ԴԵՂԵՐԻ ԴԵՖԻՑԻՏ՝ ՄԱՔՍԱՆԵՆԳ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ՉԳՐԱՆՑՎԱԾ ՎԱՃԱՌՔ, ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ. ԱՆՈՒՇ ՊՈՂՈՍՅԱՆ
Դեղերի դեֆիցիտը Հայաստանում․ ինչպե՞ս է օրինական փակուղին սնուցում դեղերի անօրինական շուկան:
Այս մասին 168TV-ի «Առողջ որոշում» հաղորդաշարի ժամանակ ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության նախագահ Անուշ Պողոսյանը:
Այս անգամ նա խոսել է դեղերի հասանելիության մասին:
«Հայաստանի Հանրապետությունում դեղերի հասանելիությունն այլևս միայն առողջապահական խնդիր չէ․ այն դարձել է համակարգային վտանգ հանրային անվտանգության համար:
Քաղաքացիների բուժման համար անհրաժեշտ է, որ դեղերը լինեն ոչ միայն առկա, այլև օրինական շրջանառության մեջ, այսինքն՝ գրանցված կամ թույլատրված։ Միևնույն ժամանակ դրանք պետք է լինեն փորձաքննված, որակյալ և անվտանգ։ Սա ոչ թե ցանկություն է, այլ ՀՀ Սահմանադրությամբ և «Դեղերի մասին» օրենքով ամրագրված պարտավորություն»,- ասաց առողջապահության ոլորտի փորձագետը:
Վերջինս հավելեց՝ օրենքն ասում է մեկ բան, իրականությունն՝ այլ։
«ՀՀ օրենսդրությամբ սահմանված է, որ երկրում կարող են շրջանառվել միայն գրանցված դեղերը, քանի որ հենց գրանցման ընթացքում է ստուգվում դրանց անվտանգությունը, արդյունավետությունն ու որակը։ Սակայն փաստերն այլ պատկեր են ցույց տալիս։ Միջին զարգացող երկրներում բնակչության բուժման համար անհրաժեշտ է մոտ 8000-10000 անվանում դեղ։ Մինչդեռ ՀՀ-ում, ըստ հրապարակային դեղերի գրանցամատյանի, 01․10․2025 թ․ դրությամբ գրանցված է ընդամենը 3636 անվանում դեղ, որոնցից միայն 8%-ն է արտադրվում Հայաստանում, իսկ մնացածը ներմուծվում է արտերկրից»,- ասաց Անուշ Պողոսյանը:
Նրա խոսքով՝ հիմնական դեղերի ցանկը կա, դեղերը՝ ոչ:
«2025 թվականի համար հաստատված հիմնական դեղերի ցանկը ներառում է 429 անվանում դեղ, որոնք ըստ դեղաձևերի՝ կազմում են 1135 անվանում։ Օրենքի ուժով այս դեղերը պարտադիր պետք է գրանցված և առկա լինեն ՀՀ-ում։ Բայց իրականությունն այլ է․ այդ 1135 անվանում դեղերից տվյալ պահին գրանցված է ընդամենը 533-ը։ Այսինքն՝ անհրաժեշտ դեղերի կեսից ավելին Հայաստանում պարզապես գոյություն չունի օրինական դաշտում»,- ասաց փորձագետը:
Անուշ Պողոսյանը տարակուսում է՝ ԵԱՏՄ անդամ ենք, բայց դեղերը չենք ճանաչում:
«ԵԱՏՄ միասնական հրապարակային գրանցամատյանում 01․10․2025 թ․ դրությամբ գրանցված է շուրջ 12․500 անվանում դեղ։ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ պետություն, փաստացի չի ճանաչում այդ գրանցամատյանը՝ ընդունելով ընդամենը մի քանի տասնյակ դեղ։ Արդյունքում՝ այն դեղերը, որոնք օրինական են ԵԱՏՄ տարածքում, ՀՀ-ում շարունակում են մնալ «չգոյ»,- ասաց նա՝ հավելելով, որ դեղերի դեֆիցիտը ծնում է մաքսանենգություն:
Ըստ մասնագետի՝ այս իրավիճակի բնական հետևանքը դեղերի խիստ դեֆիցիտն է շուկայում, այդ թվում՝ հիմնական դեղերի։

«Բժիշկները, առաջնորդվելով մասնագիտական անհրաժեշտությամբ, նշանակում են այն դեղերը, որոնք պետք են հիվանդին բուժելու համար՝ անկախ դրանց գրանցված լինելու հանգամանքից։ Բժիշկը պարտավոր չէ ապահովել դեղի գրանցումը։ Նրա պարտականությունն է՝ բուժել։ Իսկ պացիենտը, ստանալով նշանակումը, սկսում է փնտրել դեղը։ Այստեղ սկսում է գործել առաջարկ-պահանջարկի բնական օրենքը․ եթե դեղը անհրաժեշտ է, այն վաղ թե ուշ հայտնվում է շրջանառության մեջ։ Ցավոք, այդ շրջանառությունը հաճախ իրականացվում է զարտուղի ճանապարհներով՝ մաքսանենգ ներմուծում, չգրանցված վաճառք, անօրինական ցանցեր։ Վարչարարությունը, սակայն, չի լուծում խնդիրը:
Վերջին տարիներին Դեղերի վերահսկողության տեսչական մարմինը հարյուրավոր տնտեսվարողների և պաշտոնատար անձանց ենթարկել է միլիոնավոր դրամների տույժերի։ Սակայն այս վարչարարությունը չի կանխել և չի կարող կանխել չգրանցված դեղերի շրջանառությունը։
Ավելին՝ որքան խստացվում են վերահսկողության մեխանիզմները դեղատներում, այնքան դեղերի վաճառքը տեղափոխվում է ստվերային դաշտ՝ սոցիալական ցանցեր, պատվերով վաճառք ոչ մասնագետների միջոցով։ Սա արդեն վերահսկողությունից դուրս տարածք է»,- եզրափակեց Անուշ Պողոսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Բաժանորդագրվեք յութուբյան մեր ալիքին https://www.youtube.com/@168amofficial, գրեք ձեր հարցերը ձեզ հուզող խնդիրների մասին:
Անուշ Պողոսյան, դեղեր, ԵԱՏՄ, դեֆիցիտ, դեղատներ, բժիշկներ, առաջարկ-պահանջարկ, անօրինական ցանցեր, մաքսանենգ ներմուծում
