6 միլիոն դոլարանոց բանանի նոր ճակատագիրը. Հերթական անգամ այն գողացել են թանգարանից
Ֆրանսիայի արևելքում գտնվող Մեց քաղաքի Պոմպիդու-Մեց արվեստի կենտրոնը դատական հայց է ներկայացրել անհայտ անձանց դեմ՝ իտալացի կոնցեպտուալ նկարիչ Մաուրիցիո Կատելանի հանրահայտ «Կատակերգու» (Comedian) արվեստի գործի մի մասը կազմող բանանի գողության համար։ Այս մասին գրում է CNN-ը։
Թանգարանի տարածած հայտարարության համաձայն՝ գողության փաստը շաբաթ օրը հայտնաբերել է անվտանգության աշխատակիցը։ Միջադեպից հետո պատկերասրահը դիմել է իրավապահ մարմիններին՝ պաշտոնապես բողոք ներկայացնելով անհայտ անձանց դեմ։
Թանգարանի ղեկավարությունը նշել է, որ գողությունը խաթարել է ցուցանմուշների նկատմամբ հարգանքը և ժամանակավորապես զրկել այցելուներին ցուցահանդեսի ամբողջ հմայքից։ Միևնույն ժամանակ կենտրոնը շեշտել է, որ արվեստի գործի «փչացող բաղադրիչը»՝ բանանը, արագ փոխարինվել է, և ցուցադրությունը վերականգնվել է իր նախնական տեսքով։
Սակայն սա առաջին դեպքը չէ, երբ «Կատակերգու» արվեստի գործը հայտնվում է ուշադրության կենտրոնում։ Պատին կպցված սովորական բանանից բաղկացած ստեղծագործությունը տարիներ շարունակ դարձել է բազմաթիվ աղմկահարույց միջադեպերի առիթ։
2019 թվականին ԱՄՆ-ում անցկացվող Art Basel Miami արվեստի տոնավաճառում պերֆորմանսիստ Դեյվիդ Դատունան հարյուրավոր այցելուների աչքի առաջ հանեց բանանը պատից և կերավ այն։ Նման դեպք գրանցվեց նաև 2023 թվականին Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում, երբ ուսանողներից մեկը վերցրեց ցուցադրված բանանն ու կերավ այն։
2024 թվականի նոյեմբերին «Կատակերգու» ստեղծագործությունը աճուրդում 6,24 միլիոն դոլարով ձեռք բերեց չինացի գործարար և կրիպտոարժույթների ոլորտի հայտնի դեմքերից Ջասթին Սանը։ Գործարքից հետո նա նույնպես հանրային կերպով կերավ արվեստի գործի մաս կազմող բանանը՝ շարունակելով ստեղծագործության շուրջ ձևավորված ավանդույթը։
Ավելին, 2025 թվականի հուլիսին ևս մեկ այցելու Պոմպիդու-Մեց կենտրոնում կերավ ցուցադրված բանանը, սակայն այդ միջադեպը թանգարանի կողմից ներկայացվեց որպես արվեստի գործի գաղափարի հետ համահունչ գործողություն։
Մաուրիցիո Կատելանի «Կատակերգուն» համարվում է ժամանակակից կոնցեպտուալ արվեստի ամենաքննարկվող ստեղծագործություններից մեկը։ Ըստ արվեստագետի և ցուցահանդեսի կազմակերպիչների՝ այն նախատեսված է ցուցադրելու ֆինանսական սպեկուլյացիաների անհեթեթությունն ու արվեստի շուկայի արժեքային համակարգերի փխրունությունը։
Կատելանը հայտնի է սուր երգիծական և սադրիչ ստեղծագործություններով, որոնք հաճախ բուռն քննարկումներ են առաջացնում արվեստի բնույթի և արժեքի վերաբերյալ։ Նրա ամենահայտնի աշխատանքներից է նաև «Ամերիկա» անվանումը կրող 18 կարատանոց ոսկուց պատրաստված զուգարանակոնքը, որի արժեքը գնահատվում էր շուրջ 6 միլիոն դոլար։ Այն 2016 թվականին ցուցադրվել էր Նյու Յորքի Գուգենհայմ թանգարանում և հասանելի էր այցելուների օգտագործման համար։



