
Ի՞նչ է նշանակում՝ զանգե՛ք ինձ, ես հարցը կլուծեմ… Ռուսաստանը չի լռի, Չինաստանը թույլ չի տա՝ Իրանի շահերը ոտնահարվեն. Ադրբեջանը Մեծ Բրիտանիայի պրոքսի պետությունն է, Միացյալ Արևմուտքից Հայաստան խաղաղություն չի կարող հասնել. Սերգեյ Մանասարյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ նախկին փոխարտգործնախարար, տարբեր երկրներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանն է։
Սերգեյ Մանասարյանը 1993-1994թթ․ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարն էր, 1994-1996թթ․՝ ՀՀ կառավարության քարտուղար-նախարարը, 1996-1999թթ.՝ ՀՀ փոխարտգործնախարար, 1999-2004թթ.՝ Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 1999-2004թթ․ համատեղության կարգով ՀՀ դեսպանն էր Ալժիրում, 2000-2005թթ․՝ Մարոկկոյում ՀՀ դեսպան, 2001-2004թթ․՝ Եթովպիայում ՀՀ դեսպան, 2001-2004թթ․՝ Լիբիայում ՀՀ դեսպան, 2003-2005թթ․՝ Սուդանում ՀՀ դեսպան, 2003-2012թթ․՝ Օմանում ՀՀ դեսպան, 2005-2010թթ.՝ Բուլղարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան, 2010-2016թթ․՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ, 2016-2024թթ.՝ Չինաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին), 2016-2024թթ.՝ Մոնղոլիայում ՀՀ դեսպան, 2018-2024թթ.՝ Թաիլանդում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Պեկին): Իր գործունեության ընթացքում նա արժանացել է մի շարք պարգևների և շքանշանների, այդ թվում՝ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ, Բուլղարիայի բարձրագույն «Ստարա Պլանինա» շքանշան:
Սերգեյ Մանասարյանի հետ հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Շուրջ 9 ամիս Չինաստանը Հայաստանում դեսպան չուներ: Եթե Չինաստանի պես երկիրը երկար ժամանակ այստեղ դեսպան չի ունենում, դա, իհարկե, խնդիր է և խոսակցությունների առիթ տալիս է։ Ներկայումս հետխորհրդային երկրների հետ հարաբերություններում, բացի Բալթյան երկրներից, Չինաստանն առաջնորդվում է այն հանգամանքով, թե տվյալ երկիրն ինչ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ։ Ինձ թվում է՝ նրանք սպասում էին… Բարեբախտաբար, հարցը լուծվեց, դեսպանը եկավ, բայց մենք դա պետք է մեր մտքում պահենք ու դրանից հետևություններ անենք։
- Ես մի անգամ եմ մի դեպքի ականատես եղել, երբ Չինաստանի նախագահը հրապարակավ շատ կոշտ է վերաբերվել այլ երկրի ղեկավարին։ Դա Կանադայի վարչապետ Թրյուդոն էր, ով հրապարակել էր մասնավոր զրույց, և հրապարակային կոշտ պատասխան ստացավ Չինաստանի նախագահից։
- Այսօր իշխանություններն արտաքին քաղաքականության գործընթացում հաճախ գնում են տարբեր ուղղություններով, որոնք շատ դեպքերում միմյանց մերժում են։ Մենք ԵԱՏՄ անդամ ենք, բայց ուզում ենք գնալ ԵՄ, «Թրամփի ուղի» ենք ստորագրում Վաշինգտոնում, հետո ուզում ենք գնալ Շանհայի համագործակցության կազմակերպություն (ՇՀԿ)… Չի՛ լինում այդպես։ ՇՀԿ-ն արդեն իսկ հայտարարվել է Արևմուտքի թշնամի։ Մենք տարածաշրջանային հզոր խաղացողների մասին ենք խոսում…
- Ես չեմ կարծում, որ Ռուսաստանն ու Իրանն անտարբեր կմնան «Թրամփի ուղու» վերաբերյալ զարգացումներին։ Ուզենք թե չուզենք, Իրանում վերջին խոսքը պատկանում է հոգևոր առաջնորդին, իսկ Վիլայաթին նրա գլխավոր խորհրդականն է, ու նրա խոսքը ուժ ունի։ Ասում են, թե ռուսները չեն արձագանքել, բայց դա այդպես չէ։
Ռուսաստանից ևս պատասխան եղավ Վաշինգտոնի եռակողմ հանդիպմանը.
Հայտարարվեց, որ Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը չեղարկված չէ։
Ես վստահեցնում եմ, որ այդ «Միջանցքի» վերաբերյալ Չինաստանն էլ անտարբեր չի լինելու։ Դա պանթյուրքական միջանցք է, որը հասնելու է մինչև չինական սահմաններ, և իրենք անտարբեր չեն մնա այդ հարցի նկատմամբ։ Դա շատ զգայուն հարց է Չինաստանի համար։ Շահերի բախում է ի հայտ գալու և կոնֆլիկտային իրավիճակ։
- Ինչպես Չինաստանը շատ լավ հասկացավ, որ եթե Ռուսաստանի հետ մի բան պատահի, հաջորդն ինքն է լինելու, այնպես էլ Իրանն է շատ լավ հասկանում՝ ինչ կարող է լինել, եթե Սյունիքի այդ «Միջանցքը» գործի։
- Վաշինգտոնում ստորագրված փաստաթուղթը մտադրությունների արձանագրություն է ուղղակի, ոչ ավելին։ Այն ոչինչ չի պարտադրում։ Ամենակարևոր հարցը՝ իսկ ի՞նչ երաշխիքներ է տալիս վաշինգտոնյան այդ Հռչակագիրը, ԱՄՆ-ը որևէ երաշխիք չի տալիս։ Իմ լսածը երաշխիք չէր։ ԱՄՆ նախագահն ասաց՝ խնդիր ունենաք, ինձ կզանգեք։ Դա երաշխի՞ք է։ Ի՞նչ է նշանակում՝ զանգե՛ք ինձ, ես հարցը կլուծեմ… Թե այս փաստաթղթի տակ ի՞նչ բանակցային գործընթաց է տեղի ունենում, ես չեմ կարող ասել։
- Ես շատ կուզենամ, որ Վաշինգտոնում ստորագրված թուղթը խաղաղություն բերի, բայց ես խորը համոզված եմ, որ Միացյալ Արևմուտքից Հայաստան խաղաղություն չի կարող հասնել։ Ո՛չ Միացյալ Նահանգները, ո՛չ Եվրոպան մեզ խաղաղության երաշխիքներ տալ չեն կարող։
- Վաշինգտոնում Թրամփը շատ էր տալիս Իսրայելի անունը։ Դա շա՛տ վտանգավոր է՝ հաշվի առնելով, որ Իրանն է մեր հարևանը։
- Ամերիկյան համալսարանի պրոֆեսորներից մեկն ինձ հետ զրույցում մի անգամ ասաց՝ խորացրեք ռուսերենի իմացությունը, որովհետև ուզեք-չուզեք՝ մոտակա 50-70 տարիներին ձեր շուկան Ռուսաստանն է լինելու։
- 907-րդ բանաձևի չեղարկմամբ՝ Ադրբեջանի համար ոչինչ չի փոխվել։ Նույն զենքը նա ստանում էր այլ երկրներից, նույն ամերիկյան զենքը կարող էր ստանալ երրորդ երկրների միջոցով։ Այնպես որ, Իրանը շատ լավ գիտի Ադրբեջանից եկող վտանգների մասին։
Հիշեցնենք, ԱՄՆ Սենատը՝ 1992թ. հուլիսին, իսկ Ներկայացուցիչների պալատը՝ նույն թվականի օգոստոսին ընդունեցին Ազատության աջակցության ակտը, որը 1992թ. հոկտեմբերի 24-ին ստորագրվեց ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի կողմից և օրենքի ուժ ստացավ։ Այս ակտը հատկապես կարևոր նշանակություն ստացավ Հայաստանի համար, քանզի ակտում ներառվեց, այսպես կոչված, 907-րդ բանաձևը (հոդվածը), որով փաստացիորեն արգելվեց Ադրբեջանին ցանկացած տեսակի օգնության տրամադրումը. «Միացյալ Նահանգները չի կարող այս կամ ցանկացած այլ ակտի շրջանակում օգնություն տրամադրել Ադրբեջանի կառավարությանն այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահը չի պարզել և տեղեկացրել Կոնգրեսին, որ Ադրբեջանի կառավարությունը գործուն քայլեր է ձեռնարկում դադարեցնելու համար շրջափակումը և ուժ չի կիրառում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ»:
907-րդ բանաձևի ընդունումը դարձավ ԱՄՆ-ում հայ լոբբիստների և հայկական համայնքի մեծագույն ձեռքբերումներից մեկը, որի պատճառով շուրջ 10 տարի Ադրբեջանը 15 նորանկախ պետություններից միակն էր, որը զրկված էր օգնություն ստանալու հնարավորությունից։
2025թ. օգոստոսի 8-ին Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությամբ ստորագրեց Բաքվին ռազմական օգնության տրամադրումը սահմանափակող 907-րդ բանաձևի կասեցման ժամկետը երկարաձգելու մասին հուշագիրը։
Ալիևը դրա չեղարկումը ներկայացրեց՝ որպես աննախադեպ հաղթանակ, չնայած որոշ շրջանակներ նշում են, թե ԱՄՆ նախագահը չի կարող չեղարկել բանաձևը, ԱՄՆ նախագահն ԱՄՆ Կոնգրեսից իրեն տրված իրավասության շրջանակում կարող է միայն կասեցնել բանաձևն ընդամենը մեկ տարով, բայց չի կարող չեղարկել այն․ այդ իրավասությունը տրված է բացառապես ԱՄՆ Կոնգրեսին, որը նման նախաձեռնությամբ հանդես չի եկել։
- Վաշինգտոնի փաստաթղթի ստորագրումից հետո Ալիևի վարքագծում ու հռետորաբանության մեջ ոչինչ չփոխվեց։ Նա հենց Վաշինգտոնում լրագրողների հետ զրույցում կրկնեց իր պահանջները՝ սպառնալիքների հռետորաբանությամբ:
- Հայաստանի ղեկավարությունը մեր պահանջները պետք է ներկայացներ, այդ թվում՝ Բաքվի բանտերում գտնվող գերիների մասով, իսկ թե ինչո՞ւ չարվեց, չեմ կարող ասել։ Յուրաքանչյուր պետություն պիտի տեր կանգնի իր քաղաքացիներին։ Ցավոք սրտի, մենք ունենք այն, ինչ ունենք։
- Ես հիշում եմ՝ մենք ժամանակին ինչպես մասնակցեցինք Շանհայի համագործակցության կազմակերպությանը:
- Կարող եմ ասել՝ փաստացի գոյություն չունեցող ԱՄՆ Պետքարտուղարության նախաձեռնությանը՝ հակաչինական «Կրոնական ազատության միջազգային ալյանս» կոչվող ամերիկյան կազմակերպությանը Հայաստանի միանալը սխալ էր։ Նախ՝ դա մեռելածին երեխա էր։ Մենք այն ժամանակ չինացիներին հավաստիացրեցինք, որ որևէ հակաչինական փաստաթղթի տակ չենք ստորագրի։ Չինացիները մեզ հավատացին, ու այդպես էլ եղավ։ Կարող եմ ասել, որ նոր զարգացումների ներքո կրոնական ազատությունների ամերիկյան այդ կազմակերպության նշանակությունը նվազելու է։
Հիշեցնենք, այդ կազմակերպության հիմնադիրներից մեկը՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն, ինքն էր ներկայացնում դրա ոչ թե կրոնական, այլ հակաչինական բնույթը: Կազմակերպության հիմնադիր ժողովի ժամանակ Մայք Պոմպեոն շնորհալություն էր հայտնել բոլոր անդամ պետություններին, որ այդ պետությունները դիմադրել են Չինական ճնշումներին և անդամակցել են իրենց կողմից ստեղծված այդ կազմակերպությանը:
