՍԻ ԵՐԲԵՔ. ՆԱԶԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
168TV-ի «Ռանդևու» հաղորդման հյուրը դերասանուհի, հաղորդավար Նազենի Հովհաննիսյանն է, ով երբեք չի փորձել «հարմարավետ» խոսել։ Նրա խոսքը հաճախ «դառն» է, երբեմն՝ անհարմար, բայց միշտ՝ ուղիղ։

«Ես չունեմ վախ, որ ինձ չեն հասկանա, կամ չեմ հասցնի։ Բայց նոր սերնդի մեջ զգում եմ այդ վախի առկայությունը»,- ասում է նա։
Նազենին խոստովանում է՝ ժամանակին ինքն էլ ունեցել է ինքնախաբեություն։ Երկար ժամանակ հավատացել է, որ որոշ պաշտոններ կամ տիտղոսներ ինքնաբերաբար ենթադրում են մտավոր ու հոգևոր հասունություն։
«Կարծում էի՝ եթե մարդը, օրինակ, դասավանդում է Թատերական ինստիտուտում, ուրեմն ունի բավարար խելք, կարդացածություն, արժեքային համակարգ։ Պարզվեց՝ ոչ։ Պարզվեց՝ այդ մարդը կարող է լինել բացարձակ բռնարար, հանդես գալ բռնության կոչերով, այն էլ՝ հոգևորականի նկատմամբ, այն էլ՝ հանրային եթերից»։

Նա ընդգծում է՝ նույնիսկ, եթե փորձենք դա արդարացնել «ցինիկ հումորի» անվան տակ, խնդիրը դրանից չի փոքրանում։
«Մենք խոսում ենք կարդացած, հասուն համարվող մարդկանցից մեկի մասին։ Եվ սա ընդամենը մեկ օրինակ է»,- շեշտում է նա։
Այս ամենից հետո, ըստ Նազենի Հովհաննիսյանի, առաջանում է ավելի խորքային հարց՝ ո՞վ է իրականում մեղավոր։
«Այդ մա՞րդը, որին ես ի սկզբանե, առանց քննության, ընդունել եմ՝ որպես խելքը գլխին, յուրահատուկ անձ, թե՞ ես եմ մեղավոր, որ ինձ խաբել եմ, չեմ կասկածել նրա ոչ խորագետ, ոչ խիղճ ունեցող լինելու վրա։ Որովհետև խելացի մարդը չի կարող բռնության կոչ անել»։
Նա նշում է՝ վերջին տարիներին ավելի ու ավելի է փորձում հասկանալ սեփական սխալները, գտնել իր պատասխանատվության չափը.
«Սրանք երևույթներ են, որոնց մասին ես շատ եմ մտածում»։
Զրույցի ընթացքում Նազենի Հովհաննիսյանն անդրադառնում է նաև հասարակության հիշողության կորստին.
«Երեկ Սումգայիթի ջարդերն էին, այսօր արդեն մոռացել ենք Արցախի հանձնումը։ Դու զարմանո՞ւմ ես»։

Նրա համար այսօր մարդն այլևս չի բաժանվում ըստ մասնագիտությունների, կրթական աստիճանների կամ դիրքերի.
«Ինձ համար մարդը բաժանվում է ուրիշ կատեգորիաների՝ խիղճ ունի՞, թե՞ ոչ»։
Նա չի փորձում լինել ականջահաճո։ «Ես չեմ ասում բաներ, որ հաճելի հնչեն։ Ինչը մեկի համար հաճելի է, մյուսի համար կարող է դառը լինել»։
Եվ ավելացնում է մի իրողություն, որը, իր խոսքով, ցավոտ է, բայց՝ իրական․ «Հանրային կերպով ինձ վիրավորում են, իսկ հետո անձնական նամակով ներողություն խնդրում։ Որտե՞ղ է այդտեղ հավասարությունը»։

Անդրադառնալով անձնական կյանքին՝ Նազենի Հովհաննիսյանն ասում է. «Իմ կյանքում միշտ կա տղամարդ։ Բայց ես սկզբունքորեն գտնում եմ, որ գռեհկություն է խոսել անձնականից։ Երեխա ունենալու հարցն առավել քան անձնական է և չի կարող քննարկվել հանրային կերպով որևէ մեկի կողմից»։
Մանրամասները՝ տեսանյութում։
