
Ինչո՞ւ ՀՀ իշխանությունները Մակրոնի, Էրդողանի, Ալիևի գնահատականները չեն որակում՝ որպես միջամտություն ՀՀ ներքին գործերին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների խորհրդի (ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհուրդ) նիստից հետո Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները ՀՀ ներքին գործն է համարել՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով Հայ Առաքելական եկեղեցու դեմ «հարձակումների» առնչությամբ՝ դրանք որակելով «չարդարացված» և «առանց լուրջ հիմնավորումների»:
Մի քանի օր առաջ էլ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էր
ռուսաստանցի լրագրող Պավել Զարուբինի հետ զրույցում ասել, որ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված վերջին իրադարձությունները ՀՀ ներքին գործն են, թեպետ հետևում են զարգացումներին:
Բայց ՀՀ իշխանություններին վրդովվեցրել է ՌԴ արտգործնախարարի ձևակերպումը՝ «Հայ Առաքելական եկեղեցու դեմ չարդարացված հարձակումներ են», ինչը գնահատվել է՝ որպես Ռուսաստանի կողմից միջամտություն կամ միջամտության փորձ ՀՀ ներքին գործերին: Մասնավորապես, նման պնդում այսօր արել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք, որ երբ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո ընդդիմությունը Նիկոլ Փաշինյանին դավաճան էր համարում, ՌԴ նախագահ Պուտինն անդրադառնալով այդ մեղադրանքներին, հայտարարել էր՝ «он не предатель», չնայած նրան, որ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը չէր ընդունել պատերազմը կանգնեցնելու պուտինյան առաջարկը:
Իհարկե, այս համատեքստում պետք է ընդգծել, որ ՌԴ արտաքին գործերի նախարարին պետք է մտահոգեր և մտահոգի նաև օկուպացված Արցախում հայկական եկեղեցիների՝ Բաքվի կողմից ոչնչացվելու և հայկական հետքը վերացնելու փաստերը: Ինչևէ։
Իսկ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովից առաջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է X-ի իր միկրոբլոգում գրել հետևյալը.
«Ես նրան փոխանցել եմ Ֆրանսիայի համերաշխությունը՝ ընդդեմ հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի»: Նշենք, որ հունիսի 29-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Փաշինյանի և Մակրոնի միջև:
Իսկ ՀՀ իշխանությունը Մակրոնի «համերաշխությունը՝ ընդդեմ հայկական ժողովրդավարությունը ապակայունացնելու փորձերի» ձևակերպումը չի համարում միջամտություն ՀՀ ներքին գործերին, այն դեպքում, երբ այստեղ էլ քաղաքական գնահատական կա՝ հանուն Հայ Առաքելական եկեղեցու պայքարը որակվում է՝ որպես ժողովրդավարությունն ապակայունացնող փորձ:
Բնականաբար, սա Նիկոլ Փաշինյանը չի նկատի, քանի որ ուղղված է իր ընդդիմախոսներին, իսկ Մակրոնն էլ երևի մոռացել է, որ իրենց ժողովրդավար Նիկոլ Փաշինյանի հրահանգով տևական ժամանակ արգելվել էր ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան:
Նիկոլ Փաշինյանի աշխատակազմն ավելի ուշ պարզաբանել էր, թե ինչ հիմքով է արգելվել Փափազյանի մուտքը Հայաստան․ «Տվյալ անձը հանդիսանում է նախորդ տարվա հունիսի 1-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպանության մոտ վարչապետի գլխավորած կառավարական պատվիրակության՝ ՀՀ պետական դրոշակիր ավտոշարասյան դեմ հարձակում կազմակերպած անձանցից մեկը։ Ոչ միայն նշված անձի, այլև հարձակման ակտիվ մասնակիցների մուտքը ՀՀ արգելվել է»։
Չենք կարծում, որ Մակրոնը սա ողջունել է, բայց հիմա հայտնի չէ՝ քաղաքական ի՞նչ հաշվարկներից ելնելով է Ֆրանսիայի նախագահը որոշել է պաշտպանել Փաշինյանին՝ դրանով իսկ խրախուսելով ՀՀ գործող իշխանությունների ոչ ժողովրդավար քաղաքականությունը, թեպետ իր երկրի ներսում հենց ինքը ներքաղաքական բավարար խնդիրներ ունի:
Այս համատեքստում հիշեցնենք, որ 168.am-ը գրել է Փաշինյանի ֆրանսիական կայացած և Մակրոնի չկայացած այցերի մասին:
Ավելին, մենք նաև «44-օրյա պատերազմից առաջ ՊՆ-ում ի՞նչ են զգուշացրել ֆրանսիական կողմին, ի՞նչ է ասվել պատերազմի օրերին, կամ՝ Ֆրանսիայի ուշացած ռազմական օգնությունը» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որտեղ ուշադրություն էինք հրավիրել մի շարք կարևոր հարցերի վրա:
Իսկ ՀՀ ներքին գործերին, ինչպես հայտնի է՝ միջամտել է նաև Թուրքիան՝ ի դեմս նախագահ Էրդողանի, երբ 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերը պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
«Մենք դեմ ենք ցանկացած հեղաշրջման։ Երբ բանակը խառնվում է քաղաքականությանը, դա անընդունելի է։ Եթե պետք է փոխել կառավարությանը, ապա դա պետք է անի հայ ժողովուրդը, այդ գործը պետք է թողնել նրան։ Հայ ժողովուրդը հոգնել է այս իշխանությունից»,- 2021թ. փետրվարի 26-ին հայտարարել էր Էրդողանը։
Եվ դեռ հայտնի չէ՝ արդյո՞ք հստակ սպառնալիքներ եղել են Թուրքիայից այդ օրերին՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի:
Իսկ Բագրատ Սրբազանի գլխավորած շարժման և դրա համատեքստում զարգացումների ֆոնին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասել էր, որ Հայաստանն ավելի մոտ կլինի Ադրբեջանի հետ խաղաղությանը, եթե «ազատվի արտաքին ուժերից և սփյուռքից կախվածությունից»։
Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչն էլ 2024 թվականի գարնանը հայտարարել էր, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի հենց Նիկոլ Փաշինյանի շուրջ.
«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը տեսնում և ընդունում է այսօրվա իրականությունը, ցույց է տալիս, որ ինքը հայ ժողովրդի ապագայի մասին մտածող առաջնորդ է և չի ցանկանում խնդիրները թողնել ապագա սերունդներին:
Փաշինյանը հասկացել է, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը հիմնված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վրա: Նա գիտակցում է, որ խաղաղության հասնելու դեպքում հայ ժողովուրդը կշահի տարածաշրջանի հարստություններից և կբարգավաճի։
Ակնկալում ենք, որ այս գործընթացը շուտով կավարտվի։ Խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը և կծառայի տարածաշրջանի ժողովուրդների բարեկամությանը։ Կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի Փաշինյանի շուրջ և սատարի նրան՝ այսպիսով այսօրվանից նախապատրաստելով իր ապագան»,- ասել էր թուրք դիվանագետը, որի խոսքը մեջբերել էր «Ենի Մուսավաթ» հրատարակությունը:
ՀՀ ներքին գործերին մշտապես փորձում է միջամտել նաև Ադրբեջանի նախագահը, երբ հրահանգում է Փաշինյանին լուծել «ռևանշիստների» հարցերը, փոխել ՀՀ սահմանադրությունը, ավելին՝ սահմանափակումներ մտցնել Հայաստանի զինված ուժերի նկատմամբ և ՀՀ բանակաշինության, ռազմական քաղաքականության մեջ, չեղարկել սպառազինության գնման պայմանագրերը, գնված զենքն էլ վերադարձնել:
Մինչդեռ ինքը՝ Փաշինյանը, այդպես էլ չցանկացավ գաղտնազերծել իր ձեռքի տակ ունեցած կոնֆիդենցիալ տեղեկությունները և խառնել Ադրբեջանի ներքաղաքական կյանքը՝ անգամ որպես համարժեք պատասխան:
Եվ այս բացահայտ միջամտություններից հետո, թե ինչո՞ւ ՀՀ իշխանությունները Մակրոնի, Էրդողանի, Ալիևի գնահատականները չեն որակում նույնկերպ, ինչ Ռուսաստանի դեպքում՝ կարծում ենք, ակնհայտ է:
Իսկ իրականում ոչ մի երկիր ոչ մի նպատակով իրավունք չունի միջամտելու ՀՀ ներքին գործերին՝ անգամ խաղաղության օրակարգի քողի ներքո, աշխարհաքաղաքական սեփական շահերից ելնելով, և այլն: