Արտադրողների կրած վնասները Պապոյանին վնաս չեն

Հայկական ապրանքների մատակարարումներն արտաքին շուկաներ պարբերաբար խնդիրների են բախվում։ Կրկին փաստի առաջ են կոնյակ և գինի արտադրողները։ Սակայն այս անգամ խնդիրները կապված են ոչ այնքան արտաքին շուկաների, որքան Վրաստանով տարանցման հետ։ Արհեստական խոչընդոտներ են ստեղծում բեռնափոխադրումների համար, անհարկի ստուգումներ, մաքսային վերահսկողություն են իրականացնում։

Ու մինչ այդ խնդիրների հետևանքով արտադրողներն ամեն օրվա հետ հսկայական վնասներ են կրում, կանգնած են շուկաները կորցնելու վտանգի առաջ, կառավարությունում չեն էլ շտապում հրատապ քայլեր ձեռնարկել։ Օրեր անց միայն էկոնոմիկայի նախարարը կբարեհաճի այցելել Վրաստան՝ հասկանալու համար ստեղծված իրավիճակի պատճառները։ Ու դեռ հարց է, թե հասկանալուց  հետո էլ որքանո՞վ լուծումներ կգտնվեն։

Փաստն այն է, որ օգտվելով տարանցիկ երկիր լինելու իր առավելություններից, Վրաստանում արհեստական խոչընդոտներ են ստեղծվում հայկական ապրանքների արտահանման ճանապարհին։

Իրական պատճառների մասին, իհարկե, խուսափում են կոնկրետ խոսել, բայց անկախ նրանից, թե ինչի հետ են դրանք կապված՝ մեծապես վնասում են Հայաստանի տնտեսությանն ու հայկական արտադրողներին։

Կարդացեք նաև

Արտադրողները լուծումների են սպասում, իսկ դրանք առայժմ չեն երևում, չնայած թվում է, թե գործ ունենք խնդիրների հետ, որոնք չեն տեղավորվում՝ ինչպես տրամաբանության, այնպես էլ՝ գործող կարգավորումների մեջ։

Երբ առիթ է լինում, իշխանություններն ամպագոռգոռ ճառեր են ասում հայ-վրացական բարձր մակարդակի երբևէ չեղած հարաբերությունների ու համագործակցության մասին։ Բայց անգամ անհարկի թվացող խնդիրներն ի վիճակ չեն լուծել։ Վրաստանը հայկական այս ապրանքների համար ոչ թե իրացման, այլ ընդամենը տարանցման երկիր է։ Ուստի, նման խնդիրներ չպետք է լինեին, բայց կան։

Ու մինչ այդ խնդիրներն առաջացել են, իսկ լուծումներն ուշանում են, հայկական արտադրողները վնասներ են կրում՝ կանգնելով այլ ու հատկապես ռուսական շուկայում իրացման հնարավորությունները կորցնելու վտանգի առաջ։

Հայտնի է, որ հայկական կոնյակի արտահանման գրեթե 90-95 տոկոսը բաժին է ընկնում հենց ռուսական շուկային։ Եվ եթե այդ խնդիրները շարունակեն պահպանվել, հետևանքները դժվար չէ պատկերացնել։

Մատակարարումների հետ կապված ցանկացած խոչընդոտ թուլացնում է հայկական ապրանքների դիրքերն արտաքին շուկաներում։ Բայց ֆինանսական կորուստները դեռ մի կողմ, առավել կարևոր են շուկան կորցնելու վտանգները։ Մատակարարումների հետ կապված խոչընդոտների հետևանքով, շատ արագ դրանց տեղը կարող են զբաղեցնել մրցակիցները՝ դուրս մղելով հայկական ապրանքները։

Սա զուտ տնտեսվարողների խնդիրը չէ՝ հաշվի առնելով դրա կարևորությունը։ Նման խնդիրները պետական մակարդակով լուծում են պահանջում, որը, սակայն, Հայաստանի իշխանությունների անկարողության պատճառով՝ սովորաբար չեն հանգուցալուծվում ի շահ հայ արտադրողների ու արտահանողների։ Գրեթե միշտ նրանք տուժող են դուրս գալիս այսպիսի իրավիճակներից՝ ինչը նոր բարդություններ է ստեղծում հայկական ապրանքների մատակարարումների ու իրացման համար, առավել ևս՝ ռուսական շուկայում, որի կարևորությունը Հայաստանի տնտեսության ու արտադրողների համար միշտ էլ առաջնային է եղել։