- Եվրամիությունն անում էր ամեն ինչ, որ մենք չօգտագործենք չինական փողը, ու հասան դրան։ Մյուս օրինակը Մետաքսի ճանապարհին մեր մասնակցությունն էր, որը տարիներ տևեց։ Հետո իմացա, որ «Ասիական զարգացման բանկն» էր ամեն ինչ անում, որպեսզի մենք չմասնակցենք այդ նախագծին։ Պետք է իմանանք, որ աշխարհում եթե մի տեղ կա չինական ներկայություն, դրա հակադարձումն անպայման լինելու է։ Իմ տեղեկություններով՝ ժամանակին Եվրամիության արտաքին քաղաքականության գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին ուղիղ ասել էր՝ չինական փող մի՛ օգտագործեք։
- Քաղաքային տրանսպորտում օգտագործում ենք չինական ավտոբուսներ, բավականին լավ որակի։ Եվ հանկարծ բերում, տենդերին ներկայացնում են եվրոպական բավականին թանկ МAN ավտոբուսներ։ Ինչո՞ւ, եթե դրանք որակապես այնքան էլ չեն տարբերվում չինական ավտոբուսներից, որ ավելի մատչելի են ու հարմար են մեր ճանապարհների համար։ Տենդերը հայտարարեցին ու բերեցին։
- Չինացիները շատ զուսպ են ու կոռեկտ, աշխատում են ավելորդ բառ չասել։ Բայց եթե որևէ բառ ասում են, անում են։ Ես կարծում եմ, պանթուրքական զարգացումները հաշվի առնելով, չինացիներն առնվազն մտահոգ են, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» հեռանկարով։ Բացի դրանից, այստեղ կա Իրանի հարցը։ Իսկ Իրանը Չինաստանի համար շատ կարևոր գործընկեր է։ Նա երբեք թույլ չի տա, որ Իրանի շահերը ոտնահարվեն։ Չմոռանանք, որ Չինաստանն Իրանի հետ 25 տարվա պայմանագիր է կնքել։
- Պակիստանի վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ բոլորը գիտեն՝ պրոադրբեջանական և պրոթուրքական։ Ես կարող եմ ենթադրել, որ եթե Հայաստանի իշխանությունը գնում է Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման, ուրեմն ենթադրաբար ինչ-որ բանակցություններ պիտի եղած լինեին, որոշակի հարցեր ճշտվեին։ Բայց այն, ինչ կատարվեց Չինաստանում, երբ Պակիստանն արգելափակեց Շանհայի համագործակցության կազմակերպությանը (ՇՀԿ) Հայաստանի անդամակցությունը, ցույց տվեց, որ ոչ մի բանակցություն էլ չի եղել։ Այդ դեպքում ես չեմ հասկանում՝ ինչ էր նշանակում Պակիստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Հնդկաստանը արգելափակեց Ադրբեջանի լիիրավ անդամակցության հայտը։ Ինչ-որ մեկը մեզ պետք է բլոկ աներ ՇՀԿ-ում, ամենահարմարը Պակիստանն էր, ուղղակի սարսափելին այն էր, որ դրանից մեկ օր առաջ Հայաստան-Պակիստան դիվանագիտական հարաբերություններ սկսելու մասին փաստաթուղթ էր ստորագրվել։
Հիշեցնենք, Հնդկաստանը Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ է 2017 թվականից։ Հնդկաստանի համար Պակիստանը գլխավոր թշնամիներից մեկն է: Նյու Դելիի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի ավագ վերլուծաբան Ամիտ Մալհոտրան հայտարարել էր.
«Հնդկաստանը չի կարող թույլ տալ Պակիստանին Ադրբեջանի միջոցով մուտք գործել Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսներ: Սա կստեղծի «Բաքու-Իսլամաբադ առանցք», որը կշրջանցի Հնդկաստանը և կամրապնդի Չինաստանը տարածաշրջանում»։
- Ակնհայտ է, որ մեզ Եվրոպայում ոչ ոք չի սպասում։ Այն, ինչ տեղի ունեցավ Չինաստանում, ցույց տվեց, որ մարդկությունը մտել է վերակառուցումների նոր փուլ։ Գլոբալ կառավարման առաջարկ առաջ քաշվեց։ Դա բազմաբևեռ աշխարհի կառուցման սկիզբն է։ Հիմա մենք ո՞ւր ենք գնում՝ Միացյալ Եվրոպա՞, որն աստիճանաբար կորցնում է իր սուբյեկտայնությունը։ Թե որտե՞ղ կտեղավորվենք միջազգային ասպարեզում, մեր որոշելիքն է։
- Այս տարածաշրջանում ամենավտանգավոր դերը կատարում է Մեծ Բրիտանիան: Անգամ 10-15 տարի առաջ, երբ մենք ականատես էինք լինում British Petrolium-ի հակահայկական հայտարարություններին, և երբ Բրիտանիայի դեսպանին կանչում էինք ԱԳՆ և ասում այդ մասին, պատասխանում էր՝ մասնավոր կազմակերպություն է, իր շահերն է պաշտպանում, ձե՞զ ինչ։ Հիմա երբ ասում են՝ Ադրբեջանը Թուրքիայի պրոքսի պետությունն է, ես խիստ կասկածում եմ, Ադրբեջանը Մեծ Բրիտանիայի պրոքսի պետությունն է։
- Մամուլում տեղեկություն տարածվեց, որ տապալվել է Ալիևի ելույթը Պեկինի համալսարանում, որտեղ չեն ցանկացել լսել ԽՍՀՄ-ն օկուպանտ անվանող անձին, ինչպես օրերս հայտարարել էր Ալիևը։ Եթե դա այդպես է, ապա Չինաստանում նման բան պատահականորեն չէր կարող լինել, և դա շատ լուրջ ահազանգ է։ Նկատի պետք է ունենալ, որ Չինաստանում նաև Ալիև-Պուտին հանդիպում չեղավ, ընդամենը շատ չոր բարևեցին միմյանց, ու վերջ։
Ըստ միջազգային մամուլի, Իլհամ Ալիևի այցը Չինաստան սկսվել է սկանդալով. Պեկինի համալսարանի ուսանողները հրաժարվել են լսել նրա ելույթը, մինչև Ալիևը հրապարակավ ներողություն չխնդրի Խորհրդային Միությանը զրպարտելու համար։
- Հիշենք, երբ Վրաստան-Ռուսաստան հարաբերություններում ինչ-որ շարժ եղավ, չինացիներն անմիջապես ասպարեզ եկան՝ մեծ նախագծերով։
- Մի երկու տարի առաջ Լիտվան Թայվանի ներկայացուցչություն բացեց, դրան հետևեց Չինաստանի արձագանքը, ու ամեն ինչ ավարտվեց նրանով, որ Չինաստանն իր մաքսային ռեեստրից հանեց Լիտվային։ Նման պետություն ուղղակի այլևս գոյություն չունի Չինաստանի համար, ու հիմա եթե Դուք ցանկանաք Չինաստանից Լիտվա ապրանք ուղարկել, չեք կարող։
- Մենք, գտնվելով վտանգավոր տարածաշրջանում, չենք կարող անտեսել կամ ոտնահարել տարածաշրջանի գլխավոր խաղացողների շահերը։ Ծանր հետևանքներ կարող են լինել, պետք է շատ զգույշ լինել։
- Խիստ կասկածում եմ, որ Ռուսաստանը կանտեսի այն փաստը, որ Սյունիքում հյուպատոսության բացումն ուշանում է։ Ես կարծում եմ՝ ամեն դեպքում հյուպատոսությունն ուշ թե շուտ կբացվի։ Ռուսաստանը Հարավային Կովկասից դուրս չի գա։
Մանրամասները՝ տեսանյութում։