Outsourcing-ով Հայաստանի ինքնիշխանության քանի՞ տոկոսն է մնալու. Ալիևը միայն մի դեպքում թուղթ կստորագրի՝ եթե Թրամփը զանգի. Բենիամին Պողոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ապրի Արմենիա» (APRI Armenia) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող, քաղաքական վերլուծաբան Բենիամին Պողոսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների կազմն ու բանակցությունների 5 ժամ տևողությունը հաշվի առնելով՝ սա հայ-ադրբեջանական առաջին հանդիպումն էր այս ֆորմատով։ Ներկայացված էին բոլոր այն մարդիկ, ովքեր այս կամ այն ձևաչափով մասնակցություն են ունեցել հայ-ադրբեջանական բանակցություններին՝ Ջեյհուն Բայրամով, Էլչին Ամիրբեկով, Շահին Մուստաֆաև, Հիքմեթ Հաջիև, Արարատ Միրզոյան, Ռուբեն Ռուբինյան, Մհեր Գրիգորյան, Արմեն Գրիգորյան և այլք։ Բոլոր այն մարդիկ, ովքեր դետալացված տիրապետում են տարբեր ուղղություններով բանակցություններին, հավաքված էին մի սենյակում:
  • Հայաստանում Թուրքիայի ազդեցության հաստատումն ու աճը պայմանավորված է Հարավային Կովկասում նրա ազդեցության աճով։ Բաց օղակը Հայաստանն էր, որ նա կարողանար Հարավային Կովկասում լիովին ներկայացված լինել։

Կարդացեք նաև

  • Թուրքիան կարող է սահմանը բացել նախ՝ 3-րդ երկրների համար, ապա՝ դեսպանության հարց լուծել, ոչ իհարկե, այստեղ նստավայրով։
  • Թուրքիայի փորձագիտական շրջանակներում կա անհամաձայնություն Էրդողանի այն տեսակետի վերաբերյալ, որ Հայաստանի հետ հարաբերությունները կարևոր են, բայց միայն Ալիևի համաձայնությամբ։ Բայց քանի որ Թուրքիայում կառավարման ձևը բրգաձև է, ոչ ոք չի ասի՝ Էրդողանը սխալ է։ 
  • «Զանգեզուրի միջանցք» արտապատվիրակման (outsourcing) նպատակով մասնավոր ընկերություն բերելու գաղափարը նոր չէ։ Այն կար, բայց այլ հարց է, թե ո՞ր մասնավոր ընկորությունն են ուզում բերել՝ ռուսակա՞ն, եվրոպակա՞ն, թե՞ ամերիկյան։ Պետք է նկատի ունենալ, որ այդ մասնավոր ընկերության տակ ինչ ասես, հնարավոր է անել, բայց եթե այդ կազմակերպությունը լինի ամերիկյան, դա նշանակում է, որ կլինի ամերիկյան ազդեցության աճ։ Հայաստանի իշխանությունը դեմ չէ, որ դա լինի նաև եվրոպական կազմակերպություն։ 
  • Հայաստանի իշխանությունը պատրաստ է ցանկացած լուծման, որն ինչ-որ կերպով հնարավորություն կտա նրանց ասել, թե Հայաստանի ինքնիշխանությունը պահպանված է։ Արտապատվիրակում ասվածը շատ դետալներ ունի։ Հարց է՝ այդ դեպքում Հայաստանի ինքնիշխանության քանի՞ տոկոսն է մնալու։ Հայաստանի քաղաքացիները կմանիպուլացվեն, ու նրանց որոշ մասը լուրջ դեմքով կասի, որ ինքնիշխանությունը պահպանված է։ 
  • Եթե «Զանգեզուրի միջանցքում» լինի ամերիկյան կազմակերպություն, դա դուր չի գալու Ռուսաստանին ու լարվածություն է ստեղծելու Իրանի հետ։ Հետևաբար՝ ես չեմ հասկանում՝ ինչո՞ւ պետք է թուրքերը կողմ լինեն ամերիկյան գաղափարին ու լարվածության նոր օջախ ստեղծեն Հարավային Կովկասում։ 
  • Դոնալդ Թրամփի համար Նոբելյան խաղաղության մրցանակ ստանալն իդեա ֆիքս է։ Նա անգամ սոցցանցում է գրել այդ մասին, բողոքել, որ իրեն այդ մրցանակը չեն տալիս․ սևեռվածություն ունի։ Նրան հասկացրել են, որ ուկրաինական պատերազմը դեռ երկար կտևի, իսկ հայ-ադրբեջանական թեմայի մեջ լուրջ կնճիռներ չկան․ տեքստերը համաձայնեցված են, ու քիչ արյունով նա կարող է ստանալ Նոբելյան այդ մրցանակը։ Իսկ թե դրանից հետո Սյունիքում հայ չի ապրի, դա նրան քիչ է հետաքրքրում կամ ընդհանրապես չի հետաքրքրում։
  • Այն, որ կա կարգավորման ամերիկյան առաջարկ, ես չեմ կասկածում։ Հակառակ դեպքում անհնար է, որ «Քարնեգիի» նման լուրջ հիմնադրամն այդ մասին ասեր։