Այն հայտարարությունները, թե վերջին տարիներին դիվերսիֆիկացրել են հայկական ապրանքների արտահանումը, նոր շուկաներ են «նվաճել», միֆ են։ Երբ արտահանումից հանում ենք թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերը, թանկարժեք մետաղները, ստացվում է, որ Հայաստանից արտահանման գրեթե 60 տոկոսը բաժին է ընկնում ռուսական շուկային։ Մյուս բոլոր երկրների բաժինը կազմում է ընդամենը 40 տոկոսը՝ մեկ ու կես անգամ ավելի քիչ, քան միայն ռուսական շուկայի բաժինն է։

Առանց թանկարժեք քարերի ու մետաղների, այս տարվա առաջին 3 ամիսներին Հայաստանից արտահանվել է 1.168 մլն դոլարի ապրանք, որից 698 միլիոնը գնացել է ռուսական շուկա։

Ռուսական շուկայից հայկական արտահանման կախվածությունը վերջին տարիներին ոչ միայն չի նվազել, այլև մեծապես ավելացել է։ Տարիներ առաջ այն անհամեմատ ավելի փոքր էր։ Օրինակ՝ 2021թ., երբ հեղափոխականների իշխանությունը դեռևս չէր հասցրել «դիվերսիֆիկացնել» արտահանումն ու հայտարարել Եվրամիությանն անդամակցելու ձգտումների, եվրոպական շուկաները «նվաճելու» մասին, Հայաստանի արտահանման մեջ ռուսական շուկայի բաժինը, առանց թանկարժեք քարերի ու մետաղների, նույնիսկ 29 տոկոսից ցածր էր։ Այս տարի հասել է գրեթե 60 տոկոսի, կամ կշիռն առնվազն կրկնակի ավելացել է՝ մեծացնելով հայկական արտահանման կախվածությունը ռուսական շուկայից։

Վատ է, որ հայկական արտահանումն այսպիսի միակողմանի կախվածության մեջ է ռուսական շուկայից։ Բայց դա այն է, ինչին վերջին տարիներին հասել են իշխանությունները՝ իրենց իրականացրած խոր ու համապարփակ «դիվերսիֆիկացիայի» արդյունքում։

Դեռ անցած տարի հայտարարում էին, թե փոխվել է Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը՝ ի դեմս Արաբական Միացյալ Էմիրությունների։ Այս տարի, երբ անմշակ կամ կիսամշակ ոսկու վերաարտահանումները, ինչպես և սպասվում էր, սահմանափակվեցին, տեսնում ենք, թե ինչ է կատարվում ԱՄԷ իրականացվող արտահանումների հետ։

Տարեսկզբի առաջին 3 ամիսներին դրանք 500 տոկոսով կրճատվել են։ Նախորդ տարվա գրեթե 2.1 մլրդ դոլարից՝ իջել-հասել են 420 միլիոնի. 5 անգամ ավելի քիչ։ Եղած էլ հիմնականում թանկարժեք քարերն են ու մետաղները։

Այնինչ, ռուսական շուկայում իրացվում է հայկական արտադրության գրեթե ամբողջ տեսականին՝ սկսած սննդամթերքից, խմիչքներից  ու գյուղատնտեսական այլ ապրանքներից, վերջացրած ոչ պարենային ու տեխնիկական ապրանքներով։

Այնպես չէ, որ հայկական արտադրողներին ու արտահանողներին միայն ռուսական շուկան է գրավում։ Պարզապես այլ շուկաներ մտնելու նրանց հնարավորություններն անհամեմատ փոքր են, որակական ու գնային խնդիրները թույլ չեն տալիս տեղավորվել առավել մրցունակ շուկաներում։ Դրա համար էլ հիմնական հույսը մնացել է ռուսական շուկան։

Ու երբ այստեղ մատակարարումների կամ իրացումների շղթան խաթարվում է՝ տնտեսության մեջ լարվածությունը միանգամից մեծանում է։ Իսկ իշխանությունները շատ հաճախ պասիվ դիտորդի դերում հետևում են, թե իրենց անգործության ու անկարողության պատճառով ինչպես են տուժում տնտեսվարողները, որոնց մասին միայն հարկերը վճարելուց են պարտաճանաչ հիշում։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս