ՀՀ վարչական դատարանի նախագահը կտրականապես հրաժարվում է Արցախի Հանրապետությանը կամ ԱՀ կառավարությանը ներգրավել երրորդ անձ՝ փաստացի պատճառաբանելով, որ նրա համար Արցախի Հանրապետություն, ԼՂՀ կառավարություն գոյություն չունեն. Ռոման Երիցյան
Փաստաբան Ռոման Երիցյանը գրում է. «Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող գույքից (ՀՀ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության շենք) Արցախի Հանրապետությանը սեփականազրկելու վերաբերյալ ՀՀ դատախազության հայցի հիման վրա քննվող գործով ՀՀ վարչական դատարանի նախագահ Կարեն Զարիկյանը կտրականապես հրաժարվում է Արցախի Հանրապետությանը կամ ԱՀ կառավարությանը ներգրավել երրորդ անձ՝ փաստացի պատճառաբանելով, որ նրա համար Արցախի Հանրապետություն, ԼՂՀ կառավարություն գոյություն չունեն։
Սա այն դեպքում, երբ թիվ 2239396 վկայականով ՀՀ կադաստրի կոմիտեում գրանցված է ԼՂՀ կառավարության սեփականության իրավունքը Երևան քաղաքի Նաիրի Զարյան 17/2 հասցեում գտնվող գույքի նկատմամբ։
Ամփոփ ասած՝ քննվում է սեփականազրկման հարց՝ առանց գրանցված իրավատիրոջը գործով մասնակից դարձնելու։
Գործն ըստ էության լուծող դատական ակտը կհրապարակվի 2026 թվականի մայիսի 22-ին»։
