Հայ ժողովուրդը պետք է համախմբվի Փաշինյանի շուրջ և սատարի նրան՝ այսօրվանից նախապատրաստելով իր ապագան. Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան

Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը գովել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

«Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը տեսնում և ընդունում է այսօրվա իրականությունը, ցույց է տալիս, որ ինքը հայ ժողովրդի ապագայի մասին մտածող առաջնորդ է և չի ցանկանում խնդիրները թողնել ապագա սերունդներին», – ասել է թուրք դիվանագետը, որի խոսքը մեջբերում է «Ենի Մուսավաթ» հրատարակությունը:

Ըստ Քըլըչի՝ Փաշինյանը տեսել է, որ պատմական հայկական հողերի գաղափարը «սխալ է» (չակերտները՝ Tert.am) և ընդունել է «իրականությունը» (չակերտները՝ Tert.am)։

«Փաշինյանը հասկացել է, որ Ադրբեջանի հետ խաղաղությունը հիմնված է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման վրա: Նա գիտակցում է, որ խաղաղության հասնելու դեպքում հայ ժողովուրդը կշահի տարածաշրջանի հարստություններից և կբարգավաճի։

Ակնկալում ենք, որ այս գործընթացը շուտով կավարտվի։ Խաղաղության և հարաբերությունների կարգավորման գործընթացը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը և կծառայի տարածաշրջանի ժողովուրդների բարեկամությանը։ Կարծում եմ, որ հայ ժողովուրդը պետք է համախմբվի Փաշինյանի շուրջ և սատարի նրան՝ այսպիսով այսօրվանից նախապատրաստելով իր ապագան»,- նշել է Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպանը։

Տեսանյութեր

Լրահոս