Հիշեցնենք, որ Carnegie (Քարնեգի) հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը՝ հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետների, գրել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին: Ըստ այդ աղբյուրների՝ ամերիկյան առաջարկը նման է տարիներ առաջ Եվրամիության կողմից շրջանառված տարբերակին, որի հիմքում 2008-ի պատերազմից հետո Ռուսաստանի և Վրաստանի միջև համաձայնեցված ծրագիրն էր։ Դրանով կողմերը նախատեսում էին Աբխազիայի և Հարավային Օսիայի վիճելի շրջաններով անցնող երթուղիների կառավարումը հանձնել շվեյցարական մի անկախ ընկերության, որը պարտավորվելու էր հետո լոգիստիկ տվյալները փոխանցել շահագրգիռ բոլոր կողմերին։

Այս պայմաններում ներկայացված ամերիկյան առաջարկն ընդհանուր գծերով նման է եվրոպականին, որով նախատեսվում էր ճանապարհի կառավարումն արտապատվիրակել օտարերկրյա, մասնավոր ընկերության։ «Միաժամանակ, Վաշինգտոնի առաջարկը հիմնվում է ամերիկյան տրամաբանության վրա, ըստ որի՝ համաձայնագրի երաշխավորը պետք է լինի ամերիկյան բիզնեսը, ինչպես որ արդեն տեղի է ունեցել, օրինակ՝ Ուկրաինայում՝ հազվագյուտ մետաղների գործարքում»,- պնդում էր Օլեսյա Վարդանյանը, որն ավելի վաղ նաև ղարաբաղյան հակամարտությանը մանրակրկիտ հետևող Միջազգային ճգնաժամային խմբի ավագ վերլուծաբանն էր։

  • Որևէ մեկը, այդ թվում՝ «Քարնեգի» կենտրոնը, չի խոսում, որ այդ ամերիկյան մասնավոր ընկերությունը, որը գործելու է այդ «Զանգեզուրի միջանցքի» վրա, նույն սկզբունքներով գործի նաև Երևանից Նախիջևանով Մեղրի կամ Իրան գնացող ճանապարհի վրա։ Բայց Ադրբեջանն ուզում է, որ այդ կազմակերպությունը լինի միայն Հայաստանով Նախիջևան գնացող ճանապարհի վրա։ Դա փոխադարձելիության սկզբունքի խախտում է։ Բացի դրանից, չի պահպանվելու նաև այն սկզբունքը, որ նույն պայմանները գործեն նաև Հայաստանից Ադրբեջան ճանապարհին։ 
  • Միջազգային հարաբերություններում կա դեմքը փրկելու (face saving) հասկացությունը։ Հիմա այս միջազգային կազմակերպությունների ներգրավումը կամ արտապատվիրակումը կամ outsourcing-ը, ինչպես ուզում եք՝ անվանեք, դեմքը փրկելու միջոց է ընդամենը։
  • Նոյեմբերի 9-ի փաստաթղթում ճանապարհների ապաշրջափակման հարցը կար իհարկե, բայց կար նաև այն տրամաբանությունը, որ Հայաստանն էլ անխոչընդոտ անցում պիտի ունենա նաև դեպի Արցախ, ու այդ ճանապարհին ռուս խաղաղապահներից բացի՝ ոչ ոքի չպետք է տեսնի։ Հիմա, եթե Արցախ չկա, մենք գալիս ենք զրոյական կետի։ Հետևաբար՝ Հայաստանը հանգիստ կարող է այս փաստարկը դնել բանակցությունների հիմքում։ Բայց Ադրբեջանն ասում է՝ այո՛, չկա անխոչընդոտ անցում ու չկա Արցախ, բայց դա ինձ չի հետաքրքրում, Հայաստա՛ն, մենք Նախիջևանից Սյունիքով այնպես պետք է անցնենք, ինչպես դու Երևանից գնում ես Արտաշատ։ Սա ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում կամ տեղավորվում է հաղթողի տրամաբանության մեջ։
  • Ադրբեջանը, ի դեպ, ասում է՝ երեք տարում դուք 2 պատերազմ եք պարտվել՝ 2020թ․ սեպտեմբերի ու 2023թ․սեպտեմբերի պատերազմներում, թեպետ Հայաստանը 2023թ․պատերազմի մեջ չի եղել, որովհետև Նիկոլ Փաշինյանն այդ ժամանակ հայտարարեց, որ դա մեր պատերազմը չէ, ու մենք չենք խառնվելու։
  • Այս պահի դրությամբ Ադրբեջանը ոչ մի պատճառ չունի որևէ թուղթ ստորագրելու։ Քանի դեռ չկա Իլհամ Ալիևի վրա, այդ թվում՝ անձամբ իր տնտեսական կարողությունների դեմ ուժեղ ճնշում, նա որևէ թուղթ չի ստորագրելու։ Ռուսներն այս պահին չեն կարող ճնշել․այն վիճակում չեն։ Թրամփը տեսականորեն կարող է ասել՝ տնտեսական ակտիվներիդ վրա կալանք կդնեմ։
  • Չեմ բացառում, որ մեր կառավարության մեջ էլ կան մարդիկ, ովքեր կարծում են՝ պետք է սիրաշահել Էրդողանին, որ նա զսպի Ալիևին՝ չհարձակվել մեզ վրա։ Բանն այն է, սակայն, որ ես վստահ չեմ, որ Թուրքիա-Ադրբեջան հարաբերությունները հիմա տեղավորվում են մեծ եղբայր-կրտսեր եղբայր ձևաչափի մեջ։ Ալիևը բավականաչափ լծակներ ունի Թուրքիայի վրա ազդելու և անձամբ Էրդողանի համար խնդիրներ ստեղծելու համար։ Իսկ եթե խոսում ենք մեծ եղբոր մասին, հիմա Ադրբեջանն ունի մեկ այլ «մեծ եղբայր»՝ ի դեմս Իսրայելի։ Այնպես որ, Էրդողանին սիրաշահելու հաշվարկը սխալ է, ու այս կոնստրուկտը չի աշխատելու։

  • Խաղաղության պայմանագրի ստորագրումը կարճաժամկետ հեռանկարում Ադրբեջանին զրկելու է Հայաստանի նկատմամբ ուժի սպառնալիք կիրառելու հնարավորությունից, բայց ռազմական գործողությունների՝ էսկալացիայի սպառնալիքը միշտ կա ու լինելու է։ Հետևաբար, ինչո՞ւ Ալիևը պիտի հիմա պայմանագիր ստորագրի ու իրեն զրկի նոր էսկալացիայի հնարավորությունից։
  • Ինչ-որ մի բան ինձ հուշում է, որ Ադրբեջանը հույս ունի 100 տոկոսով ստանալ արտատարածքային միջանցք՝ առանց outsourcing-ի։ Հետևաբար, Ադրբեջանը մտածում է՝ ինչո՞ւ հիմա գնալ այդ փաստաթղթի ստորագրմանը, եթե, ասենք, 2 տարի հետո առանց որևէ ամերիկյան outsourcing-ի կարող է ստանալ այդ միջանցքը։ Փաստաթղթի ստորագրումը մի դեպքում կարող է լինել՝ եթե Թրամփը զանգի Ալիևին ու ասի՝ կա՛մ ստորագրում ես, կա՛մ քեզ համար վատ է լինելու։
  • Ադրբեջանն իրեն բավականաչափ հանգիստ է զգում Ռուսաստանի հետ կապված։ Հայաստանի իրավիճակն այլ է․ Ռուսաստանը դեռևս շատ ավելի մեծ լծակներ ունի Հայաստանի վրա, քան Ադրբեջանի։ Հայաստանի տնտեսական կայունությունն ուղիղ կապված է Ռուսաստանի հետ։ 
  • Իմ պատկերացմամբ, իշխանությունների մոտ երևի թե կա մտահոգություն, քանի որ բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ այս իշխանության վարկանիշն ընկնում է ու աճելու միտում էլ չկա, ցանկացած բան, որ կարող է թեկուզ տեսականորեն խնդիրներ ստեղծել 2026թ․ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, պետք է դեմն առնել։ Սամվել Կարապետյանի հետ կապված գործընթացներն այդ համատեքստում են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս